Հայաստան

Արցախի Հարցը Տապալվել Է Տասնամյակներով

1998թ․ ինչո՞ւ ներկայիս Հայաստան խմբակցության առաջնորդ Քոչարյանն իր թիմով խանգարեց իրագործել Փուլային տարբերակը։ Ու ինչո՞ւ դրանից հրաժարվելուց հետո Քոչարյանն իր արտգործ նախարարին ուղարկեց Մոսկվա, որպեսզի վերջինս Պրիմակովին խնդրի, որ Ադրբեջանը համաձայնվի իր իսկ սահմաններում Արցախին ինչ որ կարգավիճակ տալ, որից Բաքուն հրաժարվեց ու առհասարակ Արցախի կարգավիճակի մասին որևէ քննարկում այլևս տեղի չունեցավ։

Վահրամ Աթանեսյան 

FreeNews-ը զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին օրերին վարչապետ Փաշինյանի ու նախկին նախագահների միջև սկսված հեռակա մեղադրանքներից՝ մասնավորապես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից արված այն հայտարարությունը, որ Փաշինյանը 2019թ․ Ադրբեջանին պատերազմ հայտարարեց, երբ Ստեփանակերտում ասաց, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։

Վահրամ Աթանեսյանը հանգամանալից անդրադարձավ այդ հեռակա վեճին ու ասաց, որ թերևս ավելի նպատակային կլիներ, եթե այդ ամենը ոչ թե քաղաքական բնույթ կրեր, այլ վերլուծական։ Շատ ավելի նախընտրելի է, որ այդ թեմաները քննարկվեն ոչ թե քաղաքական դաշտում, այն էլ ներկա-նախկին առաջնորդների կողմից, այլ փորձագիտական շրջանակներում, որպեսզի հնարավոր լինի որևէ գործնական, կիրառելի արդյունք ստանալ։ Այլապես, այս մեղադրանքները, մասնավորապես այն, որ Փաշինյանը 2019-ին մերժել է Ադրբեջանի առաջարկը և դրանով իսկ հրաժարվել խաղաղությունից, կարող են բերել նրան, որ Փաշինյանն էլ իր հերթին մի շարք հարցադրումներ կարող է դնել նախկին առաջնորդների առաջ, որը այդ նույն առաջնորդներին բավական անհարմար դրության մեջ կդնի։

Պատերազմ, թե խաղաղություն հարցադրումն այսօր շատ անորոշ քննարկման մեջ է։ Վահրամ Աթանեսյանի կարծիքով Արցախի հարցի խաղաղ լուծման հեռանկարն ավարտվել է դեռևս 1998թ․։ Դրանից հետո Ադրբեջանը բանակցել է միայն մի հարցի շուրջ՝ ի՞նչ ժամկետներում Հայաստանը կվերադարձնի գրավյալ տարածքները, որի դիմաց Ադրբեջանը պատրաստ չէր անգամ որևէ կարգավիճակային հարց քննարկել։ Ի՞նչ խաղաղ կարգավորման մասին է խոսքը գնում։ Կամ նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, ով Լիսաբոնում վետո դրեց Արցախյանի հարցի քննարկման այն տարբերակի վրա, ըստ որի ԵԱՀԿ անդամ երկրների ճնշող մեծամասնությունը կողմ էր, որ Արցախն Ադրբեջանի տարածքում ինչ որ ինքնուրություն ունենա, դա ի՞նչ տրամաբանությամբ էր անում։ Ու եթե Տեր-Պետրոսյանը կարող է հակադարձել, որ ինքը դրանից հետո հասավ Փուլային տարբերակին, որը ենթադրում էր, որ Հայաստանը վերադարձնում է գրավյալ շրջանները բացի Լաչինից, որից հետո Հայաստանի ու Ադրբեջանի մեջ սկսվում են բանակցություններ Արցախի կարգավիճակի շուրջ, այսինքն Բաքուն պատրաստ էր Հայաստանի հետ քննարկել, թե Արցախն Ադրբեջանի կազմում ի՞նչ կարգի ինքնուրություն կարող է ունենալ, ապա դրանից հետո նման բան ընդհանրապես չեղավ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն տարիներ անց հեգնանքով ասել է, որ մի՞թե ինքը Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը վարելիս պիտի դա քննարկի Ստեփանակերտի հետ՝ բացառելով որևէ կարգավիճակային բանակցություն։ 

Աթանեսյանը հարց տվեց, թե 1998թ․ ինչո՞ւ ներկայիս Հայաստան խմբակցության առաջնորդ Քոչարյանն իր թիմով խանգարեց իրագործել Փուլային տարբերակը։ Ու ինչո՞ւ դրանից հրաժարվելուց հետո Քոչարյանն իր արտգործ նախարարին ուղարկեց Մոսկվա, որպեսզի վերջինս Պրիմակովին խնդրի, որ Ադրբեջանը համաձայնվի իր իսկ սահմաններում Արցախին ինչ որ կարգավիճակ տալ, որից Բաքուն հրաժարվեց ու առհասարակ Արցախի կարգավիճակի մասին որևէ քննարկում այլևս տեղի չունեցավ։

Վահրամ Աթանեսյանը նաև ուշադրություն հրավիրեց այն մեկնաբանության վրա, որ արվել է վերջերս, որ 2019թ․ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց բանակցություններից ու պատերազմն հայտարարեց Ադրբեջանին։ Աթանեսյանն այս առումով հիշեց, որ Կազանյան բանակցություններից վերադարձած հայկական կողմը հայտարարեց, որ Ադրբեջանը վերջին պահին չհամաձայնեցված 10 կետ է առաջադրել։ Ինչո՞ւ այդ տասը կետերը չեն հանրայնացվում ու եթե նախկին իշխանությունները դեռ 2011-ին են հրաժարվել Ադրբեջանի հետ նման կետեր քննարկել կամ ստորագրել, ապա Փաշինյանն ինչո՞ւ պիտի 2019-ին համաձայներ․ որովհետև պատերազմն արդեն զգացվո՞ւմ էր։ Իսկ մի՞թե 2011-ին դա պարզ չէր։

Վահրամ Աթանեսյանը նաև հիշեց 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում հոկտեմբերի 8-ին Ռուսաստանում Հայաստան-Ադրբեջան հանդիպումը, որից հետո Ալիևը РИА-ին տված հարցազրույցում ասել էր, որ ինքը պատրաստ է նույն վայրկյանին դադարեցնել պատերազմը, եթե Նիկոլ Փաշինյանի կողմից ստանա հայկական զորքերի դուրսբերման ժամանակացույց և ավելացրել էր, որ «այս անգամ առանց Շուշիի յոլա չենք գնա»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *