Մաս Ա
Լավրովը մյուս դիվանագետներից ուժեղ էր նաև այն պատճառով, որ Ռուսաստանը թույլ էր։ Ամերիկյան դիվանագետները, հատկապես այն ժամանակ, պարտադիր չէին, որ հմուտ լինեին, քանի որ ԱՄՆ-ն գերիշխող ուժ էր և կարող էր իրեն թույլ տալ կոպիտ ու անզգույշ լինել՝ թելադրելով իր կամքը։
Washington Spectator
Թրամփի Ուկրաինային դավաճանության բազմաթիվ սարսափելի դրսևորումներից մեկը նրա թիմի դիվանագիտության անճարակությունն ու ծայրահեղ միամտությունն էր։ Թերևս Թրամփը կարծում է, որ բանակցությունների հիմնական կանոնները խախտելը հնարամտություն է. ո՞վ գիտի։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը նորանշանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Սաուդյան Արաբիայում նման էր հովազի ու մկնիկի հանդիպմանը։
Լավրովն ունի դիվանագիտական դաժանության տարիների փորձ, վերջին տասնամյակում՝ Պուտինի ապօրինի ու դաժան քաղաքականության պաշտպանությունը։ Ռուբիոյի դիվանագիտական փորձը, մեղմ ասած, զրոյական է։ Գուշակում եմ՝ Լավրովը պարզապես չէր հավատում իր բախտին։ Բանակցությունների արդյունքը միանշանակ Ռուսաստանին էր ձեռնտու. վերականգնվեցին դիվանագիտական լիարժեք հարաբերությունները, որոնք խզվել էին Ուկրաինա ներխուժումից հետո՝ Ռուսաստանի մեկուսացման ֆոնին։
Ընդհանուր առմամբ, բանակցությունների ընթացքում ընդունված է՝ ինչ-որ բան զիջելիս ինչ-որ բան էլ ստանալ։ Իսկ ի՞նչ ստացան ամերիկացիները։ Ոչինչ։ Թերևս Թրամփը ինչ-որ անճաշակ երկնաքեր կառուցելու գործարք կստանա Մոսկվայում կամ օկուպացված Ղրիմում։
Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն էր այն տարիներին, երբ ես այնտեղ ծառայում էի Մեծ Բրիտանիայի անունից (1998-2002)։ Նա, անկասկած, խորհրդում լավագույն դեսպանն էր, բայց դա չի նշանակում՝ «լավ»։ Նա ներկայացնում էր թուլացած մի Ռուսաստան, որը գրեթե նույնքան մեկուսացած էր, որքան այսօր (բացի ամերիկացիներից)։ Սակայն նա կարողանում էր ապահովել, որ Ռուսաստանը մշտապես դիվանագիտական օրակարգի կենտրոնում լինի՝ որպես համաշխարհային ուժ։ Նա հատկապես բորբոքվում էր, երբ Ռուսաստանին վերևից էին նայում կամ դուրս թողնում քննարկումներից։ Օրինակ՝ նա ատում էր այն ժամանակվա ՄԱԿ-ի Իրաքյան զենքերի տեսչական հանձնաժողովի ղեկավար Ռիչարդ Բատլերին, ով Լավրովին իր խոսքով ու արարքներով հասկացրել էր, որ իր իրական ղեկավարները ոչ թե Անվտանգության խորհուրդն են, այլ ամերիկացիները։
Լավրովը մյուս դիվանագետներից ուժեղ էր նաև այն պատճառով, որ Ռուսաստանը թույլ էր։ Ամերիկյան դիվանագետները, հատկապես այն ժամանակ, պարտադիր չէին, որ հմուտ լինեին, քանի որ ԱՄՆ-ն գերիշխող ուժ էր և կարող էր իրեն թույլ տալ կոպիտ ու անզգույշ լինել՝ թելադրելով իր կամքը։ Ես տեսել եմ, թե ինչպես էին ամերիկացի դեսպանները անփույթ վարում գործերը Անվտանգության խորհրդում, այդ թվում՝ նաև շատ գովերգված Ռիչարդ Հոլբրուքը, որը հայտարարում էր, թե իբր վերջ է տվել Բոսնիայի պատերազմին (թեև դա ՆԱՏՕ-ի ռմբակոծություններն արեցին)։
Մի անգամ, Իսրայելի կողմից Արեւմտյան ափի հերթական ոտնձգության վերաբերյալ ժամեր շարունակ լարված քննարկումից հետո, Հոլբրուքը ներս խուժեց, հրեց իր տեղակալի աթոռը, նստեց և հայտարարեց, որ հենց նոր Վաշինգտոնից զանգ է ստացել, ուստի իր տեղակալի ասածները կարող են անտեսվել։ Այսպիսով, նա միաժամանակ նվաստացրեց գործընկերոջն ու վիրավորեց խորհրդի մյուս դիվանագետներին։
Հոլբրուքը նաև կազմակերպեց Անվտանգության խորհրդի պատմության մեջ ամենախայտառակ իրադարձություններից մեկը՝ հրավիրելով հանրապետական սենատոր Ջեսի Հելմսին՝ քարոզ կարդալու ՄԱԿ-ի անօգուտ լինելու մասին։ Հելմսը նույնիսկ հայտարարեց, թե որքան աբսուրդ է, որ ԱՄՆ-ն ՄԱԿ-ում նույն կարգավիճակն ունի, ինչ, օրինակ, Բանգլադեշը։ Ամերիկացիները ստիպել էին բոլոր երկրների դեսպաններին ներկա լինել այդ նվաստացուցիչ ներկայացմանը, որի նպատակը Հելմսին գոհացնելն էր, որպեսզի նա ապաբլոկավորեր ՄԱԿ-ի ֆինանսավորումը։
Մինչ այդ, բրիտանացի դեսպանները հանգիստ վայելում էին իրենց նախկին կայսրության փառքը՝ կարծելով, թե իրենց «արտասովոր» ակցենտի շնորհիվ բոլորը պետք է լրջորեն ընդունեն իրենց։ Մյուս դիվանագետները, սակայն, նրանց դիտում էին որպես ամերիկյան քաղաքականության դատարկ կրկնօրինակներ։
Ֆրանսիացիները մոտավորապես նույնն էին, թեև մեծ մասամբ ներկայացված էին ճամարտակող մի դեսպանով՝ Դեժամե անունով, որին մենք ծաղրականորեն «Déjà-dit» էինք կոչում, քանի որ նա անընդհատ նույն բանն էր կրկնում։ Նրա հիմնական ներդրումը ՄԱԿ-ում այն էր, որ նա գիրք գրեց ՄԱԿ-ի համալիրում ննջելու լավագույն վայրերի մասին։
Ես հաճախ խղճում էի նրանց, ովքեր հույս ունեին, թե Անվտանգության խորհուրդը բարձրակարգ դիվանագիտության ու խելացի բանավեճի վայր է։ Երբեմն այդպես էր, բայց հաճախ այն ուղղակի ձանձրույթի կենտրոն էր, որտեղ չեզոք անհոգությամբ էին արձագանքում ուրիշների տառապանքին։ Օրինակ՝ Ռուանդայի ցեղասպանության քննարկումից հետո հաջորդ խոսակցությունը կարող էր լինել՝ «Դե ինչ, ի՞նչ ուտենք»։
Միակ դեպքը, երբ հիշում եմ, որ խորհրդի դիվանագետները իրապես ցնցված էին, սեպտեմբերի 12-ն էր՝ 2001-ին, երբ մենք ոտքի կանգնեցինք և միաձայն ընդունեցինք նախորդ օրվա ահաբեկչության դատապարտման բանաձևը։ Մտաբերում եմ, թե ինչպես էի կարծես ծխի հոտ առնում դահլիճում՝ Մանհեթենի կենտրոնից եկած, թեև գուցե հիշողությունս է խաղ անում ինձ հետ։
Մնացած դեպքերում, զանգվածային սպանությունների կամ պատերազմական հանցագործությունների մասին զեկույցները դիվանագետները լսում էին ձանձրացած հայացքով, հազվադեպ հայացք գցելով իրենց նշումներին։ Ինչպես միշտ, այն մարդիկ, որոնց ճակատագիրը քննարկվում էր, երբեք ներկա չէին։ Այդ պատճառով էլ ես հիմնել եմ Independent Diplomat կազմակերպությունը, որն, ուրախ եմ ասել, 20 տարի անց էլ շարունակում է իր գործունեությունը։
[շարունակելի]
Աղբյուրը՝ Washington Spectator
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը