Հայաստան

Ռուսական Սքանչելի Սուտը

Ղարաբաղի հայերին Ալիևի ռեժիմը ոչ թե դիտարկել է որպես Ադրբեջանի իրավահավասար քաղաքացիներ, ովքեր իրավունք ունեն ապրելու, այլև՝ ընկալել է որպես ահաբեկիչների, որոնք վտանգ են Ադրբեջանի պետականությանը։

Ռոբերտ Անանյան

Եթե Հայաստանը Ադրբեջանին տար ռուսական վերահսկողությամբ միջանցք Սյունիքում՝ դա կերաշխավորե՞ր, որ Արցախը չէր հայաթափվի, չէր օկուպացվի։ «Այո» ասողները հիմնվում են այն «ամուր համոզմունքի» վրա, որ այդ դեպքում՝ Իլհամ Ալիևը չէր փակի Լաչինի միջանցքը, չէր օկուպացնի Ղարաբաղը, ռուսները չէին թողնի։ 

«Այո» ասողները երևի մտածում են՝ Արցախի օկուպացիան նշանակեր նաև, որ Ալիևը կկորցներ Նախիջևանի հետ կապը Հայաստանի տարածքով, հետևաբար՝ դրան չէր գնա։

Բայց Ռուսաստանն էր հսկելու Սյունիքով անցնող միջանցքը, որը գտնվելու էր Հայաստանի իրավազորությունից դուրս։ Ինչպե՞ս էր հայկական կողմն արգելելու ադրբեջանական բեռների և ավտոմեքենաների շարժը դեպի Նախիջևան, եթե հենց ինքը դուրս մղված էր լինելու այդ տարածքից, մուտք չէր ունենալու։ Մեղմ ասած, այս բացատրությունը փաստահեն չէ։ 

Ի՞նչ կոնֆիգուրացիա էր ստեղծվելու։ Հայաստանը իր տարածքային ամբողջականության խախտման հաշվին լրջագույն զիջում էր անելու Ռուսաստանին և Ադրբեջանին տրամադրելով անխոչընդոտ ճանապարհ՝ Ռուսաստանի անվտանգային դաշնային ծառայության զինծառայողների վերահսկողությամբ։ Նրանք էին իրականացնելու մաքսային, սահմանային և անվտանգային վերահսկողությունը այդ ճանապարհի գործարկման փուլում։ Հայաստանի անվտանգային և ռազմական ուժերը չէին կարողանալու մուտք գործել այդ տարածքը։ 

Եթե Ալիևը հիմա է ասում, որ այդ ճանապարհով անցնելիս հայերի երես չպետք է տեսնեն, պատկերացրեք՝ նոյեմբերի 9-ից անմիջապես հետո ինչքան համոզված էր դա պահանջելու Ռուսաստանից, և ստանալու էր վստահեցում, որ ՀՀ-ն չի լինելու «միջանցքում»։

Ինչպես գիտենք, Ռուսաստանը ցանկացել է Արաքսի երկայնքով անցնող 42 կիլոմետրանոց ճանապարհն առանձնացնել Հայաստանի մնացած մասից՝ այնտեղ ցանկապատ կառուցելով։ Այդ նպատակով, 2022-ի օգոստոսի Հայաստանում ռուսական սահմանապահ ծառայության հրամանատարը նամակ է գրել կառավարությանը՝ խնդրելով թույլատրել այնտեղ կառուցել նման ցանկապատ։ 

Անգամ՝ ռուսներն ինչ-որ աշխատանքներ էին կատարել, սակայն այդ սադրանքը կանխվել է հայկական անվտանգային կառույցների կողմից։ 42 կիլոմետրանոց այդ ճանապարհը անցնում է Արաքս գետի երկայնքով, ուր դեռ 90-ականներից տեղակայված էին նաև ռուսական սահմանապահներ։ Այսինքն, Հայաստանը կորցնելու էր Իրանի սահմանի նկատմամբ վերահսկողությունը՝ չունենալով նաև սահմանապահ զորքեր Իրանի հետ սահմանի վրա։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության զինծառայողները հսկելու էին ոչ միայն 42 կիլոմետրանոց ճանապարհը, ոչ միայն իրականացնելու էին սահմանային և մաքսային վերահսկողություն՝ Ադրբեջանի և Նախիջևանի սահմաններին, այլև՝ հսկողության տակ էին պահելու Իրանի սահմանը։ Հայաստանի անվտանգային կամ ռազմական ուժերի որևէ ստորաբաժանում չէր կարողանալու մուտք գործել Իրանի հետ սահմանին գտնվող այդ ճանապարհ։ Այն դուրս էր գալու Հայաստանի սուվերենությունից։ 

Սակայն եթե նույնիսկ Հայաստանը նոյեմբերի 9-ի 9-րդ կետի ռուս-ադրբեջանական մեկնաբանությունը կատարեր և համաձայնվեր այդպիսի զիջման գնալ, արդյո՞ք դա կերաշխավորեր, որ Ղարաբաղը չէր անցնի ադրբեջանական օկուպացիայի տակ, և ռուսները կպահեին այն։ 

Փաստերն այն մասին են, որ ռուսական վերահսկողության տակ գտնվող Արցախը միևնույնն է՝ օկուպացվելու էր Ադրբեջանի կողմից և Ռուսաստանը չէր պաշտպանելու հայերին Ադրբեջանի հարձակումից։ Հայկական բանակի գործոնը թե Արցախում, թե Հայաստանում՝ չոզաքացված էր այն աստիճանի, որ այն ունակ չէր մտնել պատերազմի մեջ Ադրբեջանի հետ, որը Շուշիի հռչակագրով՝ ստացել է Թուրքիայի երաշխիքը, որ երրորդ կողմի հարձակման դեպքում թուրքական բանակը նպաստելու է Ադրբեջանի պաշտպանությանը։ 

Հայաստանի բանակի մասնակցությունը Արցախի պաշտպանությանը մեկնաբանվելու էր որպես հարձակում Ադրբեջանի վրա, և Թուրքիան մտնելու էր պատերազմի մեջ ընդդեմ Հայաստանի։ Այո, Շուշիի հռչակագրով Ալիևը Թուրքիայից սա է ստացել։

Ինչո՞ւ եմ համոզված, որ Ադրբեջանն այլ սցենար չէր պատկերացնում՝ Արցախի հայերին քաղաքականապես ենթարկեցնելուց, Արցախը ադրբեջանական վերահսկողության տակ առնելուց զատ։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մշտապես խոսել է Ղարաբաղի հայերի ինտեգրացիայի պլանի մասին՝ պնդելով, որ Ղարաբաղի հայերը պետք է ապրեն՝ ինչպես Ադրբեջանի քաղաքացիներ։ 

Վստահաբար, Հայաստանից ռուսական վերահսկողությամբ «Զանգեզուրի միջանցք» ստանալուց և Նախիջևանի հետ անխափան հաղորդակցությունն ապահովելուց հետո Ադրբեջանը Արցախի հայերին ներկայացնելու էր ուլտիմատում՝ ընդունելու ինտեգրման Ադրբեջանի պլանը։ Եթե չենք մոռացել, բռնի տեղահանումից շաբաթներ առաջ Ալիևը հենց դա էր առաջարկում Արցախի հայերին, և Եվլախում էլ այդ պլանն է ներկայացրել։ Ավելին՝ կայք են ստեղծել՝ որպես ուղեցույց, թե ինչպես հայերը կարող էին ստանալ Ադրբեջանի քաղաքացիություն և ինտեգրվել ադրբեջանական պետությանը։ 

Ադրբեջանը Ղարաբաղի հայերի հետ շփման այլ սխեմա չի ունեցել, քան ինտեգրումը, հատկապես՝ 44-օրյա պատերազմից հետո։ Անհիմն է այն պնդումը, թե Ադրբեջանը համաձայնվելու էր, որ Ղարաբաղը մնար ռուսական ռազմական վերահսկողության տակ և փաստացի կառավարվեր հայերի կողմից։ Ալիևը 44-օրյա պատերազմով ջարդել է 26-ամյա ստատուս քվոն, և միամտություն է կարծել՝ համաձայնվելու էր նոր ստատուս քվոյի, ուր հայերը մնալու էին Ղարաբաղի տերերը՝ դուրս Ադրբեջանի վերահսկողությունից։ Պարզապես, սա խաբկանք է, չէր լինելու դա։

Նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում չկար որևէ կետ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի կամ դրա որոշման հետագա մեխանիզմների մասին։ 2020-ի նոյեմբեր – դեկտեմբերին Պուտինն ասում էր, թե Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի, երբ հայերն ու ադրբեջանցիները կսկսեն ապրել համակեցության մեջ։ Սակայն Ադրբեջանը վստահաբար՝ երկար չէր հանդուրժելու իր տարածքում ռուսական վերահսկողության տակ գտնվող հայկական ինքնավարության կարգավիճակ ունեցող անկլավի գոյությունը։ 

Ղարաբաղի հայերին Ալիևի ռեժիմը ոչ թե դիտարկել է որպես Ադրբեջանի իրավահավասար քաղաքացիներ, ովքեր իրավունք ունեն ապրելու, այլև՝ ընկալել է որպես ահաբեկիչների, որոնք վտանգ են Ադրբեջանի պետականությանը։ 

Ադրբեջանը նպատակ է ունեցել հայերին զինաթափել, հնազանդեցնել քաղաքականապես, ինտեգրել դա ցանկացողներին, և վտարել՝ չցանկացողներին։ Հայերի ինտեգրման համար Ադրբեջանը պետք է օգտագործեր ռուսական խաղաղապահներին՝ որպես միջնորդ։ Ռուսները Ղարաբաղում էին՝ ոչ թե Արցախը հայկական պահելու համար, այլ՝ Ադրբեջանին օգնելու ինտեգրել այդ շրջանը իր պետությանը։ 

Նրանք «հոգալու էին» հայերի հիմնական կարիքը՝ անվտանգություն էին տալու Ադրբեջանի տարածքի ներսում։ Բայց Ադրբեջանը դա երկար չէր հանդուրժելու, և հետագա իրադարձությունները հենց այդ են վկայում։ Շրջափակված Ղարաբաղի դեմ Ադրբեջանի հարձակումը փաստում է, որ ռուսական խաղաղապահները կանխարգելիչ գործոն չէին։ 

Մարդիկ անտեսում են նաև այն փաստը, որ Ռուսաստանը 2022-ի փետրվարին Ուկրաինայի դեմ պատերազմ էր սկսել, և Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատերազմի մեջ չէր մտնելու՝ հանուն Ղարաբաղում իր մնալու, հանուն հայերին պաշտպանելու։ Եվ կյանքը ցույց տվեց, որ այդպես էլ եղավ՝ ռուս խաղաղապահները ոչինչ չարեցին, երբ Ղարաբաղը բռնի տեղահանվեց։ 

Արցախի հայերը, բնականաբար, չէին ընդունելու Ադրբեջանին ինտեգրվելու Բաքվի ծրագիրը։ Դրան դեմ էր հանդես գալու առաջին հերթին Ղարաբաղի ողջ ռազմաքաղաքական էլիտան, որն այսօր գտնվում է Բաքվի բանտում։ Ինտեգրման պլանի մերժումն Ադրբեջանը մեկնաբանելու էր որպես իր պետության տարածքային ամբողջականության դեմ հայերի անջատողական քայլը։ Ադրբեջանը «հայկական սեպառատիզմը» ճնշելու նպատակով՝ պատերազմ էր սկսելու։

Ես չեմ լսել որևէ փաստարկ, թե ինչու Ադրբեջանը դա չէր անելու։ Այսինքն, վերցնելով «Զանգեզուրի միջանցքը», Ադրբեջանը պարտավորվածությո՞ւն էր զգալու Հայաստանի հանդեպ և չէ՞ր օկուպացնելու Ղարաբաղը։ Ո՞վ է դա ասել, Իլհամ Ալիև՞ը, ոչ։ Նույնիսկ նա այդպիսի կեղծ խոստում չի տվել։

Վստահ եմ, Ռուսաստանը իր համաձայնությունը տվել է 2023-ի սեպտեմբերի 19-ին Ղարաբաղի վրա հարձակման Ադրբեջանի պլանին։ 

