Հայաստան

Աշխարհը Անորոշ Ու Քաոսային վերաբաժանման Մեջ Է

ԱՄՆ-ը ոչ միայն զբաղված է ներկա աշխարհակարգի ոչնչացմամբ, այլև փորձում է ստեղծել նոր ուժային հավասարակշռություն, որտեղ, եթե ոչ միանձնյա, ապա գոնե կմնա աշխարհի ուժեղագույն պետություններից մեկը։

Ստեփան Ասդուրյան

1inTV-ը զրուցել է Բերկլիի և Երևանի Ամերիկյան համալսարանների դասախոս, քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Ստեփան Ասդուրեանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ներկայիս ռուս-ամերիկյան հարաբերությունները, նոր աշխարհակարգի ձևավորումը, ինչպես նաև այդ ամենի հնարավոր ազդեցությունը Անդրկովկասի և մասնավորապես հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։
Ասդուրեանը նշեց, որ պատմությունը ցույց է տալիս՝ ցանկացած մեծ պատերազմից հետո աշխարհակարգային փոփոխություններ են տեղի ունենում։ Օրինակ՝ նապոլեոնյան պատերազմներից հետո Վիեննայի կոնգրեսը, Առաջին համաշխարհայինից հետո Վերսալյան համակարգը (որը, ըստ նրա, տոտալ ձախողվեց), իսկ Երկրորդ համաշխարհայինից հետո՝ ներկայիս աշխարհակարգը, երբ երեք երկիր որոշեցին, թե ով ինչ է ստանալու։ Այժմ այդ նույն աշխարհակարգը փլուզվում է, ընդ որում՝ ԱՄՆ-ի ձեռքով։ Հենց ԱՄՆ-ի ջանքերով ձևավորվեցին ներկայիս խաղի կանոնները, և այժմ դրանք անվերադարձ փոխվելու միտում ունեն։ Այս պահին անհնար է հստակ կանխատեսել, թե ինչ պայմանավորվածությունների կգան գերտերությունները, ինչ կլինի Ուկրաինայի հետ վերջնարդյունքում, քանի որ ամեն ինչ անորոշ ու քաոսային է ընթանում։
ԱՄՆ-ը ոչ միայն զբաղված է ներկա աշխարհակարգի ոչնչացմամբ, այլև փորձում է ստեղծել նոր ուժային հավասարակշռություն, որտեղ, եթե ոչ միանձնյա, ապա գոնե կմնա աշխարհի ուժեղագույն պետություններից մեկը։ ԱՄՆ-ի կողմից Եվրոպայի անվտանգության երաշխավորությունը գնալով մոռացվող երևույթ է դառնում։ Եվրոպան արդեն հասկանում է, որ իր անվտանգության միակ պատասխանատուն ինքն է և քննարկում է դրա ամենաարդյունավետ ձևը։
Ասդուրեանը, անդրադառնալով հարցին, թե ինչու է ԱՄՆ-ին անհրաժեշտ քանդել իր իսկ կառուցած աշխարհակարգը, նշեց, որ աշխարհն այլևս միաբևեռ չէ։ ԱՄՆ-ը հավանաբար ցանկանում է կրկնել այն, ինչ արեց 1945-ին՝ նոր վերաբաժանումներ իրականացնելով։ Այսօր հնարավոր չէ անտեսել Ռուսաստանի, Չինաստանի և այլ երկրների ազդեցությունը։ Մի շարք երկրներ կորոշեն, թե ինչպես է աշխարհն ապրելու, և մյուսները կհամաձայնվեն դրան։ Եվրոպան, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի հարմարվել Թրամփի հնարավոր գործողություններին՝ իր սահմանափակ հակազդեցության հնարավորությունների պատճառով։
Թրամփը, վերադառնալով իշխանության, փորձելու է ամերիկյան արտադրությունը վերադարձնել ԱՄՆ՝ այն, ինչը ներկայումս տեղակայված է աշխարհի տարբեր հատվածներում, մասնավորապես՝ Չինաստանում։ Նա կփորձի դա իրականացնել սեփականատերերին տարբեր արտոնություններով շահագրգռելու միջոցով։ ԱՄՆ-ն այժմ փորձում է գլխավորել քաոսի կարգավորումը, որպեսզի բազմաբևեռ աշխարհում չկորցնի իր առաջնայնությունը։
Ստեփան Ասդուրեանը նաև քննարկեց, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս ամենը Անդրկովկասի և, մասնավորապես, հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Ալիևը խաղաղություն կնքելու որևէ մտադրություն չունի, քանի որ անորոշ իրավիճակը կարող է օգտագործել իր շահերի համար՝ ապագայում ավելի մեծ հնարավորություններ ստանալու նպատակով։ Սակայն Հայաստանը ևս չպետք է ձեռքերը ծալած նստի։ Այն պետք է օգտագործի իր հնարավորությունները՝ առնվազն ցույց տալու համար, որ իրադարձությունների որոշիչ գործոն է։
Օրինակ, Ադրբեջանում բազմաթիվ պաշտոնյաներ կան, որոնք այս կամ այն կերպ կապված են քրեաօլիգարխիկ համակարգի հետ։ Հայաստանը կարող է փորձել նրանց միջազգային քրեական պատասխանատվության ենթարկել կամ գոնե ցույց տալ, որ ինքը նույնպես կարող է գործել։ Միաժամանակ, Հայաստանը պետք է հետևողական լինի Արևմուտքի հետ իր համագործակցության հարցում։ Այն արդեն ունի ԱՄՆ-ի հետ փոխօգնության պայմանագիր և հայտարարում է ԵՄ-ի հետ ինտեգրման մասին, սակայն անհրաժեշտ է ապահովել այդ գործընթացների արդյունավետ իրականացումը։
Այս ամենի ֆոնին, Արևմուտքը նույնպես բաժանված է, և դա կարող է մեծ խնդիրներ առաջացնել ինքն իր համար։ Աշխարհում ընթանում է մեծ ու քաոսային վերաբաժանում, ամեն ինչ անորոշ է և հղի բազմաթիվ վտանգներով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

YouTube

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *