Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Ստեփանակերտում պարետային ժամին շոգեբաղնիք կարող էր աշխատել միայն մի դեպքում՝ եթե Կրիվոպուսկովի եւ Ժորւայլովի «սանմաքրման անհրաժեշտությունը» համաձայնեցված լիներ Արտակարգ դրության շրջանի զինվորական պարետ գեներալ Սաֆոնովի հետ:

Վահրամ Աթանեսյան

Մաս 4

Վիկտոր Կրիվոպուսկովի գրքում ուշագրավ է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումը: Նա վկայում է, որ Ղարաբաղյան Շարժման այդ երեք «ամենավառ ներկայացուցիչներին ծանոթանալու, նրանց տեսակետները լսելու եւ ասածների ճշմարտացիության մեջ համոզվելու» խորհուրդ իրեն խոհանոցային թեյախմության ժամանակ տվել է Զորի Բալայանը:

Կարելի է ենթադրել, որ Կրիվոպուսկովը Զորի Բալայանի հետ նրա մոր մեկ սենյականոց բնակարանում հանդիպել է հենց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով կամ նրան հանձնարարվել է Ստեփանակերտի «հեղափոխական ընդհատակի» հետ կապ հաստատել ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, հայտնի գրող եւ հրապարակախոս, միութենական «Լիտերատուրնայա գազետա»-ի Հայաստանում սեփական թղթակից Զորի Բալայանի միջնորդությամբ, որ Մոսկվայի ստեղծագործական մտավորականության եւ քաղաքական շրջանակների հետ վաղեմի կապեր ուներ:

Ի տարբերություն Զորի Բալայանի հետ հանդիպման, Կրիվոպուսկովն ասում է, որ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Արկադի Ղուկասյանի հետ ծանոթանալու է գնացել օպերատիվ-քննչական խմբի ղեկավարի քաղաքական գծով տեղակալ փոխգնդապետ Եվգենի Ժուրավլյովի հետ: «Այդ մասին, իհարկե, տեղյակ էր գնդապետ Գուդկովը»,- գրում է նա: Խոսքը ԼՂ-ում ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննչական խմբի ղեկավար Գուդկովի մասին է, որ աշխատում էր ադրբեջանական Կազմկոմիտեի եւ Արտակարգ դրության զինվորական պարետի հետ սերտ համագործակցությամբ՝ ինչպես ուժային բոլոր կառույցները, այդ թվում՝ ՆԳ եւ ՊԱԿ-ի ղարաբաղյան վարչություններն առհասարակ:

Ինչպես Զորի Բալայանի հետ հանդիպմանը, այս անգամ էլ Կրիվոպուսկովի «կապավորի» դերում հանդես է գալիս ՆԳ Ստեփանակերտի քաղբաժնի պետի տեղակալ կապիտան Մավրեն Գրիգորյանը: Ըստ հեղինակի՝ հյուրանոցի իր համարում ուշ ժամի հեռախոսազանգ է հնչում, եւ կապիտան Գրիգորյանը հարցնում է՝ չէ՞ր ցանկանա նա շոգեբաղնիք վայելել:

Կրիվոպուսկովն, իհարկե, ընդունում է այդ «հրաշալի գաղափարը», որովհետեւ Ստեփանակերտում ջուր մատակարարվում էր օրը մի քանի ժամ, իսկ քաղաքային բաղնիքում լողանալուն պետք է սպասեին յոթից-տասը օր: «Իջնելով Կիրովի պողոտայով, կապիտան Գրիգորյանը մեքենան թեքում է աջ, եւ ես հիշում եմ, որ այդ՝ ադմիրալ Իսրակովի փողոցի վրա է Զորի Բալայանի մոր բնակարանը»,- նկարագրում է Կրիվոպուսկովը:

Ըստ նրա՝ կանգ են առնում մի շենքի բակում, որտեղ «երկու-երեք հոգով տղամարդիկ էին հավաքված», ինչը հարուցում է փոխգնդապետ Ժուրավլյովի զարմանքը. «Ի՞նչ են անում այդ մարդիկ, չէ՞ որ պարետային ժամ է»: Այստեղ հեղինակը, կարծես, շատ խորքային «վրիպում է թույլ տալիս». Ստեփանակերտում պարետային ժամին շոգեբաղնիք կարող էր աշխատել միայն մի դեպքում՝ եթե Կրիվոպուսկովի եւ Ժորայլովի «սանմաքրման անհրաժեշտությունը» համաձայնեցված լիներ Արտակարգ դրության շրջանի զինվորական պարետ գեներալ Սաֆոնովի հետ:

Իսկ ո՞վ կարող էր Ադրբեջանի Կազմկոմիտեի նախագահ Պոլյանիչկոյի ուղղակի ենթակայությամբ գործող պարետից նման թույլտվություն ստանալ: Ըստ երեւույթին՝ ԽՍՀՄ ՆԳՆ օպերատիվ-քննչական խմբի ղեկավար գնդապետ Գուդկովը: Տրամաբանորեն ստացվում է, որ քննչական խմբի շտաբի պետ Կրիվոպուսկովը Ստեփանակերտի «հեղափոխական ընդհատակի» երեք ներկայացուցիչների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ Արկադի Ղուկասյանի, հետ ծանոթանալու է գնացել Գուդկովի հանձնարարությամբ, իսկ վերջինս, ամենայն հավանականությամբ, նման առաջադրանք ստացել էր Մոսկվայից:

Ե՞րբ է տեղի ունեցել այդ ծանոթությունը: Կրիվոպուսկովը հստակ նշում է հանդիպման վայրը՝ «Ատլանտ» մարզասրահը, բայց ամիս-ամսաթիվ չի նշում: Դատելով մարզասրահի եւ նախաբաղնիքի նկարագրությունից, որտեղ «ջեռուցման մարտկոցներն անգամ ցուրտ էին փչում», նշանակալի ծանոթությունը կայացել է կամ 1990 թվականի ուշ աշնանը, կամ՝ 1991-ի ձմռանը: Կրիվոպուսկովը ներկայացնում է, որ նախաբաղնիքում «իշոտնուկ սեղան կար, եւ երկու անշուք նստարան», իսկ սեղանին սովորույթի համաձայն տնային ուտեստներ էին, ինչ-որ մեկը թթի օղու շիշ էր բերել՝ «հատուկ եղբոր համար քաշած»: Նկարագրությունը քնարական է, խոսակցության մասին տեղեկությունը՝ չափազանց ժլատ:

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *