Որքանով մենք ենք արդարացի, երբ դաշնակիցներ ենք փնտրում, նույնքանով արդարացի է հակառակորդը, երբ իր դաշնակիցներին է փնտրում: Պատերազմում կամ հաղթում են, կամ՝ պարտվում: Կամ էլ օտար միջամտությամբ ընդունում «հաշտության պայմանները»: Մեր ընտրությունը պետք է կատարենք ինքներս»:
Վահրամ Աթանեսյան
«Սա, Պարոնայք-Ընկերներ, Պա-տե-րազմ է»
«Ինչո՞ւ է կրակում հակառակորդը: Ես զարմանում եմ, որ մարդիկ դրանից զարմանում եւ ճիգ են անում բացատրություն գտնել: Լսեք, պարոնայք-ընկերներ, դուք տեղյակ չե՞ք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը տարեմուտի գիշերն իջել է խրամատներ եւ զինվորներին հրամայել ամեն րոպե այնպես անել, որպեսզի «հայրենի հողն օկուպանտների ոտքի տակ վառվի»: Սա, պարոնայք-ընկերներ, պա-տե-րազմ է: Պատերազմում՝ ինչպես պատերազմում: Եվ հակառակորդի այսօրվա պահվածքը ոչ մի բացատրության չի տրվում, վաղն էլ չի տրվելու»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմաններում արդեն տեւական ժամանակ շարունակվող լարված իրավիճակին, ասաց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:
Մեր զրուցակիցը զարմանում է` առհասարակ, ի՞նչ իմաստ ունի մտասեւեռվել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում հակառակորդը, երբ փաստն առկա է՝ գնդակոծվում են խաղաղ բնակավայրեր, զոհվում, վիրավորվում են քաղաքացիական անձինք. «Որեւէ մեկնաբանություն իրականության հանդեպ նողկալի ոչնչություն է: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե ինչ-որ մեկը հակառակորդին կարող է զսպել, ապա ինչո՞ւ նկատի չունենալ, որ ինչ-որ մեկն էլ կարող է դավագրգռել: Բայց ամենից իրականն այն է, որ հակառակորդը դավագրգռված է ի սկզբանե, ի բնե: Միակ հնարավորությունը հակառակորդին արժանի հակահարվածն է, նույնիսկ՝ ոչ համարժեք պատասխանը: Սա պատերազմ է, եւ դա մեր ընտրությունն է: Նողկալի է, երբ այդ ընտրության համար փորձ ենք անում վկայակոչել ուրիշների համակրանքը կամ հակակրանքը: Որքանով մենք ենք արդարացի, երբ դաշնակիցներ ենք փնտրում, նույնքանով արդարացի է հակառակորդը, երբ իր դաշնակիցներին է փնտրում: Պատերազմում կամ հաղթում են, կամ՝ պարտվում: Կամ էլ օտար միջամտությամբ ընդունում «հաշտության պայմանները»: Մեր ընտրությունը պետք է կատարենք ինքներս»:
Պարոն Աթանեսյանը հիշեցնում է թեւավոր արտահայտությունը`պատերազմը չափազանց դժվար գործ է, որպեսզի միայն գեներալներին վստահվի: Բայց, մեր դեպքում, ըստ նրա, ճիշտ հակառակն է՝ պետք է վստահել միայն գեներալներին եւ բանակային ինֆորմացիային:
Աղբյուրը՝ aravot.am
