Եթե Գեղամ Մանուկյանը կարծում է, որ Բաքվում իր ելույթը չեն լսում և ենթատեքստը չեն հասկանում այնպես, ինչպես ինքն է ասել, ապա նա սխալվում է: Ադրբեջանի ԱԳՆ-ն կամ Միլլի մեջլիսը, իհարկե, այդ կապակցությամբ հայտարարություն հազիվ թե անեն: Բայց կարելի է համոզված լինել, Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության «դատավարության» մի փուլում նրա ելույթի տեսագրությունը հրապարակվելու է: Եվ ալիևյան «պետական մեղադրողը» դա ներկայացնելու է որպես «անհերքելի ապացույց, որ Հայաստանում ադրբեջանցիները ենթարկվել են էթնիկ զտման»:
Վահրամ Աթանեսյան
Ինչպե՞ս չնպաստել «Արևմտյան Ադրբեջանին»
Մամուլը փոխանցում է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթը, ըստ որի՝ արցախյան շարժման կարևորագույն արդյունքը ՀՀ իշխանության համար եղել է այն փաստը, որ եթե այսօր ՀՀ իշխանավորները հանգիստ մեկնում են Վարդենիս, Վայք, Մասիս, պարտական են արցախյան շարժմանը։
Ակնարկը, ինչպես ասում են, շա՜տ թափանցիկ է: Բայց ով հետևում է Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության «դատավարությանը», եթե փոքր-ինչ դիտողականություն ունի, հասկանում է, թե ինչ կանխավարկածով է այն կազմակերպվել: Հայաստանն իր տարածքում իրականացրել է ադրբեջանցիների էթնիկ զտում, ապա Ադրբեջանի դեմ ագրեսիվ պատերազմ ծրագրել, նախ իրականացրել Խոջալուի ցեղասպանությունը, ապա օկուպացրել ադրբեջանական յոթ շրջաններ և բռնատեղահանել մեկ միլիոն խաղաղ բնակչի:
Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել, որ Վարդենիսը, Վայքը, Մասիսը «ենթարկվել են մաքրագործման»՝ նշանակում է լեգիտիմացնել Հայաստանում ադրբեջանցիների «էթնիկ զտման» ադրբեջանական թեզը: Իսկ դա իր հերթին ուղիղ գծով տանում է «Արևմտյան Ադրբեջան» պրոյեկտի ակտուալացմանը:
Եթե Հայաստանն ադրբեջանցիներից «մաքրագործվել է», ուրեմն տեղի է ունեցել «մարդկության դեմ հանցագործություն», այդ մարդիկ բռնությամբ վտարվել են իրենց հայրենիքից, հետևաբար այնտեղ վերադառնալու իրավունք ունեն:
Ադրբեջանից բռնատեղահանվել է կես միլիոն հայ, 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ ահաբեկչական պատերազմ է սանձազերծել, իրականացրել էթնիկ զտում, բայց ադրբեջանցի ոչ մի քաղաքական գործիչ, անգամ Իլհամ Ալիևի ամենամոլեռանդ քննադատները, Սումգայիթի և Բաքվի ջարդերի կազմակերպիչները երբեք և ոչ մի ամբիոնից չեն հպարտացել, որ Բաքուն «հայկական օկուպացիայից փրկել են» կամ Գետաշենը և Շահումյանը բռնատեղահանելով՝ լուծել են Կիրովաբադ-Գյանջայի պաշտպանության հարցը:
Բաքվում այդ թեման տաբու է: Իսկ եթե 90-ական թվականներին ինչ-որ մեկը համարձակվել է Սումգայիթի և Բաքվի ջարդերի, Գետաշենի բռնատեղահանության մասին կեսբերան ճշմարտություն ասել, հետագա տարիներին ենթարկվել է «մշակման». ոմանք հրապարակավ ներողություն են խնդրել «սխալվելու» համար, մյուսներն իրենց դատապարտել են լռության, իսկ գրող Այլիսլին արդեն տասը տարուց ավելի է, տնային կալանքի մեջ է:
Հայաստանը, իհարկե, ժողովրդավարական երկիր է, իշխանությանը ոչ միայն կարելի է, այլև պետք է քննադատել, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի, հայ-ադրբեջանական կարգավորման հարցով: Բայց իշխանությունը և Հայաստանը նույնական չեն: Բողոքել Նիկոլ Փաշինյանի դեմ, որ բացառում է ղարաբաղյան նոր շարժումը, չի նշանակում աշխարհով մեկ հայտարարել, որ այսօրվա «թուրքազերծված» Հայաստանը ղարաբաղյան շարժման արդյունքն է, և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դրան է պարտական, որ կարողանում է հանգիստ այցելել Վարդենիս, Վայք, Մասիս:
Եթե Գեղամ Մանուկյանը կարծում է, որ Բաքվում իր ելույթը չեն լսում և ենթատեքստը չեն հասկանում այնպես, ինչպես ինքն է ասել, ապա նա սխալվում է: Ադրբեջանի ԱԳՆ-ն կամ Միլլի մեջլիսը, իհարկե, այդ կապակցությամբ հայտարարություն հազիվ թե անեն: Բայց կարելի է համոզված լինել, Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության «դատավարության» մի փուլում նրա ելույթի տեսագրությունը հրապարակվելու է: Եվ ալիևյան «պետական մեղադրողը» դա ներկայացնելու է որպես «անհերքելի ապացույց, որ Հայաստանում ադրբեջանցիները ենթարկվել են էթնիկ զտման»:
Նույն կերպ դա օգտագործելու է «Արևմտյան Ադրբեջան» ՀԿ-ն, երբ Ալիևի աշխատակազմից միջազգային հանրությանը դիմելու հերթական հրահանգն ստանա: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ական պատգամավորներին «կսմթելու» ուրիշ առիթ և ռեսուրս չկա՞ր, անպայման ղարաբաղյան շարժման «գլխավոր ձեռքբերո՞ւմը» պիտի փաստարկ բերվեր:
