Մեր՝ առաջին քրիստոնյա պետության եկեղեցին այնքան պասիվ էր հոգևոր դիվանագիտության ոլորտում, որ Ալիևի հիմնադրամը իրենից առաջ անցավ ու Վատիկանն իրենով արեց։ Տեսա գրառումներ, որ վերջերս ՀԱԵ֊ն Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր ժառանգության ոչնչացման և այլ հարցերը բարձրացրել է միջազգային համաժողովում։ Ողջունում եմ և հույս ունեմ, որ այդ միտումը կշարունակվի, սակայն ինչու՞ այսքան ուշացումով, ինչու՞ եկեղեցին հոգևոր դիվանագիտության մեջ ակտիվ չէր նախորդ վճռորոշ տարիներին։
Սոսի Թաթիկյան
Կարծում եմ, որ պետություն֊եկեղեցի սրված հակամարտության մեջ շեշտադրումները փոխելու կարիք կա։ Իրական խնդիրների փոխարեն ուշադրության կենտրոնում են հայտնվել երկրորդական հարցեր։
Երբ ես ցածր դպրոցական տարիքում էի, հայ ամենաբարձրաստիճան հոգևորականներից մեկը այդ ժամանակվա իր քաղաքացիական զուգընկերուհու հետ եկավ մեր տուն՝ հայտնի լրագրող տատիկիս հյուր։ Սեղան էինք գցել, քանի որ թե ինքը, թե ընկերուհին /ով սփյուռքահայ հանրահայտ գործիչ էր/ կարկառուն մարդիկ էին, և տիկինը տատիկիս ընկերուհին էր։ Չհարցնեք անունները, չեմ ասելու, սակայն նրանց կապը հանրահայտ էր։ Հետո այդ տիկինը մահացավ, ու հոգևորականը նոր ընտանիք ձևավորեց։ Դա չխանգարեց որպես հոգևորական նրա հետագա կարիերային։
Այդ ժամանակվանից իմացել եմ, որ հոգևորականները խախտում են կուսակրոնությունը։ Սակայն ավելի լավ չէ՞ եկեղեցական բարեփոխումներ հայտարարել ու վերացնել կուսակրոնությունը, որը 2025 թվականին անբնական ու անիմաստ է դարձել։ Այդ հնացած արգելքը հոգևորականներին դրդում է գաղտնի կապերի, իսկ նրանց գաղտնի կանանց ու երեխաներին դարձնում է պոտենցիալ թիրախ հասարակության կողմից։ Այստեղ չեմ կարող չնշել, որ անձնական կյանքին միջամտելը դեմ է լիբերալ գաղափարախոսությանը, որի արժեքները առանցքային են եղել հեղափոխության ժամանակ։
Կարծում եմ, որ պետություն֊եկեղեցի հակամարտության սրման առանցքը դարձավ կուսակրոնությունը, քանի որ եկեղեցու ներկայացուցիչները սկսեցին թիրախավորել վարչապետի ամուսնական կարգավիճակը, որն անկեղծ ասած աբսուրդի ժանրից է։ Ակնհայտ է, որ վարչապետը նվիրված է իր կնոջն ու երեխաներին, և այն, թե դա զուտ քաղաքացիական, թե պաշտոնական ամուսնություն է, որևէ եվրոպական երկրում երբևէ չէր կարող խնդիր դառնալ։ ԱՄՆ֊ում խնդիր դարձան Քլինթոնի կողմից իր մոտ ինտերն աշխատող Մոնիկայի հանդեպ սեռական ոտնձգությունները, որը բավականին տգեղ պատմություն էր, քանի որ ոչ միայն ամուսնական անհավատարմություն էր Հիլարիի հանդեպ, այլև սեռական ոտնձգություն էր պաշտոնական դիրքի / իշխանության չարաշահման ու երիտասարդ ինտերն կնոջը նսեմացնելու կոպիտ տարրերով։ Ֆրանսիայում քննարկման առարկա են դարձել նախագահների կողմից կնոջը զուգահեռ այլ, գաղտնի կանայք ու երեխաներ ունենալը, ինչպես օրինակ Ժակ Շիրակի ու Միտերանի դեպքում։ Սակայն իրական խնդիր դարձավ նախագահի թեկնածու Դոմինիկ Ստրաուս Կլանի սկանդալային սեքսուալ կյանքը /օրգիաներ և այլն, հիվանդության աստիճանի հասնող սեքսուալ մանիակ լինելու մասին լուրերը/, որի կիզակետը դարձավ նրա՝ նախագահի թեկնածու եղած ժամանակ ԱՄՆ այցելելիս հյուրանոցի մաքրուհու հանդեպ սեռական ոտնձգությունը, որի բացահայտման հետևանքով նա ստիպված էր դուրս գալ ընտրապայքարից։ Արդյունքում, Մակրոնը դարձավ նախագահ, չնայած հակասական մեկնաբանությունների թեմա հանդիսացող ոչ կոնվենցիոնալ ամուսնությանը։ Իսկ Ֆրանսուա Հոլլանդի կյանքը ինչքան ինձ հայտնի է երբևէ խնդիր չի դարձել, թեև նա ներկայիս իր պաշտոնական կնոջից առաջ, ում հետ ամուսնացել է նախագահությունից հետո, ուներ երկու քաղաքացիական կին /ոչ միաժամանակ/, որոնցից առաջինից՝ Սեգոայեն Ռոյալից ունի երեք երեխա և ում նախարար էր նշանակել, քանի որ նա ոչ միայն իր քաղաքացիական կինն էր, այլև նույն՝ սոցիալիստական կուսակցության առանցքային գործիչ, իսկ երկրորդի հետ, ով հայտնի լրագրող էր, քաղաքացիական ամուսնության մեջ էր նախագահ եղած ժամանակ։ Սարկոզին երկրորդ անգամ ամուսնացավ նախագահ եղած ժամանակ, և նրա կինը՝ Կառլա Բրունին, հայտնի երգչուհի ու մոդել է, ում անձնական կյանքի մասին կային աղմկահարույց լուրեր։ Իտալիայի նախկին նախագահ Բերլուսկոնին դատական գործընթացների մեջ է եղել, քանի որ նրան մատուցում էին դեռահաս կանանց նրա հաճույքների բավարարման համար, որոնք նաև դրա համար դրամական փոխհատուցում էին ստանում։ Տրամպը նույնպես դատական գործընթացների մեջ է եղել անձնական պատմությունների պատճառով, և նրա կնոջ մոդելային կարիերայի վերաբերյալ կան հետաքրքիր լուսանկարներ և պատմություններ։ Եվրոպան ու ԱՄՆ֊ն մի կողմ թողնենք՝ ՀԱԵ֊ին որպես գործիք օգտագործող Հայաստանի պահպանողական քաղաքական շրջանակների կուռք Պուտինը կնոջից վաղուց բաժանվել է և ըստ հանրահայտ տեղեկությունների, ունի անօրինական կին և նրանից՝ երեխաներ, որոնց թաքնում է, և ովքեր Եվրոպայում ապրում են մեծահարուստի կյանքով։ Այս ֆոնի վրա և անգամ անկախ այդ ֆոնից, Հայաստանի վարչապետի անձնական կյանքը օրինակելի է։
Իրական խնդիրը ոչ վարչապետի ամուսնական կարգավիճակն է, և ոչ էլ հոգևորականների կուսակրոնությունը, այլ պետություն֊եկեղեցի քաղաքական տարաձայնություններն են։ Իրական խնդիրը եկեղեցու գործիքայնացումն է եղել վերջին տարիներին Հայաստանի ընդդիմադիր շրջանակների և որ ամենավատն է՝ Կրեմլի կողմից։ Խնդիրը եղել է այն, որ հայ հոգևորականները մեդալներ են ստացել Ռուսաստանի Դաշնությունից այն ժամանակ, երբ այն հիբրիդային պատերազմ է մղել Հայաստանի հանդեպ, որում անթաքույց դեր են խաղացել որոշ բարձրաստիճան հոգևորականներ։ Իրական խնդիրն այն է, որ եկեղեցին շատ պասիվ է եղել Արցախում շրջափակման, այնտեղ մշակութային հուշարձանների ոչնչացման խնդիրները բարձրացնելու առումով։ Արցախի շրջափակման ժամանակ հոգևորականները կարող էին մեծ միջազգային աղմուկ բարձրացնել, կարող էին երթ կազմակերպել շրջափակված Լաչինի միջանցք, կարող էին Վատիկանին ու ինչու ոչ, ռուսական ուղղափառ եկեղեցուն խեղդել խնդրանքներով և պահանջներով, սակայն դա չարվեց։ Կարող էին անգամ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հետ երկխոսություն փորձել՝ քրիստոնյա֊մուսուլման հոգևոր երկխոսություն տեսել եմ Աֆրիկայի հակամարտությունների ժամանակ։ Ես այս ամենը նոր չեմ ասում, այլ առաջարկել եմ շրջափակման ժամանակ։ Մեր՝ առաջին քրիստոնյա պետության եկեղեցին այնքան պասիվ էր հոգևոր դիվանագիտության ոլորտում, որ Ալիևի հիմնադրամը իրենից առաջ անցավ ու Վատիկանն իրենով արեց։ Տեսա գրառումներ, որ վերջերս ՀԱԵ֊ն Ադրբեջանի կողմից հայկական հոգևոր ժառանգության ոչնչացման և այլ հարցերը բարձրացրել է միջազգային համաժողովում։ Ողջունում եմ և հույս ունեմ, որ այդ միտումը կշարունակվի, սակայն ինչու՞ այսքան ուշացումով, ինչու՞ եկեղեցին հոգևոր դիվանագիտության մեջ ակտիվ չէր նախորդ վճռորոշ տարիներին, երբ հնարավոր էր կանխել Արցախի կորուստը, որի հարցերը նրանք հիմա են բարձրացնում։
Երբ անցյալ տարի սրբազան էր հայտնվել մեր ներքաղաքական պայքարի կիզակետում, որոշ հայեր սկսեցին Կիպրոսի նախկին առաջնորդ, պետության ղեկավար դարձած հոգևորական Մակարիոսին հիշատակել որպես դրական օրինակ։ Ես անցյալ շաբաթ Կիպրոսում մասնակցեցի երեք օրանոց ակադեմիական կոնֆերանսի և դրան հետևած երկու օրանոց դաշտային այցելությունների, որոնք իմ համար շատ ցավոտ էին, քանի որ տատիկս Կիպրոսում է ծնվել, իր քույրերը ամբողջ կյանքում այնտեղ են ապրել, իսկ ծնողները սպանվել են հակամարտության ժամանակ։ Լսեցի կիպրացի հույն և թուրք պրոֆեսորների ու գիտահետազոտողների տասից ավելի զեկույց։ Միանշանակ է, որ Մակարիոսի կոշտ մոտեցումները հանգեցրել են հակամարտության խորացմանն ու դրա փակուղի մտնելուն, և ներկայիս Կիպրոսը տխուր ու անելանելի վիճակում է՝ սպասելով իրավիճակի վատթարացման։ Այն նույն կերպ, ինչպես Արցախի հարցում երկու պատերազմների միջև ընկած ժամանակամիջոցում մեր կոշտ դիրքորոշումները հանգեցրեցին նոր պատերազմի ու Արցախի կորստի, և դա տեղի ունեցավ այն նույն քաղաքական շրջանակների կողմից, որոնք վերջին տարիներին ՀԱԵ֊ն դարձրել են քաղաքական պայքարի դերակատար։
Իրական խնդիրը քաղաքական է, այլ ոչ թե բարոյական, տիկնայք և պարոնայք։ Միաժամանակ, գտնում եմ, որ պետություն֊եկեղեցի հարցերը պետք է լուծվեն կառուցողական երկխոսության միջոցով, հակառակ դեպքում այդ հակասությունները շահարկվում են ադրբեջանական քարոզչական ապարատի կողմից և օգտագործվում Մոսկվայի հետ կապված և որպես հիբրիդային պատերազմի գործիք օգտագործվող հայկական քաղաքական շրջանակների կողմից։
Աղբյուրը՝ Սոսի Թաթիկյանի ֆեյսբուքյան էջից
