Արցախ

Ստեփանակերտի «Սփյուռքացում»ը


Մաս 7

Արայիկ Հարությունյանը մոտենում է հավաքված մարդկանց եւ ասում, որ իրավիճակը հաղթահարելի է, պետք է գործեն ճանապարհները, այդ թվում՝ Աղդամ-Ստեփանակերտ երթուղին, ինչին մի քանի ակնհայտորեն կանխատրամադրված տղամարդիկ արձագանքում են բուռն դժգոհությամբ, որից հետո ԼՂ նախագահը պաշտոնին անհարիր էմոցիոնալությամբ ընդհատում է խոսակցությունը եւ հեռանում:

Վահրամ Աթանեսյան

Դավիթ Իշխանյանը Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ ընտրվեց մի փուլում, երբ մամուլը, փորձագիտական շրջանակները, հղելով անանուն աղբյուրների, տեղեկություն էին տարածվում, որ «եվրոպական մի երկրում միջնորդների մասնակցության նախապատրաստվում է Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների հանդիպում»: Այդ համապատկերին, սակայն, Ռուսաստանի ՌԻԱ-Նովոստի պետական գործակալությունը 2023-ի հունվարին ԼՂ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի մասին չափազանց կոշտ ձեւակերպումներով գնահատական հնչեցրեց:
Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ սերտ համագործակցություն ունեցող լրատվամիջոցն ի դեմս Ղազարյանի Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարությանը գրեթե բաց տեքստով մեղադրեց «գետնի վրա իրավիճակը հսկող» ուժերի թիկունքում արեւմտյան շրջանակների հետ «սեպարատ բանակցություններ վարելու» մեջ: Բաքուն զուգահեռաբար հայտարարեց, որ ԼՂ հայ բնակչության ներկայացուցիչների հետ քննարկելու ոչինչ չունի, հրապարակված է «ռեինտեգրացիայի ծրագիրը, եւ նրանք կարող են ընտրություն կատարել»:
Ծայրահեղ սրված իրավիճակին հավելյալ ինտրիգ հաղորդեց Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ քարոզչական քայլը. «Կարմիր մահիկ» կազմակերպության միջոցով Բաքվից Աղդամ, այնուհետեւ Ասկերանի մատույցներ հասցվեց երկու բեռնամեքենա, որ բարձված էին, ինչպես ադրբեջանական կողմն էր հավաստիացնում, ալյուրով: «Արցախի դիմադրության եւ զարգացման ճակատի» նախաձեռնությամբ մի խումբ ասկերանցիներ բետոնասալիկներով արգելափակեցին ճանապարհը եւ հայտարարեցին, որ չեն ընդունում «մարդասիրական օգնությունը» եւ պահանջում են, որ Ադրբեջանը կատարի Հաագայի դատարանի որոշումը եւ բացի Լաչինի միջանցքը:
Օգոստոսի 30-ին Փարիզի քաղաքապետ Իդալգոն Երեւանից մեկնեց Գորիս, ապա՝ Կոռնիձոր: «Եկել ենք մեր աչքով տեսնելու, թե ինչ իրավիճակ է»,- լրագրողներին ասաց նա: Իդալգոյին ուղեկցում էին Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը: Այդ պահին Լաչինի միջանցքը հատելու եւ Ստեփանակերտ մարդասիրական օգնություն հասցնելու թույլտվության էին սպասում հարյուրավոր բեռնատարներ, այդ թվում տասը՝ ֆրանսիական:
Փարիզի քաղաքապետի Կոռնիձոր այցն, իհարկե, գործնական ոչ մի նշանակություն չունեցավ: Նույն օրը, ըստ իրազեկ աղբյուրների, Արցախի Ազգային ժողովում կազմակերպված քննարկումների արդյունքում նախնական ընդհանուր եզրակացություն է ձեւավորվել, որ Ստեփանակերտը պատրաստ է միաժամանակյա օգնություն ստանալ թե Գորսի-Ստեփանակերտ, թե Աղդամ-Ստեփանակերտ երթուղով: Սոցիալական ցանցերում պահպանվել է ոչ պրոֆեսիոնալ, օգտատիրոջ կողմից արված տեսագրություն: Դուրս գալով ԱԺ նստավայրից, Արայիկ Հարությունյանը մոտենում է հավաքված մարդկանց եւ ասում, որ իրավիճակը հաղթահարելի է, պետք է գործեն ճանապարհները, այդ թվում՝ Աղդամ-Ստեփանակերտ երթուղին, ինչին մի քանի ակնհայտորեն կանխատրամադրված տղամարդիկ արձագանքում են բուռն դժգոհությամբ, որից հետո ԼՂ նախագահը պաշտոնին անհարիր էմոցիոնալությամբ ընդհատում է խոսակցությունը եւ հեռանում: Հաջորդ օրը ԼՂ մի քանի բարձրաստիճան պաշտոնյա մեկնում է Ասկերան, որպեսզի մարդկանց համոզի, որ բետոնասալիկները ճանապարհից հեռացնեն, որպեսզի ռուսական զորախմբի բեռնատարներն անցնեն ադրբեջանական կողմ, բեռնաթափեն եւ Ստեփանակերտ հասցնեն քառասուն տոննա ալյուրը:
Այցելուները, որոնց քաղաքական համախոհներն էին ճանապարհը փակած ասկերանցի «ակտիվիստները», թերեւս, համոզված էին, որ առաքելությունը ձախողման է դատապարտված կամ հենց իրենք էլ նախօրոք համապատասխան ցուցումները տվել էին: Նրանց, ամենայն հավանականությամբ, պետք էր «արտակարգ մի առիթ»: Այս ենթադրության օգտին է խոսում նույն օրվա կեսգիշերին «Արցախի դիմադրության եւ զարգացման ճակատի» ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածված հայտարարությունը, որով հեղինակները դատապարտում էին Աղդամ-Ստեփանակերտ ավտոճանապարհը բացելու, ադրբեջանական «մարդասիրական ալյուրն» ընդունելու նպատակով Ասկերան մեկնած պաշռոնյաներին, բայց ընդհանրացնում, որ «նրանք չէին կարող չկատարել նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությունը»:
Արայիկ Հարությունյանի «այդ քայլը» որակված էր «վերջին կարմիր գիծ, որ հատվել է»: Փաստացի դա Արայիկ Հարությունյանին ներկայացված՝ հրաժարականի քաղաքական վերջնագիր էր: Հաջորդ առավոտյան նա հայտարարեց, որ թողնում է նախագահի պաշտոնը: Շրջափակումը հաղթահարելու, Գորիս-Ստեփանակերտ եւ Աղդամ-Ստեփանակերտ-Շուշի երթուղիները գործարկելու շուրջ բանակցությունները դադարեցին: Ինը օր անց Ազգային ժողովը նույն քսաներկու «կողմ» քվեով նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին: Քսան օր անց նա ստորագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման հրամանագիրը, երբ Արցախում փաստացի այլեւս հայ բնակչություն չէր մնացել:
(շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *