Միջազգային

Պուտինի Ընտրությունն Ու Ռուսների Ողբերգությունը

Պուտինը կարողացավ անգամ իրեն համակրող՝ Արևմտամետ Ամերիկայի նախագահին իրենից օտարել։ Թրամփը չկարողացավ Ռուսաստանին վերադարձնել «Մեծ յոթնյակի» կազմ, որտեղից նրան դուրս էին հանել 2014-ին, և չկարողացավ նրան ներգրավել եվրոպական դիվանագիտական գործընթացների մեջ։

The New York Times

The New York Times- Պուտինն ավելի ծանր բան պարտվեց, քան պատերազմ

Մայքլ Քիմմիջ — Սառը պատերազմի պատմաբան և ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների մասնագետ

Երբ 2022 թվականին Վլադիմիր Պուտինը սկսեց ներխուժումը, նա խաղադրույք էր անում Արևմուտքի պարտության վրա։ Արևմուտքի անվան տակ նա նկատի ուներ Եվրոպան և Միացյալ Նահանգները՝ կարծելով, թե նրանք կամք չեն ունենա Ուկրաինային փրկելու։ Արևմուտքը, ըստ նրա, պառակտված և անարդյունավետ էր՝ ունենալով մի շարք ձախողումներ Աֆղանստանում, Իրաքում, Լիբիայում և Սիրիայում։ Ռուսաստանի հաղթանակը պետք է հաստատեր, որ Արևմուտքի «ոսկե դարաշրջանը» ավարտվել է՝ ճանապարհ բացելով Չինաստանի և այլ բարձրացող պետությունների հետ դաշնակցության համար, ինչպես նաև Ռուսաստանին վերադարձնելով միջազգային ասպարեզ՝ որպես ինքնուրույն ուժ։

Սակայն այդ խաղադրույքը չարդարացավ։ Պատերազմի ձգձգման ֆոնին Կրեմլը ձևավորեց երկակի ռազմավարություն Արևմուտքի հանդեպ։ Ներսում՝ Արևմուտքը ներկայացվեց որպես թշնամի, որպեսզի ռուսները համախմբվեն Պուտինի շուրջ՝ իբր քաղաքակրթական պայքարի անունով։Արտաքին դաշտում Մոսկվան փորձեց պառակտել Արևմուտքը՝ Ուկրաինային աջակցող դաշինքից կտրելով կասկածող և դժգոհ ուժերին։ Կարծվում էր, թե Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակը նոյեմբերի ընտրություններում կդառնա շրջադարձային՝ Արևմուտքը կքանդվի, և Ուկրաինան կանցնի Ռուսաստանին։ Բայց այդ հույսերը պատրանքային էին։ Սկզբնական խանդավառությունից հետո Թրամփը սառեցրեց իր վերաբերմունքը Ռուսաստանի ղեկավարի նկատմամբ՝ նրան վերջերս անվանելով «խելագար»։ Հնարավոր է՝ նա դեռ փորձում է «բիզնես անել» Պուտինի հետ, բայց այլևս ի վիճակի չէ նվիրել նրան ո՛չ Ուկրաինան, ո՛չ էլ Արևմուտքը։ Այդ հարցում նրան խանգարում են օբյեկտիվ իրողությունները։

Ռուսաստանի պատերազմը շոկ և սարսափ հարուցեց Արևմուտքում՝ դրդելով հավաքական մոբիլիզացիայի Մոսկվան զսպելու համար։ Եվրոպան վճռականորեն լծվեց հակակրեմլյան դիրքորոշման։ Այս փոփոխությունները ո՛չ մակերեսային են, ո՛չ էլ ժամանակավոր. դրանք տասնամյակներով կսահմանափակեն Ռուսաստանի անվտանգային և տնտեսական հեռանկարները։

Ռուսաստանն միշտ էլ Արևմուտքի կարիքն ունեցել և շահել է այդ կապից։ Պուտինը այդ կապը անդառնալիորեն խզեց մի պատերազմով, որիցկարելի էր խուսափել։ Չի կարելի ասել, թե Ռուսաստանն օտար էր Եվրոպային։ Հակառակը՝ սկսած 17-րդ դարից, նա ներառված էր նրա պատմության մեջ։ 18-րդ դարում Ռուսաստանը արդեն կայսրություն էր և Պրուսիայի ու Հաբսբուրգների հետ միասին մասնակցեց Լեհաստանի բաժանմանը։ 1814-ին ռուսական զորքերը մտան Փարիզ։ 19-րդ դարի ընթացքում Ռուսաստանը վճռորոշ դեր ուներ մայրցամաքում խաղաղության և պատերազմի հարցերում։ Ռոմանովները բարեկամական կապեր ունեին եվրոպական արքայական տների հետ, իսկ եվրոպական մշակույթի ներթափանցումը երկրում բերել էր արվեստի վերածննդի։ Եվրոպայից եկող առևտուրը և տեխնոլոգիաները նպաստում էին երկրի հարստությանը և հզորությանը։

Այո, 20-րդ դարում եղել են մեկուսացման շրջաններ։ Բայց նույնիսկ Խորհրդային Միությունը, որն աստեղծվել էր պատերազմով ու հեղափոխությամբ, շարունակում էր մնալ եվրոպական ուժ։ Այն հիանում էր Կարլ Մարքսի գաղափարներով և ձգտում էր ազդեցություն գործել հենց Եվրոպայի վրա։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մոսկվան վերահսկում էր Եվրոպայի կեսը, իսկ մյուս կեսը վախի մեջ էր՝ խորհրդային սպառնալիքից։ 1989-ին, երբ խորհրդային իշխանությունը սկսեց քանդվել, ԽՍՀՄ-ում սկսված բարեփոխումները զուգորդվեցին Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հեղափոխական շարժումների հետ։ Միխայիլ Գորբաչովը այն ժամանակ արտահայտվեց բանաստեղծական ձևով՝ խոսելով «համաեվրոպական տան» մասին՝ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ։

Պուտինի հարաբերությունները Արևմուտքի հետ երբեք ջերմ չեն եղել։ 1990-ականներին նա ձգտում էր կտրուկ կանգնեցնել ՆԱՏՕ-ի ընդլայնումը՝ փոխանակ բանակցելու ռազմաբազաների, զորքերի և հրթիռների տեղակայման ընդունելի պայմանների շուրջ։ Չկարողանալով կառուցել գործունակ համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ՝ Պուտինը տրվեց անկախ Ուկրաինայից ունեցած իր վախերին։ Դա հանգեցրեց Ղրիմի բռնակցմանը և Դոնբաս ներխուժմանը 2014 թվականին։ Ութ տարի անց՝ Ուկրաինան վերահսկելու մոլուցքը վերաճեց աղետալի պատերազմի՝ ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ ամենախորը խզումը Արևմուտքի հետ։

Սակայն սխալ կլինի պնդել, թե Պուտինը ի սկզբանե նպատակ ուներ խզել կապերը Արևմուտքի հետ։ Նա ձգտում էր վերաձևել այդ հարաբերությունները իր օգտին՝ վերադառնալով եվրոպական գործերին որպես խաղացող՝ թուլացնելով Արևմուտքը։ Եթե Ռուսաստանը 2022-ին արագ հաղթանակ տար, նա, գուցե, հասներ իր նպատակին։ Ռուսաստանը կարող էր ամրապնդվել Արևելյան Եվրոպայում։ Թուլացած Արևմուտքը կճանաչեր Ռուսաստանի ուժը, կսկսեր աստիճանաբար կազմալուծել ՆԱՏՕ-ն։ Վախեցած հարևանները կարող էին հեռանալ դաշինքից կամ ԵՄ-ից՝ հուսալով Մոսկվայի գթությանը։ Տրանսատլանտյան դաշինքը՝ Արևմուտքի հենասյունը, կսկսեր ճաքեր տալ։ Բայց ոչինչ չստացվեց։ Փոխարենը՝ Պուտինը Ռուսաստանին պատճառեց շատ ավելի լուրջ վնաս, քան պարզապես չհաղթած պատերազմը. նա ստիպեց Եվրոպային վերակազմավորվել որպես ռազմական հակակշիռ։ Գերմանիան արագորեն մեծացնում է իրռազմական ներուժը։ Եվրոպայում տարածվում ենռազմական համագործակցության նոր ձևաչափեր։ Ֆինլանդիան և Շվեդիան միացան ՆԱՏՕ-ին։

Նույնիսկ Brexit-ը հետին պլան մղվեց այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն կնքեցին անվտանգության կարևոր համաձայնագիր։ Եվրոպան մոբիլիզացնում է իր ռեսուրսները՝ թույլ չտալու համար, որ Ռուսաստանը վերադառնա։ Գործընկերությունը վերականգնելու միակ ճանապարհը՝ պատերազմը ավարտելն է Ուկրաինայի պայմաններով, ինչին Պուտինը գնալու ցանկություն չունի։

Պուտինը կարողացավ անգամ իրեն համակրող՝ Արևմտամետ Ամերիկայի նախագահին իրենից օտարել։ Թրամփը չկարողացավ Ռուսաստանին վերադարձնել «Մեծ յոթնյակի» կազմ, որտեղից նրան դուրս էին հանել 2014-ին, և չկարողացավ նրան ներգրավել եվրոպական դիվանագիտական գործընթացների մեջ։

Վերադառնալով Սպիտակ Տուն՝ Թրամփը կարծես չի գիտակցում՝ ինչ է կորցրել Պուտինը այս պատերազմը սկսելով։ Ռուսաստանը այլևս ոչ Ուկրաինայում, ոչ Եվրոպայում չի կարող ոչ ոքի որևէ բանում համոզել։ Իսկ բավական ուժ՝ նվաճելու համար, նա չունի։ Պուտինն ինքը վտարեց Ռուսաստանը Եվրոպայից։ Եվ նույնիսկ եթե Թրամփը ցանկանար, նա չէր կարող փրկել Ռուսաստանին մեկուսացումից։

Այս շաբաթ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անկասկած կքննարկվեն այն ամենը, ինչ դաշինքին չի հաջողվել Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր։ Ուկրաինացիները շարունակում են տառապել։ Ռուսաստանը դեռ փորձում է գրավել նոր տարածքներ։ Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան շարունակում են աջակցել ռուսական ռազմական մեքենային։

Ռուսաստանի տնտեսությունը դեռ մնում է «ջրի երեսին», երկրում հակապատերազմական շարժումն աննկատ է։ Սակայն այդ ամենով հանդերձ՝ Ռուսաստանը փաստացի կանգնեցվել է Ուկրաինայում, իսկ Եվրոպան՝ ինչպես նաև ԱՄՆ-ը, լիովին գործում են առանց նրա։ Արևմուտքը կարող է իրեն թույլ տալ կորցնել Ռուսաստանին, որքան էլ խաղաղ Ռուսաստանի հետ հարաբերությունները հաճելի լինեին։

Իսկ ահա Արևմուտքի կորուստը հենց Ռուսաստանի համար իրական ողբերգություն է՝ աղետ, որի հետևանքները կզգացվեն սերունդներով։ Սա Պուտինի ընտրությունն էր։ Եվ Ռուսաստանի ողբերգությունը։

Աղբյուրը՝

https://www.nytimes.com/2025/06/24/opinion/putin-trump-nato-russia.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *