Ադրբեջանի զինվորականության ներկայացուցիչները, սակայն, չեն ներկայացրել նաեւ Արցախը լքելու պահանջ: Համենայնդեպս, նման բովանդակությամբ թռուցիկներ ոչ մի բնակավայրում չեն տարածվել, հայտարարություն չի արվել ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ բարձրախոսերով:
Վահրամ Աթանեսյան
Մաս 67
Սեպտեմբերի 20-ից մինչեւ 24-ը Ստեփանակերտում, ամենայն հավանականությամբ, ոչ մի հստակություն չի եղել Պաշտպանության բանակի զինծառայողների եւ խաղաղ բնակչության մնալ-չմնալու հարցում: Այդ է վկայում փաստը, որ հակաահաբեկչական պատերազմում տասնյակ զոհվածներ սեպտեմբերի 24-ին հուղարկավորվել են Ստեփանակերտի հուշահամալիրում: Նույն օրվա վերջին, սակայն, սկսվել է Մարտակերտ քաղաքի խաղաղ բնակչության տարհանումը:
Նման որոշում ընդունվել է, երբ ադրբեջանական ստորաբաժանումները վերջնագիր են ներկայացրել, որ եթե մինչեւ հաջորդ օրվա լուսաբաց քաղաքը եւ հարակից բնակավայրերը չդատարկվեն, ապա տեղի կունենա ներխուժում: Սեպտեմբերի 24-ի երեկոյան Մարտակերտի շրջանի ամբողջ խաղաղ բնակչությունն արդեն Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին էր եւ սպասում էր թույլտվության, որպեսզի շարասյուներով շարժվի դեպի Գորիս:
Ականատեսների վկայությամբ՝ նույն օրն Ադրբեջանը վերականգնել է Ստեփանակերտի էլեկտրամատակարարումը, բայց ոչ մի երաշխիք, որ մարդիկ կարող են մնալ իրենց տներում, չի տրվել: Ադրբեջանի զինվորականության ներկայացուցիչները, սակայն, չեն ներկայացրել նաեւ Արցախը լքելու պահանջ: Համենայնդեպս, նման բովանդակությամբ թռուցիկներ ոչ մի բնակավայրում չեն տարածվել, հայտարարություն չի արվել ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ բարձրախոսերով:
Չկան վկայություններ, թե ինչպես է կազմակերպվել Պաշտպանության բանակի զինաթափումը, փաստացի ում է հանձնվել սպառազինությունների ողջ պաշարը: Ծայրահեղ ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել բուժհաստատություններում, որտեղ տեղափոխվել են բազմաթիվ վիրավորներ, այդ թվում՝ քաղաքացիական անձինք:
Այդ օրերին Արցախի իշխանության ներկայացուցիչներն ադրբեջանական կողմի հետ ի՞նչ շփումներ են ունեցել՝ փաստական տեղեկություններ չկան: Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ սեպտեմբերի 20-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ Ջեյհուն Շադլինսկին Շուշիից տեղափոխվել է Ստեփանակերտ եւ նստավայր ընտրել ԼՂՀ կառավարության ընդունելությունների տունը:
Լրագրող Թաթուլ Հակոբյանի վերջերս հրապարակած տեղեկություններով՝ Շադլինսկին հանդիպումներ է ունեցել Արցախի նախկին արտգործնախարար, նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ: Արդեն սեպտեմբերի 18-ին Դավիթ Բաբայանը ֆեյսբուքի իր անձնական էջում գրառում է կատարել, որ Ադրբեջանը պահանջել է ներկայանալ եւ «հանձնվել արդարադատությանը», եւ ինքը որոշել է կատարել այդ պահանջը:
Ըստ Թաթուլ Հակոբյանի, Դավիթ Բաբայանը ոչ թե Շուշի է մեկնել, այլ՝ կառավարության ընդունելությունների տուն, որտեղ էլ նա ձերբակալվել է: Բաբայանի ձերբակալության մասին հաղորդագրություն սեպտեմբերի 30-ին, սակայն, տարածել է ոչ թե Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը, այլ՝ գլխավոր դատախազությունը: Ըստ այդմ, Ադրբեջանը Դավիթ Բաբայանի նկատմամբ քրեական գործ հարուցել է 2020 թվականի հոկտեմբերի 28-ին՝ «պատերազմ հրահրելու» եւ այլ մեղադրանքներով:
Արցախի բռնատեղահանումից հետո հայտնվելով Ստեփանակերտում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ցույց տալով նախագահական նստավայրը, հիշել է, որ «այնտեղ նստածներից մեկն ասում էր, որ Ադրբեջանն այստեղ կարող է միայն իր դեսպանատան շենքում պետական դրոշ բարձրացնել»: Այդ միտքը հնչեցրել է Դավիթ Բաբայանը՝ զբաղեցնելով Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը՝ քառասունչորսօրյա պատերազմից տարիներ առաջ:
Ֆեյսբուքյան գրառմամբ Դավիթ Բաբայանն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ Ադրբեջանի պահանջը չկատարելու կամ փախուստի դիմելու դեպքում ինքը կվնասի «մեր բազմաչարչար ժողովրդին, շատ ու շատ մարդկանց», եւ ինքը՝ «որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր եւ քրիստոնյա» դա չի կարող թույլ տալ:
Սեպտեմբերի 28-ին, երբ Դավիթ Բաբայանը ներկայացել եւ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ձերբակալվել է, Արցախի խաղաղ բնակչության մեծ մասն արդեն կամ հատել էր Հակարիի անցակետը, կամ գտնվում էր ճանապարհին: Դիտարժան է, որ նույն օրն Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնել է, որ նախագահ Սամվել Շահրամանյանն ստորագրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լուծարելու մասին հրամանագիրը: Դա կապ ունե՞ր Դավիթ Բաբայանի ձերբակալության հետ՝ մնում է չպարզված:
(Շարունակելի)
