Նորայր Դանիելյանի սպանությունն, այսպիսով, բացատրվում էր Յուրի Հակոբյանի քառասունքի կապակցությամբ նրա եղբայրների կողմից իրականացված վրեժխնդրություն: Քննությունը, սակայն, կարճ ժամանակ անց կարճվել է:
Վահրամ Աթանեսյան
Մաս 36
1993 թվականի հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտ- Դրմբոն ճանապարհին սպանվեց Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար Նորայր Դանիելյանը: Այդ առթիվ հարուցվեց քրեական գործ, բայց գործը հիմնովին չբացահայտվեց: Տարածված կիսապոշտոնական վարկածն այն էր, որ նա «դարձել է վրեժխնդրության զոհ»: Այս տեսակետը հիմնավորվում էր նույն տարվա օգոստոսին Նորայր Դանիելյան ներկայությամբ տեղի ունեցած սպանությամբ. Վանք գյուղում վիճաբանության հետեւանքով հրազենային ծանր վիրավորում է ստացել Մարտակերտի ՊՇ գումարտակի հրամանատար Յուրի Հակոբյանը եւ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել:
Յուրի Հակոբյանի սպանության գործով քննություն առհասարակ չի իրականացվել, թեեւ դեպքը կատարվել է օրը ցերեկով, նրա տան մերձակա տարածքում եւ մի քանի մարդու ներկայությամբ:
Նորայր Դանիելյանի սպանությունն, այսպիսով, բացատրվում էր Յուրի Հակոբյանի քառասունքի կապակցությամբ նրա եղբայրների կողմից իրականացված վրեժխնդրություն: Քննությունը, սակայն, կարճ ժամանակ անց կարճվել է:
Նորայր Դանիելյանի մերձավոր շրջապատի տեղեկություններով՝ հոկտեմբերի 18-ի առավոտյան նա Դրմբոնից ուղեւորվել է Ստեփանակերտ, որպեսզի Պաշտպանության բանակի շտաբում մասնակցի ռազմական խորհրդակցության: Ըստ որոշ աղբյուրների, նա մեքենան վարել է անձամբ, նրա հետ է եղել նաեւ իր տեղակալ Աշոտ Առուշանյանը: Խորհրդակցության ավարտին Նորայր Դանիելյանը մտել է նոր ստացած բնակարան, որտեղ մնացել է մի քանի րոպե: Նա հրաժարվել է իր հետ Դրմբոն տանել մորաքրոջ որդուն, որ վերջին ամիսներին Երեւանից տեղափոխվել էր Արցախ եւ գրեթե մշտապես ուղեկցում էր Նորայր Դանիելյանին:
Հարազատները հետագայում ենթադրել են, որ Նորայր Դանիելյանը կասկածել է, որ իր դեմ կարող է մահափորձ կազմակերպվել, ուստի հարազատին հետը չի վերցրել՝ զգուշանալով, որ կարող է վտանգվել նաեւ նրա կյանքը: Թե այդ օրը նրա տեղակալն ինչու՞ է մնացել Ստեփանակերտում, համաձայնեցրե՞լ է իր որոշումը Նորայր Դանիելյանի հետ, թե՞ ինքնակամ է հրամանատարին թողել մենակ՝ ոչ մի վկայություն չկա:
Ավելի քան երկու տասնամյակ իշխել է այն վարկածը, որ ռազմական խորհրդակցության նիստին Նորայր Դանիելյանը սուր վեճ է ունեցել Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հետ: Ըստ այդմ, նրա սպանության մեջ մեղադրանքի սլաքները հիմնականում ուղղվել են Սամվել Բաբայանին: Ավելի խոր ենթադրությունների սիրահարները նույնիսկ վարկած են առաջ քաշել, որ Նորայր Դանիելյանը «մի քանի անգամ գաղտնի մեկնել է Երեւան եւ հանդիպումներ ունեցել պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանի հետ»:
2019 թվականին, երբ Սամվել Բաբայանը Լեռնային Ղարաբաղի բնակչության հետ բաց հանդիպումներ էր ունենում, Վարդաձոր համայնքում, ի պատասխան Նորայր Դանիելյանի քրոջ հարցադրման, հայտարարել է, որ այդ սպանության հետ ինքը ոչ մի կապ չունի: Բաբայանը ներկայացրել է այնպես, որ Քելբաջարի գրավումից հետո ռազմավարը բաշխելու հարցում զորամասի հրամանատարի եւ ենթակաների միջեւ վիճաբանություններ են ծագել, որոնք էլ հակասությունների ծայրահեղ սրման պատճառ են դարձել: Բաբայանը փաստացի Նորայր Դանիելյանի սպանությունը համարել է նրա եւ տեղակալների միջեւ ռազմավարի բաժանման շուրջ կենցաղային վեճի հետեւանք:
Որքանո՞վ է հավանական, որ Քելբաջարի ռազմավարի բաշխման շուրջ վիճաբանությունը կարող է պատճառ հանդիսանալ, որ զորամասի հրամատարի տեղակալն սպանի իր մարտական ընկերոջը, համագյուղացուն՝ չափազանց վարկածական է եւ վստահություն չի ներշնչում: Մանավանդ հայտնի է, որ մինչ այդ Նորայր Դանիելյանը Վանքի տարածքից ընտրվել էր ԼՂՀ Գերագույն խորհրդի պատգամավոր:
Նրա մերձավոր շրջապատից մի քանի մարդ վկայել են, որ Կուբաթլուի ռազմագործողությունից հետո նրան առաջարկություն է արվել թողնել զինվորական ծառայությունը եւ ստանձնել Մարտակերտի շրջանում Պաշտոպանության պետական կոմիտեի լիազոր ներկայացուցչի պաշտոնը, կենտրոնանալ վերաբնակեցման եւ ավերված ենթակառուցվածքների վերականգնման հարցերի վրա:
Ի՞նչն էր պատճառը, որ 27 տարեկանում փոխգնդապետի զինվորական կոչման հասած եւ խելացի ռազմագետի համարում ունեցող Նորայր Դանիելյանին «առաջարկվել է» հեռանալ զինվորական ծառայությունից եւ քաղաքացիական պաշտոնի անցնել: Վաղ երիտասարդության տարիներին Նորայր Դանիելյանը հարել է ՀՅԴ-ին կամ, գուցե, անդամագրվել: Ամեն դեպքում նա քաղաքական հայացքներով ազգայնական էր: Բացառված չէ, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերի եւ ԼՂՀ Գերագույն խորհրդի դաշնակցական պատգամավորների կողմից նա դիտվել է Պաշտպանության բանակի հրամանատարի լավագույն թեկնածու:
Կարեւոր է նաև արձանագրել, որ պաշտպանության շրջանի հրամանատարի պաշտոնում նրան փոխարինած Աշոտ Առուշանյանը կարճ ժամանակ հետո ծառայության է անցել Հայաստանի ԱԱԾ համակարգում, ապա արտագաղթել Միացյալ Նահանգներ: 2010-ականների սկզբներին տեղեկություն է տարածվել, որ նա վերադարձել եւ դարձյալ ծառայության է նշանակվել Հայաստանի ԱԱԾ-ում, բայց շատ կարճ ժամանակ հետո կրկին մեկնել է ԱՄՆ:
(Շարունակելի)
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
