Հայաստան

Հայաստանը Գործոն Է Ոչ Թե Գործիք

Մեկուսացումը շարունակելը և ԱՄՆ-ի պես հզոր ուժի հետ համատեղ շահ ձևակերպելուց վախը մեզ միայն վնասելու է։ Եթե պաշարմանը վերջ չտանք՝ մտնելու են բերդ, որովհետև մեկուսացումը սնուցող մեր ռեսուրսներն անսպառ չեն։

Ռոբերտ Անանյան

Հայաստանը աշխարհի թիվ մեկ ռազմաքաղաքական ուժի և տնտեսության՝ ԱՄՆ-ի հետ ձևակերպում է ռազմավարական բնույթի շահ։ Սա է ապաշրջափակման պրոցեսում ԱՄՆ-ի ներգրավման կարևոր արդյունքը։ ԱՄՆ-ն գալիս է Հայաստան՝ տնտեսական կոնկրետ և երկարաժամկետ շահով։ Մեղրիի կոմունիկացիոն հաբի համատեղ կառուցումն ու կառավարումը այստեղ բերում է նաև ԱՄՆ-ի քաղաքական ուշադրությունը։ 

Այսօրվա ԱՄՆ-ն սովորաբար քաղաքական և դիվանագիտական ջանքեր է ներդնում պաշտպանելու այն տարածքները, ուր ունի խոշոր տնտեսական շահեր։ Այս ադիմինիստրացիայի համար տնտեսական շահը թիվ մեկն է, իսկ արժեքային ընդհանրությունները՝ երկրորդական են։ Թրամփին հետաքրքիր չէ՝ Հայաստանը ժողովրդավարական է, թե՝ ոչ․ նրան հետաքրքիր է՝ տնտեսական շահ ձևակերպվո՞ւմ է մեր երկրի հետ, թե՝ ոչ։ 

Եթե այո, ուրեմն առաջիկա 3-4 տարում Հայաստանը ԱՄՆ-ի համար կարևոր կլինի։ Եթե ոչ՝ մեր մասին կհիշեն հայ-ադրբեջանական էսկալացիայից մյուս էսկալացիան։ Մեզ համար դրական է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր հաստատումը համընկնում է ամերիկյան տնտեսական խոշոր ներդրման հեռանկարի հետ։

Ասիան Եվրոպային կապող առևտրային ճանապարհներից մեկը Հայաստանի հետ կառուցելով և կառավարելով՝ ԱՄՆ-ն ստանում է իրական հնարավորություն՝ այստեղ Չինաստանի հետ մրցակցել գլոբալ հաղորդուղիների համար պայքարում։ 

ԱՄՆ-ն հնարավորություն է ստանում արևելք-արևմուտք ցամաքային առևտրային ճանապարհներից մեկի վրա գտնվել՝ Հայաստանում, և հակակշռել Չինաստանին։ 

Սա է իրենց աշխարհաքաղաքական շահը։ Եթե Հայաստանը դրա դիմաց ստանալու է անվտանգային և տնտեսական դիվիդենտներ, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում։ Մենք չենք կարող մնալ ստերիլ և խոշոր կոմունիկացիոն նախագծերից դուրս մնալ։ Դա փորձել ենք 35 տարի և հայկական բերդ-ամրոցը պաշարվել է։ Պաշարված բերդ-ամոցի մոդելը մեզ բերել է խոշոր աղետների։  Պատերազմների և հարձակումների վտանգի տակ ապրող Հայաստանը կորցրել է իր բնակչության մի ակտիվ մասին։ Սա շարունակելը դանդաղ մահ է։

Մեկուսացումը շարունակելը և ԱՄՆ-ի պես հզոր ուժի հետ համատեղ շահ ձևակերպելուց վախը մեզ միայն վնասելու է։ Եթե պաշարմանը վերջ չտանք՝ մտնելու են բերդ, որովհետև մեկուսացումը սնուցող մեր ռեսուրսներն անսպառ չեն։ Ես վաղուց հրաժարվել եմ օգտագործել «երաշխիք» բառը, հատկապես՝ անվտանգության ոլորտում։ Սակայն համոզված եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ ջանքեր կկենտրոնացնի Հայաստանի շուրջ կայունության ապահովման համար։ Սա հովանավորի փնտրտուք չէ, այլ ԱՄՆ-ի հետ համատեղ շահի ձևակերպում, որը կունենա անվտանգային և տնտեսական էֆեկտներ։

