Միջազգային

Պուտինը Կհամաձայնվի Թրամփի Հետ

Կիևը, իր հերթին, մտավախություն ունի, որ այս փուլում ընտրությունների անցկացումը կթուլացնի Ուկրաինայի միասնությունը և երկիրը կդարձնի ռուսական ազդեցության ապակայունացնող քարոզարշավների թիրախ։Քելլոգի հայտարարությունները և Կրեմլի արագ արձագանքը անհանգստություն են առաջացրել։

Politico-ն գրում է․ Ուկրաինան խուճապի մեջ է, քանի որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը Կիևին ստիպում են ընտրությունների անցկացումը
Ուկրաինայի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ Վաշինգտոնի և Մոսկվայի դիրքորոշումների մերձեցումը կարող է զրոյացնել իրենց դերը սեփական երկրի ապագայի քննարկումներում
Մոսկվան միացել է Վաշինգտոնի կոչին Ուկրաինայում ընտրությունների անցկացնելու վերաբերյալ, ինչը մտահոգություն է առաջացրել Կիևում։ Այս անսպասելի համընկնումը Ուկրաինայում կասկածներ է առաջացրել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է հակասություն առաջացնել Կիևի և Վաշինգտոնի միջև՝ ռազմական հակամարտության դադարեցման հարցում։
Հանգստյան օրերին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ դեսպանն Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով՝ Քիթ Քելլոգը, հայտարարել է․ «Ամենաուշագրավ ժողովրդավարական երկրներում ընտրություններն անցկացվում են նույնիսկ պատերազմի ժամանակ։ Ես կարծում եմ, որ դա կարևոր է։ Դա օգտակար է ժողովրդավարության համար։ Կայուն ժողովրդավարության ուժը կայանում է նրանում, որ առկա լինի մեկից ավելի թեկնածու»։
Մոսկվան, որտեղ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ չի ճանաչում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն որպես օրինական առաջնորդ, աջակցել է Քելլոգին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «նախագահ Զելենսկու պաշտոնավարման ժամկետը ավարտվել է»։
Նա նշել է, որ «Ուկրաինայի ղեկավարության լեգիտիմացումը» անհրաժեշտ կլինի ցանկացած խաղաղ գործընթացի շրջանակում։ Կիևը, իր հերթին, մտավախություն ունի, որ այս փուլում ընտրությունների անցկացումը կթուլացնի Ուկրաինայի միասնությունը և երկիրը կդարձնի ռուսական ազդեցության ապակայունացնող քարոզարշավների թիրախ։
Քելլոգի հայտարարությունները և Կրեմլի արագ արձագանքը առաջացրել են անհանգստություն են առաջացրել։
▪️ Ուկրաինայի նախկին մի նախարար, որը համաձայնել է զրուցել POLITICO-ի հետ անանունության պայմանով, ասել է․ «Վաշինգտոնի և Մոսկվայի դիրքորոշումների մերձեցումը ընտրությունների հարցում մտահոգիչ է»՝ հավելելով․ «Ես դա դիտարկում եմ որպես առաջին նշան, որ Թրամփն ու Պուտինը համաձայն են մեկ բանում՝ նրանք ցանկանում են հեռացնել Զելենսկուն»։
Կրեմլը չի հստակեցրել՝ արդյո՞ք խաղաղ բանակցությունները նախապայման են Ուկրաինայում ընտրությունների անցկացման համար, և ինչպիսի հաջորդականություն է նախատեսում Ռուսաստանը։
Սակայն Մոսկվան հայտարարել է, որ քաղաքական լեգիտիմություն հաստատելուց առաջ որևէ վերջնական համաձայնության մասին խոսք լինել չի կարող։ Քելլոգն էլ իր հերթին չի հստակեցրել՝ ինչ հերթականությամբ պետք է անցկացվեն ընտրություններն ու դադարեցվեն ռազմական գործողությունները։
Reuters-ի տվյալներով՝ Քելլոգն ու Սպիտակ տան այլ ներկայացուցիչներ դիտարկում են Ուկրաինային ընտրությունների գնալու ուղղությամբ մղելու հնարավորությունը՝ որպես Ռուսաստանի հետ նախնական հրադադարի մի մաս։
Քելլոգը հանդես է գալիս Ուկրաինայի համար արդար խաղաղ համաձայնագիր կնքելու օգտին՝ օգտագործելով ԱՄՆ-ի ազդեցությունը Մոսկվայի վրա։ Նա նաև պնդում է, որ ԱՄՆ-ը պետք է շարունակի ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և Կիևին տրամադրի անվտանգության երաշխիքներ՝ Ռուսաստանի կողմից հետագա ագրեսիան կանխելու համար։
Սակայն ներկայումս Ուկրաինան չի կարող ընտրություններ անցկացնել օրենքի շրջանակում։ Ըստ երկրի սահմանադրության՝ պատերազմական դրության ժամանակ ընտրություններ նշանակել չի կարելի։ Զելենսկին 2022-ի փետրվարին ռազմական դրություն հայտարարեց, ինչը հանգեցրեց նախորդ տարի նախատեսված նախագահական և խորհրդարանական ընտրությունների հետաձգմանը։
Ընտրական հարցերով փորձագետները նույնպես կասկածի տակ են դնում ընտրությունների անցկացման նպատակահարմարությունը, քանի որ երկիրը պայքարում է գոյատևման համար՝ գտնվելով մշտական ռմբակոծությունների տակ, և նրա բնակչության մեծ մասը կամ տեղահանվել է երկրի ներսում, կամ լքել է այն։
«Ուկրաինան պետք է իր հաջորդ ընտրությունները անցկացնի այն ժամանակ, երբ կարող է երաշխավորել դրանց անվտանգությունն ու ժողովրդավարական ստանդարտները։ Իսկ դա հնարավոր չէ ներկայիս լայնածավալ պատերազմի պայմաններում», – կարծում են ընտրական հարցերով մասնագետներ Պիտեր Էրբենը և Գիո Կոբախիձեն՝ Միջազգային ընտրական համակարգերի հիմնադրամից (միջազգային ոչ առևտրային կազմակերպություն, որի կենտրոնակայանը գտնվում է ԱՄՆ-ում)։
Չնայած դրան, Քելլոգը հայտարարել է, որ «Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտություն կա»։ Նրա խոսքով՝ ընտրությունները կարող են կայանալ մինչև տարեվերջ, հատկապես, եթե Ռուսաստանի հետ հրադադար ձեռք բերվի։
Զելենսկին ավելի վաղ ասել էր, որ Ուկրաինան կարող է այս տարի ընտրություններ անցկացնել, եթե մարտական գործողությունները դադարեցվեն և համաձայնեցվեն անվտանգության երաշխիքներ՝ Ռուսաստանին ռազմական գործողությունները վերսկսելուց զերծ պահելու համար։
Հանգստյան օրերին Զելենսկին զգուշացրել է, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը չպետք է դուրս մղեն Կիևին ռազմական հակամարտության դադարեցման բանակցություններից։ «Նրանք կարող են իրենց հարաբերություններն ունենալ, բայց Ուկրաինայի մասին առանց մեզ խոսելը վտանգավոր է բոլորի համար», – հավելել է նա։
Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ իր օգնականներն արդեն բանակցություններ են վարում Ռուսաստանի իշխանությունների հետ՝ ռազմական հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։ «Մենք բանակցություններ կվարենք, և ես կարծում եմ, որ հնարավոր է ինչ-որ նշանակալի բան անել», – ասել է Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ «Այս ամենը պետք է ավարտվի», – հավելել է նա։
Աղբյուրը՝ politico

Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *