Հայաստան

Պետության Նվիրյալը

Նրա հետ զրույցները բաց դասեր էին ուրիշների համար՝ այնքան գիտելիք կար և ադեկվատ մտածողություն։

Ռոբերտ Անանյան

Հայաստանը կորցրեց շատ ազնիվ, իրեն անվերապահ սիրող քաղաքացու՝ Արմեն Հովհաննիսյանին։ Մեծ ցավ և շատ ծանր կորուստ է Արմենի մահը։ Արմենը ինձ համար միանշանակ կերպար է՝ Հայաստանի անկախության և ինքնիշխանության գաղափարներ դավանող, այդ նպատակի համար ելքեր փնտրող։ Քիչ ունենք մարդիկ, ովքեր կարող են գաղափարական մարտիկ համարվել, հավատարիմ մնալ իրենց իդեաներին՝ համատարած ստի, կեղծիքի, փոթորիկների մեջ։

Արմենը ոչ միայն խոսել է, այլև գործել նույնիսկ այն ժամանակներում, երբ հասարակությունը պատած մոխրագույնից տարբերվելը անվտանգ չի եղել։ Արմենը միանշանակ վառ և դրական գույն էր, որը երբեք չփոխեց իր երանգը։ Արմենը չփոխվեց նույնիսկ այն ժամանակներում, երբ սեփական գույնը պահելը չափազանց բարդ էր կամ անհնարին։

Արմենը ազնիվ սիրով էր սիրում մեր երկիրը՝ առանց որևէ բան պահանջելու կամ ակնկալելու դրա դիմաց։ Նրան կարելի էր վստահել ամենածանր թեմաներով հրապարակային զրույցները՝ այն համոզմամբ, որ պետությանը նվիրված մարդու հետ ես խոսում, ով պետականամետ է՝ ոչ թե զրույցից զրույց, այլ իր կենսագրությամբ։ Քաղաքացիական և քաղաքական պայքարի էջերը, որ գրվել են նաև Արմենի ձեռքով, եղել են Հայաստանի քաղաքացիական գիտակցության բարձրացման, քաղաքական հասունության վառ շրջաններ։ Նրա հետ զրույցները բաց դասեր էին ուրիշների համար՝ այնքան գիտելիք կար և ադեկվատ մտածողություն։ Ծրագրել էինք այսօր հանդիպել Ֆակտոր թիվիում, բայց 16։00-ն այսօր դատարկ կմնա, սիրելի Արմեն։

Արմենը գնաց, բայց մենք կապրեցնենք նրա անկախական գաղափարները, Հայաստանի հզորացման նպատակը, որոնց նվիրված էր։ Ցավակցում եմ Արմենի ընտանիքի անդամներին, ընկերներին, մեզ բոլորիս։ Քո գաղափարները ընդմիշտ կլինեն մեր սրտերում և մտքերում։

Աղբյուրը ՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/robert.ananyan

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *