Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Իրավիճակը ստիպել է, որ Հայաստանի նախագահն անձամբ ներկայանա Ստեփանակերտ, որտեղ նա ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպման առաջին րոպեներին հայտարարել է, որ պատրաստ է «պատանդ մնալ», բայց փաստաթուղթը պետք է ընդունվի:

Վահրամ Աթանեսյան

Մաս 33

1993 Հունիսի 14-ին Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելեց Ստեփանակերտ: Նախօրեին խոսակցություններ էին տարածվել, որ նա ԼՂՀ քաղաքական ղեկավարության հետ հանդիպել է Գորիսում, որպեսզի ներկայացնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Քելբաջարի շրջանից հայկական զինված ուժերը դուրս բերելու պահանջի հիման վրա ԵԱՀԽ ներկայացրած «Անհետաձգելի միջոցառումների կատարման ժամանակացույցը»:

Գորիսի հանդիպման մասին տեղեկությունները խիստ հակասական են: Հայաստանի իշխանությունների ներկայացրած վարկածի համաձայն՝ տեւական քննարկումներից հետո ԼՂՀ իշխանությունները համաձայնել են ստորագրել «Ժամանակացույցը», բայց վերջին պահին ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը դադար է խնդրել, այնուհետեւ բանակցությունների սրահ չի վերադարձել:

Ըստ չափազանց վստահելի աղբյուրների, նա Գորիսի քաղաքապետի առանձնասենյակից կապվել է ՀՅԴ Բյուրոյի Երեւանում գտնվող ներկայացուցիչներից մեկի հետ եւ «Ժամանակացույցը» ստորագրելու թույլտվություն խնդրել: Կտրուկ մերժում ստանալուց հետո Գեորգի Պետրոսյանը Գորիսից մեկնել է Ստեփանակերտ՝ առանց այդ մասին որեւէ մեկին տեղյակ պահելու:

ՀՅԴ քարոզչությունը կատարվածը ներկայացնում է այնպես, որ Գեորգի Պետրոսյանը հենց բանակցությունների սենյակում մերժել է ստորագրել Քելբաջարի շրջանից հայկական զորքերը դուրս բերելու «Ժամանակացույցը», իբր ծագել է լուրջ վիճաբանություն, որից հետո նրա դեմ «պետք է մահափորձ իրականացվեր», ինչից հաջողվել է խուսափել՝ շնորհիվ նրա վարորդի խիզախության եւ վարպետության, որ կարողացել է ԳԽ նախագահի պաշտոնակատարին «գյուղական շրջանցիկ ճանապարհներով անվտանգ հասցնել Ստեփանակերտ»:

Այսպես, թե այնպես՝ իրավիճակը ստիպել է, որ Հայաստանի նախագահն անձամբ ներկայանա Ստեփանակերտ, որտեղ նա ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարության հետ հանդիպման առաջին րոպեներին հայտարարել է, որ պատրաստ է «պատանդ մնալ», բայց փաստաթուղթը պետք է ընդունվի:

Լրագրող Գեղամ Բաղդասարյանը, որ Գերագույն խորհրդի մամուլի ծառայության ղեկավարն էր եւ քննարկումներին մասնակցել եւ սղագրումներ է արել, այդ օրվա իրադարձությունները հետագայում հրապարակել է: Այդ տեղեկատվությունը ոչ ոք չի հերքել: Ըստ այդմ, նույն օրը Ստեփանակերտում տեղի է ունեցել հերթական իշխանափոխությունը. Գեորգի Պետրոսյանը հրաժարվել է ԳԽ նախագահի պարտականությունների կատարումից, բայց պահպանել տեղակալի պաշտոնը: ԳԽ նախագահի պարտականությունները վերապահվել են Կարեն Բաբուրյանին: Նա էլ ստորագրել է Քելբաջարից հայկական զորքերի դուրսբերման «Ժամանակացույցը»:

Այդ օրվա կարեւորությունը որպես կանոն գնահատվել է զուտ ներքին, ներհայկական կտրվածքով: Ավանդաբար ասվել է, որ ՀՅԴ-ն եւ մյուս ազգային-հայրենասիրական ուժերը, ինչպես նաեւ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը սկզբունքորեն դեմ էին Քելբաջարից զորքերի դուրսբերմանը: Հետագայում Ռոբերտ Քոչարյանը մի քանի անգամ կրկնել է «ժամանակ շահելու եւ նոր հակահարձակման նախապատրաստվելու» թեզը:

Որեւէ ուսումնասիրող, ինչքանով դիտարկվում է, ուշադրություն չի դարձրել չափազանց կարեւոր մի իրադարձության. նույն օրը, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ժամանել է Ստեփանակերտ եւ «պատանդ մնալու սպառնալիք» ներկայացրել, Բաքվում աշխատանքներն է սկսել Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանը, որի օրակարգում մեկ հարց կար՝ ԳԽ նախագահի հրաժարական եւ նոր նախագահի ընտրություն:

Այդ փուլում Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը ծայրահեղ լարված էր: Նախկին կորպուսի հրամանատար Սուրեթ Հուսեյնովն սպառնում էր զորք մտցնել Բաքու եւ ձերբակալել նախագահ Էլչիբեյին: Սուրեթ Հուսեյնովի «ապստամբական ճամբարը» տեղակայված էր նախկին ԽՍՀՄ չորրորդ բանակի Գյանջայի դեսանտային դիվիզիայի տարածքում, մի շարք ռուս բարձրաստիճան սպաներ նրան հավատարմության երդում էին տվել:

Լեւոն Տեր-Պետրոսյանի Ստեփանակերտ այցից մեկ օր հետո Ադրբեջանի Գերագույն խորհրդի նստաշրջանն ընդունեց Իսա Գամբարովի հրաժարականը եւ այդ պաշտոնում միաձայն ընտրեց Հեյդար Ալիեւին: Ադրբեջանում իշխանությունը փաստացի անցավ Հեյդար Ալիեւին: Ըստ հավաստի աղբյուրների, ստանձնելով Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնը, Հեյդար Ալիեւը դեռեւս ֆորմալ առումով նախագահ համարվող Էլչիբեյին հորդորել է մերժել Քելբաջարից հայկական զինված ուժերը դուրս բերելու եւ հրադադար հաստատելու առաջարկությունը: Էլչիբեյը պատճառաբանել է, որ պատերազմը դադարեցնելուն համաձայն է, բայց Քելբաջարում ռուսաստանյան երկու գումարտակ տեղաբաշխելուն դեմ է:

(Շարունակելի)

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *