ԼՂՀ վարչապետի պաշտոնում Անուշավան Դանիելյանի նշանակումից օրեր անց Ստեփանակերտի լրագրողական շրջանակներում տարածվեց մի գիրք՝ «Бандитский Крым/ Ավազակային Ղրիմ», որտեղ նա ներկայացված էր որպես կոռուպցիոներ եւ ստվերային բիզնեսի գործիչ:
Վահրամ Աթանեսյան
Մաս 43-րդ
1999 թվականի ամռանը ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը պաշտոնավարման երկու տարիների ընթացքում առաջին անգամ մամուլի ընդարձակ ասուլիս հրավիրեց եւ հայտարարեց, որ սկսում է պետական կյանքի ժողովրդավարացում: Կարճ ժամանակ անց նա վարչապետի պաշտոնից հեռացրեց Ժիրայր Պողոսյանին, որ նշանակվել էր մեկ տարի առաջ՝ փոխարինելով Լեոնարդ Պետրոսյանին: Ժիրայր Պողոսյանը Ստեփանակերտ էր տեղափոխվել Երեւանից: Նա համարվում էր Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հովանավորյալը: Քաղաքական շրջանակներում կայուն տպավորություն կար, որ գործադիր իշխանությունը փաստացի գլխավորում է Սամվել Բաբայանը:
Իրականում ի՞նչն էր Արկադի Ղուկասյանի եւ Սամվել Բաբայանի հարաբերությունների սրման պատճառը՝ կողմերից ոչ ոք հրապարակային բացատրություն չի ներկայացրել: Ժիրայր Պողոսյանի պաշտոնանկությունը եւ ներքաղաքական լարվածությունը, սակայն, ժամանակային առումով հաջորդել է Հայաստանում խորհրդարանական ընտրություններին եւ Վազգան Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքի հաղթանակին: Այդ ընտրություններում Սամվել Բաբայանը պաշտպանել է Արտաշես Գեղամյանին: Ժիրայր Պողոսյանի փոխարեն Արկադի Ղուկասյանը վարչապետ նշանակեց Անուշավան Դանիելյանին: Վերջինս մինչ այդ զբաղեցրել է Երեւանի կաբելի գործարանի տնօրենի, իսկ ավելի վաղ՝ Ղրիմի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալի պաշտոնը: Անուշավան Դանիելյանի պաշտոնական կենսագրության համաձայն՝ նա ծնվել է խորհրդային Վրաստանի Բոլնիսի շրջանի Խաչեն գյուղում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում: 1985 թվականին ավարտել է Սիմֆերոպոլի պետական համալսարանը, անցել կոմիերիտական աշխատանքի, ապա ընտրվել Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավոր, մշտական հանձնաժողովի նախագահ, այնուհետեւ՝ ինքնավար հանրապետության ԳԽ նախագահի առաջին տեղակալ:
ԼՂՀ վարչապետի պաշտոնում Անուշավան Դանիելյանի նշանակումից օրեր անց Ստեփանակերտի լրագրողական շրջանակներում տարածվեց մի գիրք՝ «Бандитский Крым/ Ավազակային Ղրիմ», որտեղ նա ներկայացված էր որպես կոռուպցիոներ եւ ստվերային բիզնեսի գործիչ: Գրքի հեղինակների պնդմամբ՝ Անուշավան Դանիելյանի դեմ Ուկրաինայի իշխանությունները քրեական հետապնդում են նախաձեռնել, ինչից նա խուսափել է եւ ապաստան գտել Երեւանում: Քաղաքական կուլիսներում խոսակցություններ տարածվեցին, որ Անուշավան Դանիելյանը Ստեփանակերտ է հրավիրել Ղրիմի հանցավոր աշխարհի ներկայացուցիչներից ոմն Շեւյովի, որի հետ մտադիր է Շուշիում արտադրություն հիմնել:
Ո՞վ եւ ի՞նչ հանգամանքներում է Արկադի Ղուկասյանին ծանոթացրել Անուշավան Դանիելյանի հետ եւ առաջարկել, որ նա ԼՂՀ վարչապետ նշանակվի, առայսօր մնում է գաղտնիք:
(շարունակելի)
