Ռուսաստանի հետ պատերազմում Եվրամիությունը շարունակում է աջակցել Ուկրաինային: «Ապրել եմ ուզում» ուկրաինական կազմակերպությունը հայտնել է, որ առաջիկայում տեղեկություններ կհրապարակի նաեւ Ռուսաստանի կողմից պատերազմող՝ այլ երկրների քաղաքացի վարձկանների մասին:
Վահրամ Աթանեսյան
Զելենսկին լիազորվա՞ծ է զգուշացնել
Ուկրաինայի պաշտպանության նախարարության եւ Հետախուզության գլխավոր վարչության հովանու ներքո գործող «Ապրել եմ ուզում» կենտրոնը «Ռուսաստանի կողմից պատերազմին մասնակցող ղազախստանցի վարձկանների ցուցակ» է հրապարակել: Այդ առթիվ Ուկրաինայում Ղազախստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Կատրենովը եւ գլխավոր հյուպատոս Բետալիմովը հանդիպել են ռազմագերիների հարցով ուկրաինական կոորդինացիոն կենտրոնի ներկայացուցիչների հետ:
Ըստ տեղեկությունների, ուկրաինական կողմը ներկայացրել է կոնկրետ տվյալներ: Մասնավորապես տրամադրել է «զոհված վաթսունութ ղազախստանցիների տվյալները»: Ղազախական կողմը հայտարարել է, որ կհետաքննի ցանկացած դեպք: Պաշտոնական Աստանան վստահեցրել է, որ բացատրական աշխատանքներ է տանում, քարոզում, որ վարձկանությունը քրեորեն պատժելի է: Վերջին ընդգծումները, կարծես, անուղղակի վկայում են, որ ղազախստանցիներ, այնուամենայնիվ, Ռուսաստանի կողմից պատերազմին մասնակցում են:
Տեղեկատվական արտահոսքը, որ, անկասկած, կազմակերպվել է Ուկրաինայի քաղաքական ղեկավարության իմացությամբ, հաջորդում է Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահների հեռախոսազրույցին, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են համաձայնեցնել առաջիկա բարձր մակարդակի հանդիպումների ժամանակացույցը: Ղազախստանի նախագահ Տոկաեւը վերահաստատել է, որ կմասնակցի մայսի 9-ի տոնակատարություններին:
Պուտին-Տոկաեւ հեռախոսազրույցն իր հերթին հաջորդել է Սամարղանդում ապրիլի 3-4-ին գումարված Եվրամիություն-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովին: Եվրամիությունը ծրագրում է առաջիկա տարիներին Կենտրոնական Ասիայում 13,5 միլիարդ եվրոյի ներդրումներ կատարել: Դա խոշոր նախագիծ է, որի կարեւորությունը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական է եւ, բացառված չի, անվտանգային է:
Ռուսաստանին, բնականաբար, Եվրամիություն-Կենտրոնական Ասիա համագործակցությունը ձեռնտու չէ: Մոսկվան ինքն է ծրագրում հասնել եվրաասիական ավելի լայն ինտեգրացիայի, քան ԵԱՏՄ-ն է: ԵՄ-Կենտրոնական Ասիա համագործակցությունը կարող է նվազագույնի հասցնել Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը: Ահա թե ինչու Վլադիմիր Պուտինը փորձում է ազդել Ղազախստանի վրա, որ Կենտրոնական Ասիայի առաջատար երկիրն է:
Հրապարակայնացնելով Ռուսաստանի կողմից իր դեմ պատերազմին Ղազախստանի քաղաքացի հանդիսացող անձանց մասնակցությունը, Վլադիմիր Զելենսկին փաստացի զգուշացնում է Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին, որ Ռուսաստանի հետ եվրաասիական լայն ինտեգրացիայի նախագծին աջակցությունը կարող է խարխլել Եվրամիություն-Կենտրոնական Ասիա տնտեսական համագործակցությունը: Կենտրոոնական Ասիայի երկրները, չնայած որ տիրապետում են բնական մեծ պաշարների, ունեն մարդկային մեծ ներուժ եւ կոմունիկացիաների ազատություն, չեն հաղթահարում խորհրդային ժառանգությունը, չունեն տնտեսության արդիականացման հստակ հայեցակարգ: Տարածաշրջանի իդեալն այդ առումով Ղազախստանն է, որի նախագահը փորձում է կիրառել «տնտեսական թռիչքի» սինգապուրյան օրինակը:
Այդ նպատակին հասնելու համար Տոկաեւը քննարկումներ է անցկացրել Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի հետ: Կենտրոնական Ասիայում զգալի ներկայություն ունի նաեւ Չինաստանը: Վերջին տասնամյակում զգալիորեն ամրապնդվել են նաեւ Թուրքիայի դիրքերը, Ղազախստանի եւ Ուզբեկստանի հետ հեռանկարային պայմանագրեր ունի նաեւ Ադրբեջանը: Այդ բոլոր նախագծումները, սակայն, ի դերեւ կելնեն, եթե Ռուսաստանին հաջողվի իրացնել «Մեծ Եվրասիայի» սեփական նախագիծը:
Ղազախստանցի վարձկանների թեմայի ակտուալացումն, անկասկած, Աստանային ստիպելու է ավելի զգուշավոր գործել: Ռուսաստանի հետ պատերազմում Եվրամիությունը շարունակում է աջակցել Ուկրաինային: «Ապրել եմ ուզում» ուկրաինական կազմակերպությունը հայտնել է, որ առաջիկայում տեղեկություններ կհրապարակի նաեւ Ռուսաստանի կողմից պատերազմող՝ այլ երկրների քաղաքացի վարձկանների մասին: Խոսքն, ամենայն հավանականությամբ, առաջին հերթին հետխորհրդային երկրների մասին է, որոնց նույնպես Զելենսկին զգուշացնում է: Ըստ երեւույթին, այդ հարցում նա «լիազորված է» Եվրահանձնաժողովից:
Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան
