Հայաստան

Իրանը Կհամաձայնի՞ Միջանցքին

Այս հարցում Իրանի դիրքորոշումը, ինչպես արդեն նշեցի, առաջնահերթ բխում է իր իսկ կենսական շահերից և ոչ թե «հանուն Հայաստանի», հետևաբար Իրանի գործողությունները նախ և առաջ պայմանավորված են լինելու սեփական շահերով։

Ժաննա Վարդանյան

Այսօր չկա որևէ ցուցիչ, որ Իրանը կարող է որևէ պայմանի ներքո համաձայնել «միջանցքի» բացմանը. Ժաննա Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը 

– «Զանգեզուրի միջանցքի» բացումը կամրապնդի Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները,– թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Ռեջեփ Էրդողանը և հավելել,– մենք ակնկալում ենք, որ մեր հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»։ Տիկի՛ն Վարդանյան, կա՞ն նախադրյալներ, որ իրանական կողմը կարող է աջակցել այդ ուղու բացմանը։

– Առաջին անգամը չէ, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում Թուրքիայից հիշատակում են Իրանին։ Նույն Էրդողանը նախկինում հայտարարել է, որ միջանցքի հարցում հիմնական խոչընդոտը Թեհրանն է։ Եվ այս նոր հայտարարությունը ևս պետք է դիտարկել այդ համատեքստում՝ որպես կոչ Իրանին համաձայնել «միջանցքի» ստեղծմանը։ 

Ինչ վերաբերում է նախադրյալներին, ապա վերջին հինգ տարիների ընթացքում, այդ թվում՝ այսօր, իրանական կողմի արտահայտած դիրքորոշումներում չկա որևէ ցուցիչ, որ նրանք պատրաստվում են աջակցել «միջանցքին»։ Իրանական կողմի դիրքորոշումը շարունակում է լինել այն, որ իրենք կողմ են միայն այն երթուղու բացմանը, որը կլինի Հայաստանի ինքնիշխանության ու վերահսկողության ներքո։ Իսկ «միջանցքն» Իրանում ընկալում են որպես հայ-իրանական սահմանի գոյության սպառնալիք։

– Թուրքիան ու Ադրբեջանն այս ողջ ընթացքում փորձել են ստանալ Իրանի համաձայնությունն այս հարցում, բայց դեռ չեն ստացել, ինչո՞ւ, դիվանագիտական լավ աշխատանք չե՞ն տանում, թե՞ Իրանի կենսական շահերին է դեմ սա։

– Սա Իրանի ազգային շահերին առնչվող հարց է, հետևաբար այստեղ նրանք առաջնորդվում են ըստ իրենց շահերի։ Եթե նախկինում Իրանի համար կենսական ու առաջնահերթ էր Մերձավոր Արևելքը, այսօր արդեն նաև Հարավային Կովկասը։ Սա է փաստում այս տարածաշրջանում վերջին տարիների Իրանի ակտիվությունը։

– Ի՞նչ պայմանով Իրանը, ըստ ձեզ, կհամաձայնի այդ նախագծին, թե՞ որևէ պայման չի փոխի Իրանի դիրքորոշումը։

– Այսօր չկա որևէ ցուցիչ, որ Իրանը կարող է որևէ պայմանի ներքո համաձայնել «միջանցքի» բացմանը։ Այլ հարց է, թե Իրանն ինչպիսի դերակատարում ունակ կլինի դրսևորել՝ հաշվի առնելով Իսլամական Հանրապետության շուրջ շարունակ առկա լարվածությունը։  

– Ձեր գնահատմամբ՝ Հայաստանը դիվանագիտական արդյունավետ աշխատանք տանո՞ւմ է, որ Իրանն այս հարցում հաստատակամ մնա՝ հօգուտ մեր շահերի։

– Այս հարցում Իրանի դիրքորոշումը, ինչպես արդեն նշեցի, առաջնահերթ բխում է իր իսկ կենսական շահերից և ոչ թե «հանուն Հայաստանի», հետևաբար Իրանի գործողությունները նախևառաջ պայմանավորված են լինելու սեփական շահերով։

Քրիստինե Աղաբեկյան

Աղբյուրը՝MediaLab.am https://medialab.am/300816/

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *