Ադրբեջանն այս գործընթացն այնուամենայնիվ ձգձգում է՝ տարբեր պատճառներով, նաև Հայաստանի գալիք ընտրություններն են, կարծում եմ, Ադրբեջանի համար հետաքրքիր:
Սամվել Մելիքսեթյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը
– Պարո՛ն Մելիքսեթյան, Վաշինգտոնում Կովկասի հարցերով լրագրող Ալեքս Ռաֆօղլուն X-ի իր էջում գրել է, որ այս ուրբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է Սպիտակ տանը ընդունել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին։ Ադրբեջանական լրատվամիջոցները ևս այս մասին գրում են, իսկ ՀՀ կառավարությունից այս լուրը ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել են: Ձեր դիտարկմամբ՝ այդ հանդիպումը տեղի կունենա՞: Ի՞նչ զարգացումներ սպասել այդ պարագայում:
– Հաշվի առնելով այդ արտահոսքերը՝ ակնհայտ է, որ ինչ-որ հանդիպում իսկապես լինելու է: Իմ պատկերացմամբ՝ քննարկվելիք հարցերից մեկը խաղաղության պայմանագրի տեքստի պարաֆիկացիայի թեման է լինելու՝ նախաստորագրումը։ Կարելի է ենթադրել ու գրեթե վստահ լինել, թե քանի որ ամերիկյան կողմը նախկինում կոմունիկացիաների ապաշրջափակման առաջարկով էր հանդես եկել, նաև այս թեմաներով նոր զարգացումներ, գուցե առաջարկներ կամ ձևափոխումներ լինեն:
Ենթադրում եմ, որ նաև ինչ-որ խորհրդանշական քայլեր կլինեն՝ կապված հայ ռազմագերիների մի մասին ազատ արձակելու հետ, բայց դա զուտ ենթադրություն է:
Մենք նաև գիտենք, որ վերջերս ակտուալ է դարձել մի թեմա, ինչը նախկինում ևս քննարկվել է՝ Ադրբեջանի միացումը այսպես կոչված Աբրահամյան պայմանագրերին՝ Իսրայելի ու մահմեդական, հիմնականում արաբական երկրների պայմանագրերի ձևաչափին, որտեղ ԱՄՆ-ն հովանավոր է ու նաև որոշակի աջակցություն է ցուցաբերում այն երկրներին, որոնք միանում են Աբրահամյան այդ պակտին:
Մամուլի տարբեր հրապարակումներից մենք տեղյակ ենք նաև, որ այն իրենից ենթադրում է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքում, ինչը ես քիչ հավանական եմ համարում, գուցե ավելի շուտ լինի հետագա քայլերի ճանապարհային քարտեզ:
– Նախաստորագրումը ենթադրում է ձեր ասած ճանապարհային քարտե՞զը:
– Չէ՛, դա ենթադրում է, որ կողմերը եկել են տեքստի անփոփոխության շուրջ համաձայնության, ու բացի բանավոր համաձայնությունից՝ այն արտահայտում են նաև պաշտոնապես, այսինքն՝ հաստատելով այդ պայմանագրի ամեն մի էջն իրենց ստորագրություններով, հիմնականում պետք է լինի այն մարդկանց ստորագրությունները, որոնք կապ ունեն այդ գործընթացի հետ: Դրանից այն կողմ, եթե այլ արդյունք լինի, ապա ևս շատ դրական կլինի:
– Քի՞չ հավանական եք համարում, որ շոշափելի արդյունք կլինի:
– Շոշափելի արդյունքը իհարկե կլիներ խաղաղության պայմանագրի ստորագրումը և կոմունիկացիաների ապաշրջափակման շուրջ հստակ համաձայնությունը, որտեղ նշվում են հստակ ժամկետներ, ձևաչափեր և այլն: Կարծում եմ, որ սա ավելի քիչ հավանական գործընթաց է, թեև ավելի դրական հայտարարություններ պատրաստակամության մասին գուցե լինեն:
– Պարո՛ն Մելիքսեթյան, ինչո՞ւ եք քիչ հավանական համարում:
– Մենք գիտենք, որ Ադրբեջանն այս գործընթացն այնուամենայնիվ ձգձգում է՝ տարբեր պատճառներով, նաև Հայաստանի գալիք ընտրություններն են, կարծում եմ, Ադրբեջանի համար հետաքրքիր: Ինչպես գիտենք, խաղաղության պայմանագրի վերջնական կնքումը նաև ենթադրում է, ըստ ադրբեջանական կողմի պահանջների՝ Սահմանադրության փոփոխություն ու Մինսկի խմբի լուծարում, ու մի փոքր դժվար է պատկերացնել աշխատող կոմունիկացիաներ՝ առանց խաղաղության պայմանագրի, թեև ամեն ինչ հնարավոր է:
– Ձեր ասած՝ Աբրահամյան պայմանագրերին միանալն ի՞նչ է ենթադրում:
– Դա ենթադրում է, որ Ադրբեջանը դառնում է նաև Իսրայելի դաշնակից ու որոշակի աջակցություն է ստանում նաև ԱՄՆ-ից, ասենք՝ ֆինանսական, հնարավոր է՝ ռազմատեխնիկական, այսինքն՝ դա համագործակցության ձևաչափ է, բայց, ինչպես նշեցի, այստեղ նախապայմանը խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումն է, ու կասկածներ ունեմ, որ կայանալիք հանդիպման ժամանակ նման արդյունք կգրանցվի:
– Նախապայման Ադրբեջանին Միացյալ Նահանգների՞ կողմից:
– Այո՛, ըստ ամերիկյան որոշ հրապարակումների՝ Ադրբեջանի դեմ դրված պայմանը հենց Հայաստանի հետ խաղաղության հաստատումն է:
Քրիստինե Աղաբեկյան
Աղբյուրը՝ MediaLab.amhttps://medialab.am/303801/
