Արցախ

«Գաղտնիք Ղարաբաղի»

Մաս 18

1998-ի ամառը, սակայն, Ստեփանակերտում պայթեց ներքաղաքական սուր ճգնաժամ: Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը խստագույն քննադատության ենթարկեց Լեոնարդ Պետրոսյանի կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Շատերի համար անսպասելի՝ ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրեց նրա եղբայր Կարեն Բաբայանը:

Վահրամ Աթանեսյան

Ռոբերտ Քոչարյանի հրաժարականից հետո ԼՂՀ նախագահի պաշտոնակատար պիտի մնար կամ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, կամ՝ վարչապետ Լեոնարդ Պետրոսյանը: Թովմասյանը խորհրդարանի խոսնակ էր ընտրվել, ինչպես քաղաքական կուլիսներում էին խոսում, Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հովանավորությամբ, բայց քաղաքական եւ, մանավանդ, պետական կառավարման բավարար փորձառություն չուներ:
Չնայած Ռոբերտ Քոչարյանի կողմից «իրավահաջորդ նշանակվելուն», Լեոնարդ Պետրոսյանը որպես նախագահի պաշտոնակատար չկարողացավ հաղթահարել ներքաղաքական իրավիճակը: Թեեւ օրենքը պահանջում էր նախագահի պաշտոնը թափուր մնալուն հաջորդած քառասունօրյա ժամկետում անցկացնել արտահերթ ընտրություններ, Ստեփանակերտում ընդունվեց այդ գործընթացը հետաձգելու որոշում: Ներքաղաքական իրավիճակին ծանոթ շրջանակների ասելով՝ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանը «կտրուկ դեմ էր, որ Լեոնարդ Պետրոսյանը փոխարինի Ռոբերտ Քոչարյանին»: Իսկ թե ինչու՞ արդեն Հայաստանի վարչապետ նշանակված Ռոբերտ Քոչարյանը Լեոնարդ Պետրոսյանին աջակցություն չի ցուցաբերել կամ փորձել է, բայց հաջողության չի հասել՝ ԼՂՀ քաղաքական անցյալի էական նշանակության հերթական գաղտնիքն է:
Ամիսներ տեւած անորոշությունը հանգուցալուծվեց բավական արտառոց որոշմամբ. Իշխանությունը նախագահի թեկնածու առաջադրեց Արկադի Ղուկասյանին: Ղուկասյանը մասնագիտությամբ բանասեր է, աշխատանքային գործունեությունն սկսել է որպես «Խորհրդային Ղարաբաղ» թերթի ռուսական տարբերակի աշխատակից, ապա՝ պատասխանատու: Ղարաբաղյան Շարժման տարիներին աչքի է ընկել սուր հրապարակումներով, ինչի պատճառով խորհրդային պատժիչ մարմինների կողմից ձերբակալվել է եւ ենթարկվել մեկամսյա վարչական կալանքի: Արկադի Ղուկասյանը 1992 թվականին նշանակվել է Պաշտպանության պետական կոմիտեի նախագահի, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանի, արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական, իսկ 1993 –ին՝ արտաքին գործերի նախարար:
Այդ փորձառությունը բավարա՞ր էր, որ նա զբաղեցնի ԼՂՀ նախագահի պաշտոնը՝ այդ հարցը հրապարակային քննարկման չդրվեց, բայց տեղի ունեցավ անսպասելին. նախագահի թեկնածու առաջադրվեց նաեւ խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը: Քվեարկության արդյունքներով, իհարկե, Արկադի Ղուկասյանը ճանաչվեց հաղթող, բայց Թովմասյանը նրա հաղթանակը չճանաչեց եւ հրաժարական տվեց: Ստեղծված իրավիճակը հաղթահարվեց ԱԺ պատգամավորի թափուր մնացած մանդատը համալրելու արտահերթ ընտրություններով.
Զինվորական փակ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրվեց հինգ տարի առաջ Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնից հրաժարված Օլեգ Եսայանը եւ զբաղեցրեց Ազգային ժողովի նախագահի պաշտոնը: Նախագահի պաշտոնն ստանձնելով՝ Արկադի Ղուկասյանը վերստին վարչապետ նշանակեց Լեոնարդ Պետրոսյանին, բայց ակնհայտ էր, որ Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը ներքաղաքական այդ դասավորությունից դժգոհ է: Կառավարության կազմում ներքին գործերի նախարարի պաշտոնը վերապահվեց Կարեն Բաբայանին՝ Սամվել Բաբայանի հարազատ եղբորը, որ առաջին պատերազմում հայտնի էր որպես առանձին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար:
1998-ի ամառը, սակայն, Ստեփանակերտում պայթեց ներքաղաքական սուր ճգնաժամ: Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը խստագույն քննադատության ենթարկեց Լեոնարդ Պետրոսյանի կառավարության սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: Շատերի համար անսպասելի՝ ներքին գործերի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացրեց նրա եղբայր Կարեն Բաբայանը: Իրավիճակի հանգուցալուծման համար հրավիրված ներքին քննարկումները, ինչպես ժամանակին իրազեկ աղբյուներն էին ասում, ոչ մի արդյունք չտվեցին. ՊԲ հրամանատար, Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը պահանջում էր ոչ միայն վարչապետի, այլեւ Լեոնարդ Պետրոսյանի գլխավորած կառավարության ամբողջ կազմի հրաժարականը, եւ նախագահ Արկադի Ղուկասյանը հարկադրված էր ցրել կառավարությունը:
Վարչապետի պաշտոնում նշանակվեց Ժիրայր Պողոսյանը: Գաղտնիք է մնում, թե Լեոնարդ Պետրոսյանին հրաժարական պարտադրելուց հետո Սամվել Բաբայանն ինչու՞ չհավակնեց վարչապետի պաշտոնին կամ եթե հավակնեց, ապա ինչու՞ չզբաղեցրեց կառավարության ղեկավարի աթոռը, որպեսզի անձամբ իրականացնի սոցիալ-տնտեսական այն քաղաքականությունը, որի հիմնական թեզերը նա ներքաղաքական ճգնաժամի օրերին հանրայնացրել էր ծավալուն եւ բազմաշերտ մամուլի ասուլիսով:
(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *