Միջազգային

Եվրոպայի Վտանգավոր Տապալումը Մերձավոր Արևելքում

Քանի դեռ հիվանդանոցի ռմբակոծումը կամ բնակչության բռնի տեղահանումը Գազայում նույն խստությամբ չեն դատապարտվում, ինչպես Ուկրաինայում, Կրեմլի հակաուկրաինական հռետորաբանությունը գնալով ավելի լայն արձագանք կգտնի՝ նույնիսկ եվրոպական հասարակական կարծիքի շրջանակներում։

Ժան-Պիեռ Ֆիլյու

Չի անցնում մեկ օր, որ Եվրոպայի անօգնականությունը Մերձավոր Արևելքում ամենացավալի ձևով չարտահայտվի։

2025 թ. հունիսի 20-ին՝ Ժնևում, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Եվրոպական միության արտաքին գործերի նախարարները վստահ են, որ իրենց իրանական գործընկերը պատրաստ է «մեծաթիվ զիջումների» իր երկրի միջուկային ծրագրի հարցում։ Բայց արդեն հաջորդ օրը Դոնալդ Թրամփը աննախադեպ հարվածներ է հասցնում Իրանին՝ այսպիսով ուժեղացնելով Իսրայելի սկսած արշավը ընդդեմ Իսլամական Հանրապետության։

Հունիսի 23-ին ԵՄ արտաքին գործերի նախարարները Բրյուսելում քննում են Իսրայելի կողմից միջազգային իրավունքի «առնվազն երեսուն սկզբունքի խախտումը»՝ Արևմտյան ափում և Գազայում։ Չնայած նման խիստ եզրակացություններին՝ եվրոպացի դիվանագետները հրաժարվում են կասկածի տակ դնել ԵՄ–Իսրայել ասոցացման համաձայնագիրը՝ մի փաստաթուղթ, որը, ի դեպ, հիմնված է «մարդու իրավունքների հարգման» վրա։ Այդ հավաքական պասիվությունն վերջնականապես հաստատվում է ԵՄ գագաթնաժողովում՝ հունիսի 26-ին։

Պուտինի մշտական առավելությունը

Արդյոք Վաշինգտո՞նն է մարգինալացնում Եվրոպան, թե՞ վերջինս ինքն է դատապարտում իրեն անգործության՝ էական չէ։ Կարևորն այն է՝ վերջապես ազնվորեն նայել այն սարսափելի ռիսկերին, որ բխում են նման ինքնամեկուսացումից։ Նախ և առաջ՝ սա պարգև է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի դեմ իր ագրեսիայիայում։

Երբ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոնդեր Լայենը քննադատում է ԵՄ ներսում Կրեմլի հանդեպ համակրանքը, նա վճռականորեն հայտարարում է. «Եվրոպացիները կարող են տարբեր պատմություններ ու լեզուներ ունենալ, բայց չկա մի լեզու, որտեղ «խաղաղությունը» կթարգմանվի որպես կապիտուլյացիա, իսկ «ինքնիշխանությունը»՝ «օկուպացիա»։ Բայց այս հայտարարությունն ակնհայտորեն վերաբերում է միայն Ուկրաինային։ Մերձավոր Արևելքում «խաղաղություն» բառը վաղուց արդեն դարձել է կապիտուլյացիայի հոմանիշ՝ չխոսելով այն ինքնիշխանության մասին, որից պաղեստինյան ժողովրդին մերժում են տասնամյակներ շարունակ։

Արդեն մոտ 21 ամիս է՝ Ռուսաստանի նախագահը առավելագույնս օգտագործում է արևմտյան ժողովրդավարությունների երկակի ստանդարտները՝ ուկրաինական ճակատում։ Քանի դեռ հիվանդանոցի ռմբակոծումը կամ բնակչության բռնի տեղահանումը Գազայում նույն խստությամբ չեն դատապարտվում, ինչպես Ուկրաինայում, Կրեմլի հակաուկրաինական հռետորաբանությունը գնալով ավելի լայն արձագանք կգտնի՝ նույնիսկ եվրոպական հասարակական կարծիքի շրջանակներում։

Եվ անգամ այն ժամանակ, երբ Մոսկվան կորցնում է իր գլխավոր դաշնակցին տարածաշրջանում՝ Ասադի ռեժիմը, Իսրայելը ջանքեր է գործադրում, որ ռուսական ռազմաբազաները Սիրիայում պահպանվեն։ Եվ անգամ այն ժամանակ, երբ Ռուսաստանի իրանական դաշնակիցը ծանր հարվածներ է ստանում, Սպիտակ տունը մտածում է Կրեմլին միջնորդի դերը տալ Իսրայելի ու Իրանի միջև։ Թվում է՝ Դոնալդ Թրամփն ու Բենիամին Նեթանյահուն, անկախ ամեն ինչից, նախընտրում են պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի հետ Մերձավոր Արևելքում՝ Եվրոպայի և Ուկրաինայի հանդեպ իրենց աջակցությանը վնասելով։

Իրավունքի և դիվանագիտության կործանումը

Միայն այս աշխարհաքաղաքական նկատառումներն էլ բավական են՝ վերանայելու եվրոպական քաղաքականությունը Մերձավոր Արևելքում։ Հիշեցնենք, որ հենց Եվրոպայի կամավոր հեռացումը Սիրիայի հարցից՝ 2015 թվականին, նպաստեց «միգրացիոն ճգնաժամին», որը հետագայում սրվեց Եվրոպայում ջիհադիստական ահաբեկչական ալիքով։

Բայց կա մի բան, որն ավելի մտահոգիչ է՝ դա բազմակողմանի մոտեցման և միջազգային նորմերի արագ քայքայումն է, որոնք, ի դեպ, հենց եվրոպական նախագծի հիմքում են։ Ինչ վերաբերում է Իսրայելի կողմից մարդասիրական իրավունքի համակարգային խախտումներին՝ և դրանց անպատժելիությանը՝ դրանք միայն խրախուսում են ազատության թշնամիներին՝ հենց Եվրոպայի ներսում։ ԵՄ-ում ծայրահեղ աջ տարբեր ուժեր կարող են տարակարծիք լինել, անգամ հակասել միմյանց Ռուսաստանի հարցում, բայց Իսրայելի ներկայիս կառավարության աջակցության հարցում՝ միաբան են։

Հենց երկու տարի առաջ ես պատրաստել էի Դիդրոյի ինստիտուտի համար վերլուծական աշխատանք՝ «Մերձավոր Արևելքը 2050 թվականին» վերնագրով։ Այդտեղ ես նկարագրել էի երեք հնարավոր սցենար՝ ամենաշահավետից մինչև ամենամռայլը։ Վերջինը ենթադրում էր միջազգային իրավունքի և դիվանագիտության ամբողջական կործանում՝ Եվրոպայի համար աղետալի հետևանքներով։

Այդ ամենավատ սցենարը ես սկսել էի այսպես. «Այաթոլաների ռեժիմը ներքին ճգնաժամից դուրս գալու այլ ելք չի տեսնում, քան միջուկային արկածախնդրությունը։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ն ու Իսրայելը սկսում են բացահայտ արշավ Իսլամական Հանրապետության տապալման նպատակով։ Այս հակամարտության առաջին զոհերը դառնում են իրանցի ցուցարարները, որոնք զոհաբերվում են «սրբազան միասնությանը» հանուն «հարձակման ենթարկված հայրենիքի» պաշտպանության»։

Նման ծայրահեղ էսկալացիան ոչ թե նոր տարածաշրջանային կարգի հաստատման, այլ հերթական ճգնաժամերի սերմանման ուղի է, որի գինը Եվրոպան վճարում է ամբողջությամբ՝ Մերձավոր Արևելքի անօրինության հաղթանակով։Սպիտակ տան կողմից հունիսի 24-ին հայտարարված հրադադարը՝ Իսրայելի և Իրանի միջև «տասներկուօրյա պատերազմի» ավարտի վերաբերյալ, ըստ էության, ոչինչ չի փոխում այս սպառնալիքներով լի կառուցվածքում։ Ժամանակն է վերջապես հասկանալու՝ Եվրոպայի անվտանգությունը, կայունությունն ու բարեկեցությունը կախված չեն միայն մայրցամաքի արևելյան սահմաններից, այլև նրանից, թե ինչ է տեղի ունենում Մերձավոր Արևելքում։

Աղբյուրը՝    https://briefly-news.com/krajne-opasnyj-krah-evropy-na-blizhnem-vostoke/

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *