ԱՄՆ-ն և Հայաստանը առաջիկա ամիսներին կսկսեն կառուցել «Թրամփի ուղի» կոմունիկացիոն հաբը։ 907 բանաձևի ընդունման պատճառներից մեկը եղել է Հայաստանի շրջափակումը։ Որպեսզի 907 բանաձևը ամբողջապես չեղարկվի ԱՄՆ օրենսդիր և գործադիր կառույցների կողմից, Ադրբեջանից բացի՝ նաև Թուրքիան պետք է ամբողջությամբ բացի Հայաստանի հետ սահմանը։
Ռոբերտ Անանյան
ԱՄՆ-ի գլխավորությամբ հայ-ադրբեջանական գործարքը խաղաղության շուրջ գործնականում կայացած է։ Այժմ պետք է իրագործվի առաջին իրական գործարքը՝ ուղղված խաղաղությանը և ռեգիոնալ համագործակցությանը։ Առաջարկս է՝ 907 բանաձևի չեղարկման դիմաց ՀՀ տարածքից Ադրբեջանի զորքերի դուսրբերում, ՀՀ լիակատար ապաշրջափակման իրական երաշխիք։ «Թրամփի ուղի» պրոյեկտի իրագործման նպատակով ԱՄՆ-ն արդեն ունի ֆինանսական հաշվարկներ։
Առաջիկա շաբաթներին ամերիկյան կողմը կստեղծի աշխատանքային խմբեր՝ «Թրամփի ուղին» կազմող երկաթուղային, ավտոմոբիլային, նավթա-գազատար խողովակների, մալուխային գծերի կառուցման համար աշխատանքների նպատակով։ Կարծում եմ, 2-3 տարի կարող է տևել նոր կոմունիկացիաների կառուցումը, ապա հնարավոր կլինի գնալ ամբողջական ապաշրջափակման։
Սակայն մինչ այդ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ կարող է կնքվել ևս մեկ գործարք՝ ռեգիոնում իրական դէէսկալացիա ապահովելու նպատակով։ Առաջարկում եմ կոնկրետ մեխանիզմը։ ԱՄՆ-ն կարող է կողմերին առաջարկել հետևյալ գործարքը՝ մինչև ապաշրջափակման սկիզբը Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը Հայաստանի այն տարածքներից, որոնք զբաղեցրել է 2021 թվականի մայիսից մինչև 2024 թվականը սահմանային ռազմական գործողությունների ժամանակ։
Դրա դիմաց՝ ԱՄՆ-ի օրենսդիր և գործադիր կառույցները կարող են վերջնականապես վերացնել Ադրբեջանի հետ ռազմական և անվտանգային ոլորտներում համագործակցությունը սահմանափակող 907 բանաձևը։ Նոր գործարքի երրորդ բաղադրիչը պետք է դառնա ռեգիոնի ամբողջական ապաշրջափակումը։
Գիտենք, որ 907-րդ հոդվածը («Section 907 of the Freedom Support Act») ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ընդունման հիմնական պատճառը 1991-1992 թվականներին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակումն էր Ադրբեջանի կողմից, ինչպես նաև՝ ռազմական հարձակումները։ Այդ ժամանակ Ադրբեջանը փակել էր երկաթուղային և ավտոմոբիլային կապերը Հայաստանի հետ, արգելափակել էր գազամատակարարումը, ինչի հետևանքով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ էր առաջացել։
1990-ականներին ԱՄՆ Կոնգրեսում կար լայն համոզմունք, որ Ադրբեջանը ոչ միայն բլոկադա է իրականացնում, այլև Հայաստանի և Արցախի դեմ ռազմական գործողություններով սրում է հակամարտությունը։ 907-րդ ուղղումը սահմանում է, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող Ադրբեջանին ռազմական բնույթի օգնություն տրամադրել, քանի դեռ նախագահը Կոնգրեսի երկու պալատներին չի զեկուցել, որ Ադրբեջանը գործնական քայլեր է ձեռնարկել՝ վերջ տալու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի շրջափակումներին, նրանց դեմ ռազմական ուժի գործադրմանը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, օգտագործելով Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքը, բանավոր հայտարարել է, որ մեկ տարով կասեցնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը վերստին ուժի մեջ դնելու մասին նախկին նախագահ Բայդենի որոշումը:
Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Ադրբեջանի համաձայնություններից մեկը 907 բանաձևի շուրջ է։ Սա չի նշանակում, որ այդ ակտը չեղարկվում է վերջնականապես։ 907 բանաձևի վերջնական չեղարկման իրավասությունը ունի միայն ԱՄՆ Կոնգրեսը, որը պետք է ընդունի նոր օրենսդրական ակտ կամ ուղղում, որով 907-րդ հոդվածը ամբողջությամբ վերացվում է կամ փոխվում է նրա ձևակերպումը։
Այս փոփոխությունը պետք է անցնի երկու պալատներով՝ Ներկայացուցիչների պալատ և Սենատ, այնուհետև պետք է ստորագրվի ԱՄՆ նախագահի կողմից։ Ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը առաջիկա ամիսներին ողջ լոբբիստական և դիվանագիտական ռեսուրսներն ուղղելու է՝ 907 բանաձևի վերջնական չեղարկման ուղղությամբ։ Առաջիկայում ստեղծվելու են նաև աշխատանքային խմբեր, որոնք պետք է մշակեն ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։
Ադրբեջանը, կարծում եմ, կփորձի այդ համաձայնագրում ներառել նաև ռազմական համագործակցության մասին դրույթ։ Եթե ԱՄՆ-ն առաջարկն ընդունի, դա ենթադրելու է ԱՄՆ-ի կողմից 907 բանաձևի ամբողջական վերացում։ ԱՄՆ-ն չի կարող Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության հռչակագրով գնալ ռազմական գործակցության, եթե 907-րդ բանաձևը չի վերացվել։
Սակայն կարծում եմ՝ ԱՄՆ-ն պետք է գնա 907 բանաձևի վերջնական չեղարկման այն դեպքում, եթե Ադրբեջանն իր զորքերը կհեռացնի Հայաստանի տարածքից՝ մինչև 2021 թվականի մայիսի 12-ը եղած սահմանագիծը, ինչպես նաև՝ գործնական քայլեր անի՝ Հայաստանի հետ ապաշրջափակման գործընթացում։ Այդպիսով, դէօկուպացիայի կենթարկվի Հայաստանի տարածքից առնվազն 200-ից 300 քառակուսի կիլոմետր մակերես, և Հայաստանը դուրս կգա կիսաբլոկադայից։
Միևնույնն է՝ Երևանն ու Բաքուն այժմ Ալմա-Աթայի հռչակագրով և ԽՍՀՄ վերջին իրավական քարտեզներով իրականացնում են սահմանազատում, հետևաբար՝ Ադրբեջանը վաղ թե ուշ հանելու է իր զորքերը Հայաստանի օկուպացված տարածքներից։ Սակայն 907 բանաձևը ԱՄՆ-ի օրենսդիր և գործադիր կառույցների կողմից չի կարող վերջնական չեղարկվել, քանի դեռ Ադրբեջանը զորքեր ունի Հայաստանի տարածքում, քանի դեռ չի բացել ճանապարհները։
Այդ բանաձևի ընդունման պատճառները ինչպես նշեցի՝ եղել են Հայաստանի բլոկադան և ռազմական հարձակումները։ Հայաստանի բլոկադան դեռևս վերացված չէ, և ռազմական հարձակումների հետևանքով՝ հայկական տարածքից 200-ից 300 քառակուսի կիլոմետրը դեռևս օկուպացված է։
ԱՄՆ-ն և Հայաստանը առաջիկա ամիսներին կսկսեն կառուցել «Թրամփի ուղի» կոմունիկացիոն հաբը։ 907 բանաձևի ընդունման պատճառներից մեկը եղել է Հայաստանի շրջափակումը։ Որպեսզի 907 բանաձևը ամբողջապես չեղարկվի ԱՄՆ օրենսդիր և գործադիր կառույցների կողմից, Ադրբեջանից բացի՝ նաև Թուրքիան պետք է ամբողջությամբ բացի Հայաստանի հետ սահմանը։
Ադրբեջանը պետք է ընդունի «Թրամփի ուղի» նախագծի իրագործման պայմանները, Հայաստանին իր տարածքով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհ տա։ Եվ միայն դրանից հետո պետք է ԱՄՆ-ն չեղարկի 907-րդ բանաձևը։ Ռեգիոնալ լիարժեք ապաշրջափակումով և Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից ադրբեջանական զորքերի լիարժեք դուրսբերումով՝ կվերանան 907 բանաձևի գոյության պատճառները։
Ընդ որում, Ադրբեջանը ոչ թե պետք է խոստանա, որ սահմանազատման հետևանքով Հայաստանի տարածքները դէօկուպացիայի կենթարկվեն, այլ պետք է զորքերը Հայաստանի տարածքից հեռացնի մինչև բուն ապաշրջափակման գործընթացի մենարկը։
Այս երկու պայմանների կատարումը կբերի նաև 907 բանաձևի չեղարկման։ Սա կլինի շատ կարևոր գործնական գործարք ԱՄՆ-ի գլխավորությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ ԱՄՆ-ն ցույց կտա, որ գործնական քայլեր է ձեռնարկում՝ ուղղված իրական խաղաղությանը, և որ Վաշինգտոնի գործարքը միայն թղթային նշանակություն չունի։
Այս գործարքն իրապես կնպաստի իրավիճակի դէէսկալացիային, ռեգիոնալ ապաշրջափակմանը, և մյուս կողմից՝ Ադրբեջանը հնարավորություն կստանա ԱՄՆ-ից ստանալ Իրանի հետ սահմանի ամրացման և Կասպից ծովի նավատորմի արդիականացման հնարավորություն։
Աղբյուրը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից
