Միջազգային

Ասադը Քաղաքական Ապաստան Է Ստացել, Իսկ Սիրիա՞ն

Ոչ ոք Սիրիայի նախկին բռնապետի դեմ քրեական հետապնդում չի սկսի: Նրանից կմնա հիշողություն, որ քսանչորս տարի երկիր է կառավարել, բայց այդպես էլ չի կարողացել ոչ նրա միասնականությունը պահել, ոչ տնտեսությունը զարգացնել, ոչ անգամ ստեղծել մարտունակ կանոնավոր բանակ:

Վահրամ Աթանեսյան

Վլադիմիր Պուտինը Մոսկվայում մարդասիրական նկատառումներից ելնելով քաղաքական ապաստան ստացած Բաշար ալ-Ասադի հետ «հանդիպման ծրագիր չունի»: Այդ մասին մամուլին հայտնել է Կրեմլի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա հրաժարվել է Ասադի Մոսկվա տեղափոխվելու վերաբերյալ որեւէ մանրամասնություններ ներկայացնել: Միջազգային մամուլը, սակայն, տեղեկություն է տարածել, որ Ասադի անձնական ինքնաթիռը նախ Դամասկոսից թռել է Լաթաքիա, ապա՝ ուղղություն վերցրել դեպի Մոսկվա: Թռիչքից մի քանի րոպե անց ինքնաթիռն անջատել է տեղորոշիչ սարքերը, որ կրկին միացել են արդեն Մոսկվայի օդանավակայաններից մեկում վայրէջքից մի քանի րոպե առաջ: Ասադի ինքնաթիռի համար, ենթադրաբար, օդային միջանցք ապահովել է Թուրքիան:

Ասադի հետագա ճակատագիրը, կարծես, կանխորոշված է, նա կապրի Մոսկվայում, որտեղ մոտ երկու տասնյակ բնակարան եւ առանձնատներ ունի: Նրա ավագ որդին Մոսկվայի համալսարանի շրջանավարտ է, վերջերս թեկնածուական ատենախոսություն է պաշտպանել: Ոչ ոք Սիրիայի նախկին բռնապետի դեմ քրեական հետապնդում չի սկսի: Նրանից կմնա հիշողություն, որ քսանչորս տարի երկիր է կառավարել, բայց այդպես էլ չի կարողացել ոչ նրա միասնականությունը պահել, ոչ տնտեսությունը զարգացնել, ոչ անգամ ստեղծել մարտունակ կանոնավոր բանակ:

Հալեպը, Հոմսը, Համան, Դամասկոսը ոչ թե գրավվել են «ապստամբական ուժերի» կողմից, ինչպես փորձում են ներկայացնել, այլ սիրիական բանակի կողմից հանձնվել են: Դիմադրություն ցույց չի տվել նույնիսկ Մահեր Ասադի՝ Բաշարի հարազատ եղբոր, հրամանատարության ենթակա դիվիզիան, որ էլիտար զորամիավորման համարում ուներ:

Ըստ տեղեկությունների՝ վերջին չորս ամիսներին պաշտպանության նախարարության եւ բանակի սպաները, պայմանագրային զինծառայողները ռոճիկ չեն ստացել:
Քաղաքական առումով Բաշար Ասադի մեծագույն սխալ է համարվում այն, որ ապավինել է Ռուսաստանի, Իրանի եւ «Հեզբոլլայի» ու Իրաքի շիադավան զինված խմբավորումների աջակցությանը: Տեսակետ կա, որ եթե նա անցյալ տարի ընդառաջեր Թուրքիայի նախագահին եւ բանակցություններ սկսեր, ապա իրավիճակը բոլորովին այլ կլիներ:

Իսկ ո՞վ է երաշխավորում, որ ոչ թե Ասադն է հրաժարվել Էրդողանի հետ բանակցություններից, այլ ոչ թե Թուրքիայի նախագահն է հրապարակային գաղափար հնչեցրել, իսկ փաստացի ամեն ինչ արել, որ Անկարա-Դամասկոս համաձայնության հիմքեր չստեղծվել: Շատ հավանական է, որ Ասադին խանգարել են, խոչընդոտել նրա եւ Թուրքիայի նախագահի հարաբերություններին:
Թուրքական մամուլի որոշ հրապարակումներից դատելով՝ Անկարայի պատկերացրածը պետք է այլ սցենար ունենար: Թուրքական հետախուզությունը, կարծես, համոզված է եղել, որ Ռուսաստանը եւ Իրանը Սիրիային ռազմական օգնություն կցուցաբերեն, «ապստամբական ուժերը», հայտնվելով ծանր կացության մեջ, կդիմեն Էրդողանին, եւ Անկարան Սիրիայի տարածք մեծաքանակ զորք մտցնելու առիթ եւ հնարավորություն կունենա:

Ամեն ինչ տեղի է ունեցել շատ արագ եւ գրեթե անարյուն: Ըստ տեղեկությունների՝ մարտական բախումների հետեւանքով երկու կողմերից զոհերի թիվը երկու-երեք հարյուրից չի անցնում: Թուրքիան զրկվել է Սիրիայի տարածք օրինական ճանապարհով զորքեր մտցնելու, երկրի ամբողջ հյուսիսը եւ հյուս-արեւելքն օկուպացնելու հնարավորությունից: Փոխարենը Սիրիայի տարածքում ամրապնդվում է Իսրայելը:

Ի՞նչ որոշում կընդունի Էրդողանը: Վերջին մի քանի օրերին հայաստանյան շատ փորձագետներ եւ քաղաքական շրջանակներ գերագնահատում են Թուրքիայի հնարավորությունները: Ոմանք նույնիսկ կանխատեսում են, որ «հաջորդը մենք ենք զոհ գնալու»: Զուգահեռներ են տարվում ԼՂՀ լուծարման եւ Բաշար ալ-Ասադի բռնապետության անկման միջեւ: Թուրքիայի համար չափազանց անսպասելի է Սիրիայից հեռանալու Իրանի որոշումը: Սիրիայում լայնածավալ ռազմական բախումների մեկ հավանականություն կա՝ եթե «ապստամբական ուժերը» փորձեն գրավել քրդական փաստացի ինքնավարության տարածքը, որտեղ ներկայումս գերակա է ԱՄՆ ռազմական ներկայության գործոնը: Այդ պատճառով է Էրդողանն ասում, որ Թուրքիայի համար առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *