Միջազգային

Ադրբեջանը՝ Տարածաշրջանային Խաղացո՞ղ

Ադրբեջանը փորձում է շարունակ իրեն դիրքավորել որպես ինքնուրույն խաղացող տարբեր ուժերի հետ, տարբեր հարցերում, անել գործողություններ, որոնք շատերին դուր չեն գալիս, դա երբեմն նաև արտահայտվում է Թուրքիայի հետ քայլերում:

Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

– Տիկի՛ն Հայրապետյան, ռուս-ադրբեջանական հարաբերություններն ինչո՞ւ են լարվել, ի՞նչ է կատարվում նրանց միջև:

– Մինչ այս էլ հարաբերություններում լարվածություններ եղել են, դրա մասին մենք խոսել ենք, մասնավորապես՝ անցյալ տարվա դեկտեմբերին AZAL ավիաընկերության ինքնաթիռի հետ տեղի ունեցած այդ միջադեպից հետո: 

Տվյալ դեպքում՝ հունիսի 27-ին Եկատերինբուրգում տեղի է ունեցել ՌԴ հատուկ ծառայությունների գործողություն՝ ինչ-որ հանցավոր խմբավորման հետ կապված, որոնց մեջ եղել են ադրբեջանցիներ, որոնցից երկուսը ձերբակալության ժամանակ զոհվել են, դրանից հետո էլ Ադրբեջանը մեծ աղմուկ է բարձրացրել, պահանջել է նաև նրանց դիակները: 

Ադրբեջանն արդեն հաջորդ օրը՝ հունիսի 28-ին, չեղարկեց թե՛ քաղաքական, թե՛ մշակութային հանդիպումները, մասնավորապես չեղարկվեց Օվերչուկի այցը Բաքու, չեղարկվեցին մշակութային միջոցառումները, ու այդ ֆոնին Ադրբեջանի հատուկ ծառայություններն արդեն հատուկ ծառայություն իրականացրին «Սպուտնիկ Ադրբեջանի» խմբագրության հետ կապված: 

Ձերբակալվածներից երկու ՌԴ քաղաքացիներ մեղադրվում են ՌԴ-ի դաշնային զորքերի հետ համագործակցելու մեջ, դրանից հետո ևս 5 հոգի է ձերբակալվում։ Բացի այդ, ձերբակալվում է մեկ այլ խմբագրությունում աշխատող երկքաղաքացիություն ունեցող անձ, այսինքն՝ կոնկրետ արշավ են սկսել Ռուսաստանի դեմ։ Ռուսական կողմը սկզբում մտահոգությունների տեսքով, հիմա արդեն նոտա է հղել՝ պահանջելով հրատապ ազատ արձակել իր քաղաքացիներին, նշելով, որ ադրբեջանական կողմի մեկնաբանությունները Ռուսաստանում տեղի ունեցող գործողությունների հետ կապված միջամտություն են ՌԴ ներքին գործերին: 

Դեռևս բանավոր պահանջ են ներկայացրել, բայց ընդհանուր առմամբ տեղեկատվական-քաղաքական առումով բավականին լարված փոխհրաձգություն է ընթանում երկու կողմում էլ: 

– Ադրբեջանն այսպիսով ի՞նչ նպատակ է հետապնդում իրականում:

– Դժվարանում եմ ասել, որովհետև հաշվի առնելով երկու պետության բնույթն էլ և այլ հարցերի հետ կապված բավականին քողարկված բնույթը, դժվար է ասել, թե այս ամենի բուն հիմքն ու նպատակը ո՛րն է, թեև Արցախում տեղի ունեցած դեպքերից հետո Ադրբեջանի կշիռը բավականին մեծացել է տարածաշրջանում, ու Ադրբեջանը փորձում է շարունակ իրեն դիրքավորել որպես ինքնուրույն խաղացող տարբեր ուժերի հետ, տարբեր հարցերում, անել գործողություններ, որոնք շատերին դուր չեն գալիս, դա երբեմն նաև արտահայտվում է Թուրքիայի հետ քայլերում: 

– Տիկի՛ն Հայրապետյան, իսկ այս լարվածությունը կխորանա՞:

– Կապված է օրակարգում առկա հարցերից, իմ տպավորությամբ՝ ռուսական կողմը շատ ավելի հակված է խնդիրը հարթելուն, բայց Ադրբեջանը սրում է ընդհանուր ֆոնը, առնվազն տեղեկատվական մակարդակում ու նոր դեմարշներ է անում: Ադրբեջանը հակված է ցուցադրական հակառուսական քայլեր անելուն: 

– Փորձում է իր կշի՞ռը բարձրացնել:

– Միանշանակ այո՛, ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը լրջորեն խախտել է տարածաշրջանի բալանսը բոլոր առումներով՝ և՛ Ռուսաստանի, և՛ Իրանի, և՛ Հայաստանի համար: Շատ ավելի հեռահար առումով՝ Մերձավոր Արևելքի ու Եվրոպայի տարածաշրջանների համար, ուղղակի Արցախի հայկական լինելու նշանակությունը ընդհանրապես գիտակցված չէր՝ դրանից բխող հետևանքներով, դրա համար շատերը ակնառու գործարքի գնացին Ադրբեջանի հետ կամ չեզոքություն պահեցին, Ադրբեջանն էլ այս առումով գնալով ավելի հանդուգն է դառնում։

Այդ վտանգները, ես բազմիցս եմ ասել, տարածվելու են ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանի խաղացողների վրա: Եթե զուգորդենք նաև Իրանի շուրջ տեղի ունեցողը վերջին շրջանում, երբ Իրանը մեղադրում է Ադրբեջանին իր տարածքը Իսրայելին տրամադրելու մեջ՝ հնարավոր հարվածներ հասցնելու համար, ապա կտեսնենք, որ Ադրբեջանն արել է քայլեր, որոնք շատերին դուր չեն եկել: 

Քրիստինե Աղաբեկյան

Աղբյուրը՝  MediaLab.amhttps://medialab.am/302319/

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝ 

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *