Մաս 31
Բալասանյանի քաղաքական «թռիչքն» ուղեկցվում էր նրա անվան շուրջ տեղեկատվա-քարոզչական եռանդուն աջակցությամբ: Նրան վերագրվում էր Ադրբեջանին «ոչ մի թիզ հող չվերադարձնելու» գաղափարի ոչ միայն կրող, այլեւ՝ առաջնորդ: Նա համարվում էր մարդ, որ կարող է համախմբել ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակիցներին, հարկ եղած դեպքում՝ կազմակերպել եւ արդյունավետ պատերազմ վարել
Վահրամ Աթանեսյան
2016 թվականի հոկտեմբերի 3-ին, «Սասնա ծռեր» խմբավորման կողմից Երեւանի ՊՊԾ գնդի գրավումից ընդամենը չորս ամիս անց Բակո Սահակյանի հրամանագրով ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց գեներալ Վիտալի Բալասանյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Վիկտոր Քոչարյանին, որ ծառայողական տարիքի առավելագույն շեմին հասնելու հանգամանքով ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից: Վիկտոր Քոչարյանը Լեռնային Ղարաբաղի պետական անվտանգության մարմիններում ծառայել է խորհրդային ժամանակներից, ուներ փորձառու հակահետախույզի համարում: Ըստ նրա անձնական կյանքին լավատեղյակ աղբյուրների՝ Վիկտոր Քոչարյանի եւ երկրորդ նախագ Ռոբերտ Քոչարյանի կանայք հարազատ քույրեր են: Բակո Սահակյանի նույն օրն ստորագրած մեկ այլ հրամանագրով Վիկտոր Քոչարյանը նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ: ԼՂՀ պետական կյանքում մինչեւ Բակո Սահակյանի նախագահ ընտրվելն Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը որեւէ էական նշանակություն չուներ: Արկադի Ղուկասյանի պաշտոնավարման շրջանում նրա աշխատակազմի ղեկավար Կարեն Բաբուրյանը կատարում էր նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղարի պարտականությունները:
ԼՂՀ սահմանադրությամբ՝ Անվտանգության խորհուրդը նախագահին առընթեր խորհրդակցական մարմին է, իսկ ԱԽ քարտուղարը միայն նախապատրաստում է հերթական նիստը, ճշտում օրակարգը եւ այդ մասին իրազեկում Խորհրդի անդամներին: Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում ընդամենը չորս տարի առաջ Բակո Սահակյանի հետ շատ լուրջ ընտրապայքարի մեջ մտած եւ ավելի քան երեսուն տոկոս «կողմ» քվե ստացած Վիտալի Բալասանյանի նշանակումն, անկասկած, իշխանության բարձրագույն մարմիններում «ազդեցության ոլորտների վերաբաշխման» վկայություն էր: Բալասանյանի քաղաքական «թռիչքն» ուղեկցվում էր նրա անվան շուրջ տեղեկատվա-քարոզչական եռանդուն աջակցությամբ: Նրան վերագրվում էր Ադրբեջանին «ոչ մի թիզ հող չվերադարձնելու» գաղափարի ոչ միայն կրող, այլեւ՝ առաջնորդ: Նա համարվում էր մարդ, որ կարող է համախմբել ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակիցներին, հարկ եղած դեպքում՝ կազմակերպել եւ արդյունավետ պատերազմ վարել:
Ամենայն հավանականությամբ, իշխանություններն այդ որոշումն ընդունել եւ Բալասանյանի շուրջ գերդրական քարոզչությանը եռանդուն աջակցում էին, որպեսզի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հնարավոր քաղաքական հայտին ազդեցիկ հակակշիռ ստեղծեն: Բակո Սահակյանի պաշտոնավարման երկրորդ ժամեկտը մոտենում էր ավարտին: Սամվել Բաբայանի համակիրների շրջապատից տեղեկություններ էին ստացվում, որ նա մտադիր է հաջորդ ընտրություններին առաջադրվել եւ պայքարել նախագահի պաշտոնի համար: Այդ ընթացքում, սակայն, հայտնի դարձավ, որ Սամվել Բաբայանին մերժել են ԼՂՀ մշտական բնակչի կարգավիճակ շնորհել՝ պատճառաբանելով, որ նա «Հայաստանի քաղաքացի է»: Ակնհայտ էր, որ Բաբայանը Ստեփանակերտում հայտարարված է «անցանկալի անձ» եւ մեծ քաղաքականություն վերադարձի նրա ճանապարհին խոչընդոտների պակաս այդ պահի դրությամբ չկար:
Քաղաքական «ետնաբեմերում» տեսակետ էր շրջանառվել, որ Վիտալի Բալասանյանն Անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել ՊՊԾ գնդի գրավման առաջին օրերին դրսեւորած կեցվածքի համար, որ ոմանք «Սերժ Սարգսյանին մեծագույն ծառայություն» էին համարում: Ոչ ոք, իհարկե, առարկայորեն տեղյակ չէ ՊՊԾ գնդի գրավման իրական շարժառիթներին, իշխանությունների եւ «ապստամբների» միջեւ կուլիսային բանակցությունների նրբություններին: Փաստ է, որ այդ իրադարձություններից հետո Ստեփանակերտում օրակարգային դարձավ նախագահի հաջորդ-համաժողովրդական ընտրությունները հետաձգելու, նոր սահմանադրություն ընդունելու եւ Ազգային ժողովին եռամյա ժամկետով Բակո Սահակյանին «վերընտրելու» լիազորությամբ օժտելու քաղաքական խոսույթը, որ, չնայած որոշակի դիմադրության, ընդամենը վեց ամիս հետո արդեն «սահմանադրության նախագծի» տեսքով ներկայացվեց հանրաքվեի եւ ընդունվեց:
ԼՂՀ-ում ինչու՞ խախտվեց իշխանության սահմանադրական հաջորդայնության ավանդույթը: Քառասունչորսօրյա պատերազմին նախորդած երեք-չորս տարիների մեծագույն գաղտնիքը դա է:
(Շարունակելի)