Ռուսաստանը որևէ խնդիր չի տեսել, որ Ղարաբաղն անցնի Ադրբեջանի քաղաքական վերահսկողության տակ, այլ ընդամենը ցանկացել է, որ ռուսական խաղաղապահները մնան և անվտանգություն ապահովեն։ Ռուսաստանին բավարար էր Ադրբեջանի ռազմական կոնտինգենտ ունենալ։ Թե դրա առիթը որը կլիներ, կարծում եմ՝ երկրորդական խնդիր է՝ հայերի ինտեգրմանը նպաստելն էլ բավարար գործոն կլիներ։ 

Ուզում եք ասել՝ Ադրբեջանը հանդուրժելո՞ւ էր, որ դեպի Նախիջևան կապի դիմաց իր տարածքում գործեր հայկական անկլավ, որը կրկնելու է 1988 թիվը, երբ դրա շանսն ունենար։ Այն էլ՝ Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող հայկական անկլավ․ այն դեպքում, երբ ռուսները կոնֆլիկտի հրահրման և պատերազմող ազգերին իրենց վերահսկողության տակ պահելու պրոֆեսիոնալներ են։

Իմ տեղեկություններով, 2023-ին Ռուսաստանում հանդիպել են ադրբեջանցի և ռուս պաշտոնյաներ և պայմանավորվել, որ Ղարաբաղի գրավումից հետո այնտեղ կթողնեն մի քանի հազար հայերի, նրանց կկենտրոնացնեն Ասկերան և Ստեփանակերտ քաղաքներում։ Դա հնարավորություն կտար ռուսներին՝ մնալ Ղարաբաղում։ Սակայն Արցախի հայերը նախընտրեցին ապրել ազատ՝ Հայաստանում, քան անազատ՝ ռուս-ադրբեջանական վերահսկողության տակ։ 

Չկա որևէ իրական փաստարկ այն մասին, որ ռուսական վերահսկողությամբ «Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանին տալու դեպքում՝ Ալիևը Ղարաբաղը չէր գրավելու։ Չկա որևէ փաստարկ, թե ինչու պետք է Ռուսաստանը պատերազմ սկսեր Ադրբեջանի դեմ՝ հանուն հայերի։ 

Ինտեգրման պլանին չհամաձայնվելն ընդամենը լինելու էր առիթ Ադրբեջանի համար՝ Արցախի դեմ պատերազմ սկսելու և վերահսկողության տակ վերցնելու այդ տարածքը։ Իսկ ռուսները ոչինչ չէին անելու, եթե նույնիսկ՝ վերցրած լինեին «Զանգեզուրի միջանցքի» հսկողությունը։ 

Ռուսներն իրենց ռազմական, քաղաքական, տնտեսական բոլոր ռեսուրսները ուղղել են Ուկրաինայի ուղղությամբ, և Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ ճակատ բացելը՝ ինքնասպանություն կլիներ Պուտինի համար։ Այդ է պատճառը, որ նա 2023-ի սեպտեմբերի 19-ին հանգիստ զոհեց հայերին, և ռեսուրսները մղեց Ուկրաինայի դեմ։ Վերջնահաշվարկը լինելու էր այն, որ Ադրբեջանը գրավելու էր Ղարաբաղը և ստանալու էր «Զանգեզուրի միջանցք»։ 

Իսկ Հայաստանը ոչ միայն կորցնելու էր Արցախը, այլև՝ Իրանի հետ սահմանի նկատմամբ վերահսկողությունը։ Այսինքն, ոչ միայն բռնի տեղահանելու էր Ղարաբաղը և այն օկուպացվելու էր, այլ նաև՝ Ադրբեջանն ստանալու էր «Զանգեզուրի միջանցք», որը գտնվելու էր Հայաստանի իրավազորությունից դուրս։ Սա է, ինչ տեղի էր ունենալու մեզ հետ։ Դաժան է հնչում, բայց այդպես է։ Գեղեցիկ հեքիաթներին ես վաղուց չեմ հավատում։

Աղբյուրը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/1CHAxnf1Pa/

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *