Տարաձայնությունների առարկա էր Քելբաջարի վերաբնակեցումը: ՀՅԴ-ն, որի գործունեությունն ի տարբերություն Հայաստանի, ԼՂՀ-ում կասեցված չէր, պնդում էր, որ Քելբաջարում պետք է իրականացվի Շահումյանից բռնատեղահանված անձանց վերաբնակեցում, որպեսզի բանակցություններում հնարավոր լինի պնդել, որ «Շահումյանը փաստացի փոխանակվում է Քելբաջարի հետ»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 39-րդ
Ստեփանակերտում 1995 թվականի հուլիս-օգոստոսին բանակի, ներքին գործերի նախարարության եւ Ազգային անվտանգության ծառայության ուղղակի մասնակցությամբ ձեւավորված ներքաղաքական նոր ստատուս-քվոն, որ կոչված էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար ապահովել կայուն-լիովին վերահսկելի կառավարում, շատ կարճ ժամանակամիջոցում սկսեց «տեղապտույտ տալ»:
Բանն այն է, որ Գերագույն խորհուրդը, լինելով թե իշխանության բարձրագույն, թե օրենսդիր եւ վերահսկող մարմին, ի սկզբանե ձեւավորվել էր որպես ոչ մշտական հիմունքներով գործող: Նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելուց հետո նորընտիր Ազգային ժողովը ստացավ պրոֆեսիոնալ, մշտական հիմունքներով գործող խորհրդարանի կարգավիճակ:
Քանի որ Ռոբերտ Քոչարյանը նախագահ էր ընտրվել Գերագույն խորհրդի կողմից, օրենքով համարվում էր նրան հաշվետու, նորակազմ Ազգային ժողովը փորձեց որպես ԳԽ իրավահաջորդ իրացնել գործադիր իշխանության նկատմամբ վերահսկողության գործառույթը: Այդ հողի վրա ծագած սուր հակասությունները հանգուցալուծվեցին ԱԺ նախագահ Կարեն Բաբուրյանի հրաժարականով եւ խորհրդարանի լիազորությունների կտրուկ սահմանափակմամբ. Գործադիրի, անձամբ նախագահ Քոչարյանի ճնշման տակ Ազգային ժողովը հարկադրված էր վերադառնալ ոչ մշտական հիմունքներով աշխատանքի:
Խիստ ինտրիգային էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Արթուր Թովմասյանի ընտրությունը: Հանդիսանալով տեխնիկական գիտությունների թեկնածու՝ Արթուր Թովմասյանը մինչ այդ քաղաքական գործունեությամբ չէր զբաղվել, պատգամավոր էր ընտրվել՝ լինելով Արցախի պետական համալսարանի դասախոս:
Ստեփանակերտի ներքաղաքական կյանքի անդրկուլիսային մանրամասնություններին տեղյակ աղբյուրների վկայությամբ՝ պատգամավորական մանդատի համար Թովմասյանը պարտական էր վարչապետ Լեոնարդ Պետրոսյանին, ում հետ բարեկամական կապեր ուներ: Ըստ վստահելի տեղեկությունների, Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նրա թեկնածությունը հենց Լեոնարդ Պետրոսյանն է առաջարկել, բայց վերջնական որոշումն ընդունվել է ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի մոտ Արթուր Թովմասյանի «փորձաքննությունից» հետո:
Այդ փուլում առաջին անգամ քաղաքական օրակարգ է բերվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրության ընդունման հարցը, Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ձեւավորվում է հիմնական օրենքի մշակման հանձնաժողով, բայց գործնականում խնդիրը մնում է չընթացքավորված: Ամենայն հավանականությամբ, դեր է խաղում ԼՂ կարգավորման բանակցային գործընթացը:
Լուրջ խնդիր է դառնում նաեւ ազատագրված տարածքների կառավարման հարցը: Լաչինի եւ հարակից ավելի քան երեք տասնյակ բնակավայրերի վարչական կառավարումը թեեւ ֆորմալ առումով վերապահված էր ԼՂՀ իշխանություններին, փաստացի իրականացվում էր Երեւանի կողմից:
Հայաստանի կառավարությունը Լաչինի շրջանի ֆինանսավորումը նույնպես իրականացնում էր ուղղակի՝ շրջանցելով ԼՂՀ կառավարությանը: Այդ հանգամանքը Ստեփանակերտում խիստ դժգոհության տեղիք էր տալիս, քանի որ Լաչինի «մարզպետ» Ալեքսան Հակոբյանը, ով «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիր անդամ էր, փաստացի ենթարկվում էր ոչ թե ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այլ՝ Հայաստանի վարչապետին:
Տարաձայնությունների առարկա էր Քելբաջարի վերաբնակեցումը: ՀՅԴ-ն, որի գործունեությունն ի տարբերություն Հայաստանի, ԼՂՀ-ում կասեցված չէր, պնդում էր, որ Քելբաջարում պետք է իրականացվի Շահումյանից բռնատեղահանված անձանց վերաբնակեցում, որպեսզի բանակցություններում հնարավոր լինի պնդել, որ «Շահումյանը փաստացի փոխանակվում է Քելբաջարի հետ»: Լաչինի եւ Քելբաջարի տարածքներում այդ շրջանում սահմանվում է ներքին գործերի նախարարության եւ Ազգային անվտանգության ծառայության ուժեղացված հսկողություն՝ ներգրավելով բացառապես տեղացի սպաների: Ազատագրված տարածքում սկսում է ձեւավորվել «կառավարման հատուկ կարգ»: Քաղաքական առումով խնդիր է դրվում Լաչինի շրջանի կառավարումը դուրս բերել Հայաստանի ենթակայությունից: Իրականում դա ուներ տնտեսական նպատակ:
(Շարունակելի)
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
