1991թվականի դեկտեմբերի 21-ին Գերագույն խորհուրդն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մասին» օրենքը եւ սահմանեց, որ այն ուժի մեջ է մտնում անհապաղ: Երեք օր հետո Գերագույն խորհուրդը դարձյալ լիագումար նիստ հրավիրեց՝ օրակարգում ունենալով մեկ՝ ԼՂՀ նախագահի ընտրության հարցը: Նախագահի միայն մեկ թեկնածու առաջադրվեց՝ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Վահրամ Աթանեսյան
Մաս 37
1994 թվականի մայսիյան հրադադարից հետո Ստեփանակերտում վերստին ակտուալացավ Պաշտպանության պետական կոմիտեի լիազորությունները դադարեցնելու եւ խորհրդարանական կառավարման վերադառնալու հարցը: Պատերազմի ավելի քան երկու տարիներին մի շարք պատգամավորներ այս կամ այն հանգամանքներում զոհվել էին, դադարեցրել լիազորությունները կամ հեռացել Լեռնային Ղարաբաղից: Նրանց փոխարեն պատգամավոր էին ընտրվել կամ զինվորականներ, կամ ՊՊԿ-ի նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատի մարդիկ:
Քաղաքական այդ դասավորությունը թույլ էր տալիս Գերագույն խորհրդում արգելափակել նախկին դաշնակցական խմբակցության որոշ անդամների եւ նրանց սակավաթիվ անդամների նախաձեռնությունները, որ ուղղված էին ՊՊԿ-ի նախագահի լիազորությունները սահմանափակելուն: Ներքաղաքական նոր լարվածությունը հաղթահարելու մտադրությամբ տարեվերջին Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մասին» օրենքի նախագիծը:
Այն սահմանում էր ԼՂՀ բարձրագույն պաշտոնյայի՝ նախագահի ինստիտուտ: Օրինագիծն ամրագրում էր, որ ԼՂՀ առաջին նախագահը պետք է ընտրվի Գերագույն խորհրդի կողմից, բայց՝ լիազորությունների երկամյա ժամկետով, որը լրանալուց հետո պետք է անցկացվեին նախագահի արդեն համաժողովրդական ընտրություններ: Ի սկզբանե, սակայն, օրինագծով վարչապետի նշանակման եւ կառավարության ձեւավորման լիազորությունը վերապահվում էր Հանրապետության նախագահին:
1991թվականի դեկտեմբերի 21-ին Գերագույն խորհուրդն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մասին» օրենքը եւ սահմանեց, որ այն ուժի մեջ է մտնում անհապաղ: Երեք օր հետո Գերագույն խորհուրդը դարձյալ լիագումար նիստ հրավիրեց՝ օրակարգում ունենալով մեկ՝ ԼՂՀ նախագահի ընտրության, հարցը: Նախագահի միայն մեկ թեկնածու առաջադրվեց՝ ՊՊԿ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Այդ նստաշրջանի ընթացքից որոշ տեսանյութեր արխիվներում պահպանվել են: Նիստ անցավ չափազանց ծանր մթնոլորտում: Քաղաքական «կողասրահներում» պատգամավորների մեծ մասը դեմ էր արտահայտվել Ռոբերտ Քոչարյանի թեկնածությանը: Ըստ շատ վստահելի աղբյուրների, «անհնազանդ» պատգամավորները երկու օր անընդմեջ «մշակման են ենթարկվել» Պաշտպանության բանակի շտաբում:
Նիստին ներկա էր Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Ելույթ ունենալով, նա առաջադրեց քաղաքական մի խնդիր՝ իրեն ազատել Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական եւ բարոյա-հոգեբանական իրավիճակի համար պատասխանատվությունից, ընտրել քաղաքացիական իշխանություն եւ հնարավորություն տալ, որպեսզի ինքը կենտրոնանա բանակի վերակառուցման, պաշտպանական բնագծերի ամրացման, սպառազինությունների նորացման եւ այլ հարցերով:
Բաբայանն ակնհայտորեն տեղյակ էր Ռոբերտ Քոչարյանի թեկնածության նկատմամբ պատգամավորների զգալի մասի բացասական վերաբերմունքին, ուստի ելույթն ավարտել է վերջնագրային տոնով. «Այս դահլիճից ոչ ոք չի հեռանալու, մինչեւ ձեր նախագահին չընտրեք»: Իրավիճակին ամենայն հավանականությամբ քաջածանոթ է եղել նաեւ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Կարեն Բաբուրյանը: Նրա առաջարկությամբ էլ ԼՂՀ առաջին նախագահի ընտրությունը կազմակերպվել է… բաց քվեարկությամբ, եւ Ռոբերտ Քոչարյանը երկամյա լիազորություններով ընտրվել է նախագահ: Նույն օրն էլ կազմակերպվել է նրա երդմնակալության արարողությունը: Վարչապետ է նշանակվել Լեոնարդ Պետրոսյանը՝ Երեւանում ազատվելով Հատուկ ծրագրերի պետական կոմիտեի նախագահի պաշտոնից:
ԼՂՀ նախագահի պաշտոնն ստանձնելուց հինգ ամիս հետո Ռոբերտ Քոչարյանը նախաձեռնել է Գերագույն խորհրդի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը: Ֆորմալ հիմնավորումն այն էր, որ Հայաստանում նշանակված են Ազգային ժողովի ընտրություններ, քաղաքական սինխրոնացման համար ԼՂՀ-ում նույնպես պետք է նոր ներկայացուցչական մարմին՝ Ազգային ժողով ընտրվի: Իրականում այդ քայլն ուղղված էր Գերագույն խորհրդի՝ որպես անկախության Հռչակագրով իշխանության բարձրագույն մարմին ճանաչված պետական ինստիտուտի լուծարմանը: Ստեփանակերտում այդ որոշմամբ քաղաքական իշխանության վերջին մնացորդները դադարում են, հաստատվում է նախագահական ուղղակի կառավարում, որի հենարան էին Պաշտպանության բանակը, ներքին գործերի նախարարությունը եւ Ազգային անվտանգության վարչությունը:
(Շարունակելի)
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
