Մաս 5
Նոր սահմանադրության ընդունումից հետո, երբ լուծարվեց վարչապետի, բնականաբար՝ նաեւ փոխվարչապետի պաշտոնը, Արթուր Աղաբեկյանը նշանակվեց նախագահի խորհրդական: Իրականում դա չի կարելի համարել քաղաքական նշանակում, ինչպես եւ գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Մոսիյանի նշանակումը: Այս դեպքում շարժառիթը Բակո Սահակյանի եւ նրանց անձնական հարաբերություններն էին:
Վահրամ Աթանեսյան
Ապրիլյան քառօրյա մարտերից հետո Ստեփանակերտում առանջնահերթ քննարման հարց էր Հայաստանի եւ ԼՂՀ միջեւ ռազմական փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրումը: Հանուն արդարության պետք է ասել, որ դա ոչ միայն պահանջված, այլեւ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ քննարկում էր, որի գեներացման պատասխանատվությունն ստանձնել էր Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը:
Դաշնակցությունն, ամենայն հավանականությամբ, հրապարակայնացնում էր այն, ինչ մշակվել էր նախագահական նստավայրում: Բայց դա բոլորովին չի նսեմացնում ՀՅԴ քաղաքական նախաձեռնությունը: Այդ ընթացքում ծագեց նաեւ նոր սահմանադրություն ընդունելու գաղափար: «Ազատ հայրենիքը» եւ ՀՅԴ-ն նախապես միասնաբար զարգացնում էին նախագահականից խորհրդարանական կառավարման անցնելու գաղափարը: Մանավանդ որ մեկ տարի առաջ՝ 2015 թվականին, Ազգային ժողովի ընտրություններն անցել էին միայն մեծամասնական ընտրակարգով, իսկ ձեւավորված խորհրդարանը ԼՂՀ պատմության մեջ առաջին անգամ աշխատում էր լրիվ պրոֆեսիոնալ հիմունքներով:
Սկզբնական փուլում, երբ քառօրյա մարտական գործողությունները նոր էին դադարել, եւ միջնորդները քննարկում էին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի վերահսկման տեխնիկական միջոցների ներդրման, ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատն ամրապնդելու, ապա առարկայական բանակցություններ սկսելու առաջարկությունների փաթեթ, պաշտոնական Երեւանը հայտարարեց, որ մշակվում է ԼՂՀ հետ ռազմական փոխօգնության մասին պայմանագիր:
Մեկ տարի անց պարզ դարձավ, որ նման պայմանագիր ստորագրելու քաղաքական կամք Երեւանը չունի: Ստեփանակերտում ՀՅԴ երկրորդ՝ խորհրդարանական կառավարման անցնելու գաղափարը նախագահ Բակո Սահակյանի կողմից չպաշտպանվեց: Իշխանությունը հեշտությամբ հաղթահարեց նաեւ «Ազատ հայրենիքի» առաջնորդ, գործող վարչապետ Արայիկ Հարությունյանի դիմադրությունը: Ի պատիվ ՀՅԴ-ի, սակայն, նա չմիացավ սահմանադրության նոր նախագծի հանրային քննարկումներին եւ քարոզչությանը: Դաշնակցությունն, իհարկե, նաեւ «ոչ»-ի քարոզչություն չնախաձեռնեց, բայց ակնհայտ դարձավ, որ Բակո Սահակյանի հետ ավելի քան տասնամյա համախոհությունն այլեւս անցյալում է:
Նոր սահմանադրության ընդունումից հետո, երբ լուծարվեց վարչապետի, բնականաբար՝ նաեւ փոխվարչապետի պաշտոնը, Արթուր Աղաբեկյանը նշանակվեց նախագահի խորհրդական: Իրականում դա չի կարելի համարել քաղաքական նշանակում, ինչպես եւ գլխավոր դատախազի պաշտոնում Արթուր Մոսիյանի նշանակումը: Այս դեպքում շարժառիթը Բակո Սահակյանի եւ նրանց անձնական հարաբերություններն էին:
Նախագահի խորհրդականի պաշտոնում Արթուր Աղաբեկյանը շարունակե՞լ է Արաքսի հովտում գյուղատնտեսական ծրագրերը, գործնական ի՞նչ քայլեր են կատարվել, որ առնչվում են Սփյուռքի հայկական կառույցներին եւ, մանավանդ, լիբանանահայ շրջանակներին: Այս հարցերը երբեք հրապարակային քննարկման թեմա չեն դարձել: Չոր արդյունքում ԼՂ հայ բնակչությունը գիտեր, որ Արթուր Աղաբեկյանը Հադրութի շրջանի Տող գյուղում հանգստյան գոտի է կառուցել, որտեղ պարբերաբար հավաքույթներ են կազմակերպում ԼՂՀ ռազմա-քաղաքական ղեկավարները, նրա մարտական ընկերները, Սփյուռքի ներկայացուցիչները: Նման միջոցառումները երբեմն նույնիսկ լուսաբանվում էին տեղական հեռուստատեսությամբ՝ որպես ռազմա-հայրենասիրական համախմբվածության վկայություն:
Գործնականում ի՞նչ հարցեր եւ ու՞մ հետ էին քննարկվում՝ մնում է փակ թեմա: Փաստ է, որ ԼՂՀ կառավարության նախաձեռնած եւ ՀՅԴ կողմից խանդավառ աջակցություն ստացած՝ «Արաքսավան» նախագիծն այդպես էլ իրականություն չդարձավ:
…Քառասունչորսօրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը խստագույնս դրել էր Լաչինը, Սուսը եւ Աղավնոն հանձնելու հարցը, մեկ շաբաթվա տարբերությամբ Բեյրութ այցելեց նախ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, ապա՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ըստ «օդում կախված» լուրերի՝ Աղավնոյի հէկ-ի դաշնակցական սեփականատերերն իրենց գույքի դիմաց փոխհատուցում են ստացել: Այն, ամեն դեպքում, մինչեւ վերջին օրը չի ապամոնտաժվել:
Վերջ