Հայաստանի շուրջ կայունությունը կբխի իր տնտեսական շահից, իր գլոբալ հավակնությունների սպասարկմանը նպաստող կովկասյան ռեգիոնը չկորցնելու անհրաժեշտությունից։ Ֆանտաստիկայի ժանրից կլինի, եթե Ադրբեջանը ԱՄՆ-ի և Հայաստանի հետ հաղորդուղիների գործարկմանն առնչվող համաձայնություն կքնելով՝ հարձակվի այդ կոմունիկացիոն հաբի վրա։ Հայաստանը համեմատաբար անվտանգ կլինի, եթե կարողանա իր շուրջ ձևավորել խոշոր ուժերի շահային գոտիներ։ 

Մեր այսօրվա խնդիրն է՝ այնպիսի կարևորություն ձեռք բերել ԱՄՆ-ի, ԵՄ-ի համար, որ ուզենան տեսնել Հայաստանի գոյությունը և նպաստեն մեր զարգանալուն։

Ամեն ինչ է հնարավոր այս աշխարհում՝ մոլորակի կործանում, միջուկային պատերազմներ, համաշխարհային ջրհեղեղ, ավերիչ երկրաշարժեր, 3-րդ համաշխարհային պատերազմ։ Բայց հավանականությունների տեսությունը հուշում է, որ Ադրբեջանը չի հարձակվի Հայաստանի այն տարածքների վրա, ուր կա ամերիկյան խոշոր շահ, որը նրա գլոբալ ռազմավարության մասն է։ 

Կուզեի լսել ԱՄՆ նախագահի խոսակցությունը Ալիևի հետ՝ այդ ագրեսիայի պահին։ Էլի, ոչինչ չբացառելով, սակայն Հայաստանի և ԱՄՆ-ի այս գործակցությունը բերում է մեր երկրին անվտանգային միջավայրի բարելավման դիվիդենտներ և մեր ռեսուրսները մեծացնելու հնարավորություն։ Մեր երկրի ինքնիշխանությունը կպահպանվի, և Հայաստանը կմասնակցի իրեն վերաբերող որոշումների կայացմանը։

Ընդ որում, այդ ռեսուրսները ոչ միայն տնտեսական են, այլև՝ դիվանագիտական և քաղաքական։ ԱՄՆ-ի հետ մենք ձևակերպում ենք խոշոր շահ, դառնում ենք իրական օրակարգ ունեցող գործընկեր։ Սա կմեծացնի ԱՄՆ-ի մոտիվացիան՝ Հայաստանը տեսնել անվտանգ։ Զորքեր չի ուղարկի, գուցե՝ զենքեր էլ չտա, բայց դիվանագիտական ռեսուրսներ կուղղի՝ իր տնտեսական շահն սպասարկելու։ Նա կաջակցի, որ մենք ավելի շատ սուվերեն ռեսուրսներ գեներացնենք՝ մեզ պաշտպանելու համար։

Առաջիկա 3 տարիներին Հայաստանն ու ԱՄՆ-ն կկառուցեն երկաթուղիներ, ավտոճանապարհներ, նաև՝ նավթա-գազային խողովակներ, մալուխագծեր։ Դա կաշխուժացնի մեր տնտեսությունը, նոր հեռանկարներ կբացի արտադրողների, արտահանողների, առևտրային շղթաների մասնակիցների համար։ 

ԱՄՆ-ի ներկայությունը Հայաստանի տնտեսությունում՝ կբարձրացնի մեր երկրի ներդրումային վստահության աստիճանը և գրավչությունը։ Իսկ ռեգիոնում խաղաղության հաստատումը, ճանապարհների բացվելը արևմտյան կապիտալին թույլ կտա ավելի անվտանգ զգալ այստեղ, և մեր երկիր բերել խոշոր ներդրումային ծրագրեր։ Մշտական պատերազմների և կոնֆլիկտի շարունակման դեպքում՝ ողջ մնալու մեր շանսը ցածր է։

Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում՝ Մեղրիի 42 կիլոմետրանոց ճանապարհի նշանակությունը կբազմապատկվի։ Գյումրի-Կարս երկաթուղին կլրացնի պատկերը։ Հայաստանը կարող է դառնալ մի կոմունիկացիոն հաբ, որով իրար կկապվեն Ռուսաստանը և Թուրքիան, Իրանը և Եվրոպան, Կենտրոնական Ասիան և Եվրոպան, Հայաստանը՝ Իրանի և Պարսից ծոցի երկրների հետ, ինչպես նաև՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետ։ 

Մեզ համար կենսական է Թուրքիայի հետ երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների բացումը։ Դա մեզ հնարավորություն կտա՝ ԵՄ-ի երկրների հետ ցամաքային համեմատաբար կարճ և էժան ճանապարհ ստանալ։ Իսկ ԵՄ-ին անդամակցելու իրական գործընթացի դեպքում՝ ընդհանրապես Հայաստանը առավել մեծ շանս կստանա առավել արդիական և կարևոր նշանակություն ունեցող երկիր դառնալ։ Եթե մենք անդամակցենք Եվրամիության Ազատ առևտրի գոտուն, մեր տնտեսվարողները երկաթուղային կապով մաս կդառնան ԵՄ-ի հարուստ շուկային։ 

Դա չի կարող Հայաստան չբերել արդիական տեխնոլոգիաներ, նոր արտադրություններ, խոշոր կապիտալ։ Մարդիկ կան՝ չեն հավատում, որ տնտեսական զարգացումն ու փոխկապակցություններ ստեղծելը երկրներին անվտանգային դիվիդենտներ է տալիս։ Նրանք կարծում են՝ անվտանգությունը միայն զենք ու զրահն է, տանկերի և հրթիռների թիվը։ Սա իրականում հնացած հաշվարկային ձև է։ 

Իմ կարծիքով, ինչքան երկիրը մեծացնում է իր կարևորությունը խոշոր խաղացողների համար, այնքան շատ անվտանգային դիվիդենտներ է ստանում։ 

Ես չեմ ուզում անդրադառնալ այն ուժերին, որոնք ամբողջ կյանքում խոսել են Հայաստանի՝ ՆԱՏՕ մտնելու անիրատեսական գաղափարից, ԱՄՆ-ի հետ վիրտուալ դաշինքներ են կազմել, սակայն երբ եկել է պահը՝ ամերիկյան ռեալ շահ բերելու Հայաստան, այն կործանարար են համարում, զբաղված են հակաքարոզչությամբ։ Չեմ ուզում խոսել նրանցից, ովքեր պնդում են, որ Հայաստան-ԱՄՆ կոնսորցիումի գործը ԵՄ դիտորդները կարող են անել, այսինքն՝ երկաթուղիներ, ճանապարհներ և գազատարներ կառուցել։ 

Գրագիտության և պրոցեսները լավ պատկերացնելու պակաս կա, անշուշտ։ Եվ չեմ ուզում մտնել դավադրապաշտության դաշտ և ասել, որ Ռուսաստանն է հովանավորում կեղծ արևմտամետներին, և կառավարման վահանակն իր ձեռքում է պահում, որ կառավարի հասարակության «արևմտամետ» տրամադրությունները՝ անհրաժեշտ պահին ձախողելու ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ մերձեցման շանսը, հիասթափություն առաջացնելու։ Դա էլ չեմ բացառում։

Համոզված եմ, մենք մտնում ենք մի պրոցեսի մեջ, որը օգտագործելու դեպքում՝ Հայաստանը կարող է զգալիորեն բարձրացնել իր միջազգային նշանակությունը, հարստացնել պետական բյուջեն, իրենից կախման մեջ դնել խոշոր և հարևան երկրների, և դառնալ մի երկիր, որտեղից ոչ թե փախչում են պատերազմի վախից դրդված, այլ ուր գալիս են՝ լավ կյանքի ակնկալիքով։ 

Սա միանգամայն իրատեսական սցենար է, եթե կարողանանք առկա ռիսկերը կառավարելով՝ օգտագործել այս խոշոր ծրագրի ամբողջ պոտենցիալը։ Հայաստանը պետք է դառնա արևմտյան կապիտալի համար ապահով և եկամուտներ բերող երկիրը։ Սա է մեր երկրի զարգացման շանսը՝ ուզեք, թե չուզեք։

Աղբյուրը՝ Ռոբերտ Անանյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/story.php?story_fbid=24660251336933264&id=100001252192771&mibextid=wwXIfr&rdid=NbTVqS6BRRfQRZhv#

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *