Շապոշնիկովի հրամանով կազմալուծվել է Ստեփանակերտում տեղաբաշխված 366-րդ գունդը, որի անձնակազմը եւ սպառազինությունների մեծ մասը ռազմա-տրանսպորտային ուղղաթիռներով տեղափոխվել է Թբիլիսիին մերձակա «Վազիանի» հենակայան:
Վահրամ Աթանեսյան
Մաս 24
Խոջալուի ռազմագործողության հաջորդ օրը՝ 1992 թվականի փետրվարի 27-ին, Գյանջայի դեսանտային դիվիզիայի ռազմական ուղղաթիռները վերսկսել են Լեռնային Ղարաբաղի ադրբեջանաբնակ գյուղեր թռիչքները: «Զանգվածային սպանությունների» մասին տեղեկություն առաջինը տարածել է ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության մամուլի կենտրոնը: Որքան էլ զարմանալի չթվա, «խաղաղ բնակչության սպանությունների եւ գերիների պահման վայրերի» մասին հիշատակումները լիովին համընկնում են Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության կողմից մշակված՝ Խոջալուի խաղաղ բնակչության տարհանման երթուղիներին:
Դա նշանակում է, որ կամ Ժողճակատը նախապես տեղեկացված է եղել այդ ծրագրին, կամ ԱԱՆ աշխատակիցներից որեւէ մեկը հանդիսացել է ընդդիմության գործակալ եւ բացահայտել է, թե որ ուղղություններով է իրականացվելու Խոջալուի խաղաղ բնակչության տարհանումը: Խոջալուի «գործադիր իշխանության ղեկավար» Էլման Մամեդովը վկայել է, որ մարտական գործողությունների սկսվելուց րոպեներ անց ինքը ռադիոկապով այդ մասին տեղեկացրել է Աղդամի «ինքնապաշտպանական ուժերին եւ օգնություն խնդրել»:
1992 թվականի փետրվարի 26-ին Շուշիի զինվորական պարետ Ռահիմ Գազիեւը զանգել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմ եւ տեղեկացրել, որ «Խոջալուում մարտերը շարունակվում են»: Մինչ այդ, մոտ տասը օր առաջ նա հեռագրել է Բաքու եւ հայտնել, որ «հայերը զրահատեխնիկայով գրոհում են Խոջալուն՝ մարդկանց տրորելով թրթուրների տակ»: Գազիեւն ինչու՞ է նման սադրիչ եւ ակնհայտ կեղծ հեռագիր հղել Բաքու՝ այս հարցի պատասխանը չկա:
Մարտական գործողություններից մեկ օր հետո Գյանջայի դեսանտային դիվիզիայի մարտական ուղղաթիռներն ինչու՞ են վերսկսել դեպի Աղդամ եւ ԼՂ ադրբեջանաբնակ գյուղեր թռիչքները: Այդ ուղղաթիռներից մեկն է Աղդամի մերձակա տարածք հասցրել ադրբեջանցի հեռուստալրագրող Չինգիզ Մուստաֆաեւին, որ տեղում նկարահանումներ է կատարել: Մուստաֆաեւը հետագայում վկայել է, որ տեղանքում նկատել է «շարժվող մարդկանց»:
Առայսօր պարզ չէ, թե Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը Խոջալուի խաղաղ բնակիչների սպանության վայրից ի՞նչ հեռավորության վրա են գտնվել, երբ այնտեղ ռազմական ուղղաթիռ է վայրէջք կատարել: Հայտնի չէ, թե արդյոք ադրբեջանական կողմը սպանվածների դիակները տարհանելու համար ԼՂ ինքնապաշտպանության ուժերի դիմե՞լ է:
Հայտնի է, որ 1992 թվականի փետրվարի 26-ին Իրանի արտաքին գործերի նախարար Վելայեթին գտնվել է Բաքվում, որտեղ էլ լսել է Խոջալուի «խաղաղ բնակչության զանգվածային կոտորածի» մասին: Վելայեթին նույն օրը պետք է ժամաներ Ստեփանակերտ: Այդ փուլում Իրանը փորձում էր զինված հակամարտությունը դադարեցնելու միջնորդություն իրականացնել:
Նույն օրն Աղդամում է գտնվել Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալ Թամեռլան Գարաեւը: Ըստ նրա վկայության՝ իրեն զանգահարել է նախագահ Մութալիբովը եւ հայտնել, որ պատրաստվի դիմավորելու Իրանի արտաքին գործերի նախարարին: Գարաեւը Մութալիբովին ասել է, որ «դեպքի վայրում մարտական գործողությունները շարունակվում են, հնարավոր չէ երաշխավորել Իրանի արտգործնախարարի անվտանգությունը»:
Ու՞մ էր ձեռնտու, որ Իրանի արտաքին գործերի նախարար Վելայեթիի Ստեփանակերտ այցը չկայանա: Եթե նկատի ունենանք, որ դրանից ժամեր առաջ Ադրբեջանի նախագահ Մութալիբովը հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանի հետ, ապա հավանական է, որ եթե Վելայեթին այցելեր Ստեփանակերտ, ապա նախ Խոջալուի խաղաղ բնակիչների սպանության հանգամանքները պարզելու համատեղ քայլեր անելու, ապա եւ՝ մարտական գործողություններին դադար տալու հնարավորություն կստեղծվեր:
Իրանի միջնորդական առաքելությունն, այսպիսով, ձախողվել է: ԱՀՊ Միացյալ զորքերի Գյանջայի դեսանտային դիվիզիայի ուղղաթիռները վերսկսել են դեպի Լեռնային Ղարաբաղ թռիչքները:
Նույն օրը հայտնի է դարձել, որ մարշալ Շապոշնիկովի հրամանով կազմալուծվել է Ստեփանակերտում տեղաբաշխված 366-րդ գունդը, որի անձնակազմը եւ սպառազինությունների մեծ մասը ռազմա-տրանսպորտային ուղղաթիռներով տեղափոխվել է Թբիլիսիին մերձակա «Վազիանի» հենակայան:
(Շարունակելի)
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
