Արցախ

ՀՅԴ Արցախյան Անաբասիսը

Մաս 2

Պատգամավորության ոչ մի թեկնածու նախկինում նման բացահայտ բռնության չէր ենթարկվել: Դաշնակցության մի քանի թեկնածուներ դատարաններում բողոքարկեցին քվեարկության արդյունքները, բայց ԿԸՀ որոշումը մնաց անփոփոխ:

Վահրամ Աթանեսյան

2004 թվականին նշանակվեցին Ստեփանակերտի քաղաքապետի ընտրություններ: Իշխանության թեկնածուն Պավել Նաջարյանն էր, նրա մրցակիցը՝ Ազգային ժողովի պատգամավոր, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաբեկյանը: Մինչ այդ նա խորհրդարանում մի քանի անգամ սուր բանավեճ էր ունեցել վարչապետ Անուշավան Դանիելյանի հետ եւ հեռացել մեծամասնություն կազմող խմբակցությունից:
Աղաբեկյանի թեկնածություն շուրջ ձեւավորվեց քաղաքական լայն համախոհություն, որի առանցքում ՀՅԴ տեղական կառույցն էր: Քվեարկության առաջին փուլում քաղաքապետ չընտրվեց, երկրորդ փուլում, ինչպես եւ սպասվում էր, հաղթեց Էդուարդ Աղաբեկյանը: Իշխանության «միջանցքներում», բայց ավելի շատ հանրության ամենալայն շրջանակներում տարածվեց, որ Ստեփանակերտի քաղաքական իշխանության «գրավումը» նախապատրաստական քայլ է, ամբողջական իշխանափոխության համար ՀՅԴ-ն եւ Էդուարդ Աղաբեկյանը պատրաստվում են հաղթել խորհրդարանական հաջորդ ընտրություններում եւ նախագահ Արկադի Ղուկասյանին պարտադրել, որ վարչապետ նշանակի իրենց առաջադրած թեկնածուին, իսկ եթե չստացվի, ապա օրակարգ կբերվի նրան իմփիչմենթի ենթարկելու հարցը:
Ի տարբերություն նախորդի, 2005թվականի խորհրդարանական ընտրություններին գործադիր իշխանությունը ՀՅԴ նկատմամբ որդեգրեց չափազանց կոշտ եւ անհանդուրժողական կեցվածք: Նրա կողմից առաջադրված ոչ մի թեկնածու մեծամասնական ընտրատարածքներում չկարողացավ հաղթել, իսկ համամասնական ցուցակով խորհրդարան մտավ միայն երեք պատգամավոր: Ընդ որում, ՀՅԴ-ն համամասնական ցուցակ էր կազմել այլ ուժերի հետ դաշինքով: Ընտրապայքարի ընթացքում արձանագրվեց աննախադեպ երեւույթ. ՀՅԴ անդամ, պատգամավորության թեկնածու Պավլիկ Մանուկյանը ՊԲ հրամանատար-պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի առանձնասենյակում ենթարկվեց դաժան ծեծի եւ տեղափոխվեց զինվորական հոսպիտալ:
Պատգամավորության ոչ մի թեկնածու նախկինում նման բացահայտ բռնության չէր ենթարկվել: Դաշնակցության մի քանի թեկնածուներ դատարաններում բողոքարկեցին քվեարկության արդյունքները, բայց ԿԸՀ որոշումը մնաց անփոփոխ: Ընտրություններից հետո ՀՅԴ տեղական կառույցը հայտարարեց, որ գործադիր իշխանությունից ետ է կանչում իր բոլոր ներկայացուցիչներին եւ անցնում է արմատական ընդդիմության դիրքերը: ԼՂՀ պետականության, նրա վարկանիշի համար 2005 թվականի խորհրդարանական ընտրությունները խիստ բացասական ազդեցություն թողեցին: Ընդդիմությանը հակակշռելու համար իշխանությունը ձեւավորեց նոր քաղաքական ուժ՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որ նախապես ուներ երեք համանախագահ, բայց կարճ ժամանակ անց նրա առաջնորդ ընտրվեց Արայիկ Հարությունյանը: Նախորդ գումարման ՀՅԴ-ական ինը պատգամավորին, ըստ էության, փոխարինելու եկավ «Ազատ հայրենիք» խմբակցությունը, որ սոցիալ-տնտեսական հարցերում արմատապես հակադրվում էր վարչապետ Անուշավան Դանիելյանի քաղաքականությանը:
ՀՅԴ-ն այդ փուլում հանրայնացրեց, որ սահմանադրության ընդունման ճանապարհով Արկադի Ղուկասյանը հող է նախապատրաստում, որպեսզի երրորդ-չորրոդ ժամկետով պաշտոնավարի: ԼՂ կարգավորման բանակցային գործընթացը մտել էր «մադրիդյան սկզբունքների» նախնական քննարկումների փուլ, ՀՅԴ տեղական կառույցը համարում էր, որ «միջանկյալ կարգավիճակի» կամ «հետաձգված հանրաքվեի» դիմաց տարածքներ հանձնելը դավաճանություն է: Սահմանադրությունն ընդունվեց 2006թ. դեկտեմբերի 10-ին: Մինչ այդ Արկադի Ղուկասյանը մամուլի ասուլիս էր հրավիրել եւ հայտարարել, որ երրորդ ժամկետով չի առաջադրվի, նախագահի պաշտոնը կթողնի՝ ինչպես պահանջում է սահմանադրությունը: Սահմանադրության ընդունումից մի քանի ամիս անց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն կազմակերպեց քաղաքական քննարկումներ: Այդ ընթացքում բացահայտվեց, որ ՀՅԴ-ն եւ «Ազատ հայրենիքը» նոր նախագահի թեկնածության հարցում համաձայնության են եկել եւ առաջարկում են, որ Բակո Սահակյանը լինի միասնական թեկնածու:
Խորհրդարանական երրորդ՝ Արցախի ժողովրդավարական կուսակցությունը կարճատեւ տատանումից հետո հայտարարեց, որ միանում է ՀՅԴ-«Ազատ հայրենիք» նախաձեռնությանը: Բակո Սահակյանի նախընտրական շտաբի պետ նշանակվեց ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ Արթուր Մոսիյանը: Դժվար է ասել՝ այդ որոշումն իրոք Ստեփանակերտու՞մ է ընդունվել, թե՞՝՝ Երեւանում կամ որեւէ երրորդ երկրի մայրաքաղաքում: Փաստ է, որ Բակո Սահակյանը նախագահ է ընտրվել որպես ԼՂ կարգավորման հարցում ազգային-հայրենասիրական դիրքորոշման պաշտպան: Նրա ձեւավորած կառավարության վարչապետ նշանակվեց Արայիկ Հարությունյանը, մի շարք դաշնակցականներ գործադիր իշխանության կենտրոնական եւ տարածքային մարմիններում ազդեցիկ պաշտոններ ստացան: Եռամյա քաղհալածյալից ՀՅԴ-ը Բակո Սահակյանի ընտրությամբ վերածվեց իշխանական կառույցի:
(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *