ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հետևություններ ՀՅԴ Անցյալից

Կար իրադրություն, որի հետ պետք էր հաշվի նստել։ Կար իրավիճակ, որը ստիպում էր նայել իրականության աչքերին և որոշում ընդունել։ Իսկ որոշումը մեկն էր․ կամ լեզու գտնել թուրքերի հետ, կամ էլ գլխովին կոտորվել։ Այդ իրավիճակում Առաջին Հանրապետության ղեկավարներն ընտրեցին միակ ճիշտ ճանապարհը։ Ու այդ ճանապարհը Առաջին Հանրապետության ծնունդն էր, այդ ճանապարհը քաոսի ու արյան միջով պետականության ստեղծման ճանապարհն էր։

Մեր Ուղին

Մաս առաջին

1918թ․ հունիսի 4-ին Հայաստանի Հանրապետության և Օսմանյան կայսրության միջև կնքվեց հաշտության և բարեկամության պայմանագիր։ Դա մի չափազանց ծանր պայմանագիր էր, քանի որ այդ պայմանագրով, ինչպես ասում էին․ «Հայերին Սևանում լողանալու տեղ թողեցին, բայց չորանալու տեղ չթողեցին»։ Այդ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը ճանաչվում էր Օսմանյան կայսրության կողմից և երկկողմանի դիվանագիտական հարաբերություններ էին հաստատվում։ Պայմանները, որի ուղեկցությամբ կնքվեց այդ պայմանագիրը՝ սարսափելի էին։ Դրանից ընդամենը երեք տարի առաջ սկսվել էր Հայոց Ցեղասպանությունը, Արևելյան Հայաստանը լցված էր հարյուր հազարավոր փախստականներով, երկրում սարսափելի սով էր, մոլեգնում էր ժանտախտի ու բծավոր տիֆի համաճարակը։ Ինչպես գրում է Առաջին Հանրապետության վարչապետներից Սիմոն Վրացյանն իր «Հայաստանի Հանրապետություն» գրքում ՝ «….հապճեպով պատրաստված հիվանդանոցներն անզոր էին իրական դարման հասցնելու. դեղ չկար, վառելիք չկար, սնունդ չկար, սպիտակեղեն չկար: Եվ մարդիկ մեռնում էին անմռունչ, հարյուրներով, հազարներով,: Ժողովուրդը սպառվում էր վառվող մոմի պես»։ Հաշտության պայմանագրից ընդամենը օրեր առաջ տեղի էին ունեցել մայիսյան հերոսամարտերը։

Հաշտության պայմանները ևս ծանր էին։ ՀՀ տարածքը կազմելու էր 12 հզր քառ/կմ, հայերը պարտավորվում էին մեծ մասամբ ցրել բանակը, չունենալ ծանր հրետանի, Ադրբեջանը կարող էր զենք ու զորք փոխադրել ՀՀ տարածքով, երկաթուղին անցնում էր Թուրքիայի վերահսկողությանը։ Ընդ որում հայկական կողմը ստիպված էր այդ հաշտության  ու բարեկամության պայմանագիրը ստորագրել այն նույն հայակերների հետ, ովքեր կազմակերպել և իրականացրել էին հայոց Ցեղասպանությունը, նրանց հետ, ովքեր ընդամենը մի քանի օր առաջ թուրքական զորքերին հրաման էին տվել ջնջել Երևանն ու հայությունը աշխարհի երեսից։ 

Ուրեմն ի՞նչն էր ստիպել Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը նման ծանրագույն պայմանագիր ստորագրել, այն էլ հենց նույն թուրքերի հետ, ովքեր պայմանագրի կնքումից օրեր առաջ անգամ չէին էլ ուզում լսել հայկական կողմին, ովքեր ցեղասպանել էին հայերին Արևմտյան Հայաստանում ու պատրաստվում էին նույնն անել Արրևելյան մասում։ Մի՞թե ՀՀ Դաշնակցական ղեկավարությունն այդքան միամիտ էր, որ հավատում էր թուրքերին, մի՞թե Հովհաննես Քաջազնունին, Միքայել Պապաջանյանը, Ալեքսանդր Խատիսյանը այդքան միամիտ էին, մի՞թե Արամ Մանուկյանը, որ Հանրապետության ղեկավարներից էր, այդքան միամիտ էր։ Չէ՞ որ այդ մարդիկ ողջ կյանքն ապրել էին թուրքերի հետ, կռվել էին նրանց դեմ և շատ լավ էին ճանաչում թուրքերին։ Բնականաբար միամիտ չէին։ Իսկ ինչո՞ւ կնքեցին այդ պայմանագիրը; Դավաճաննե՞ր էին, ուզում էին երկիրը ծախել թուրքերի՞ն։ Իհարկե ոչ։ Նրանց մեղադրել դավաճանության մեջ, նշանակում է ուրանալ ճշմարտությունը, նշանակում է պարզապես խելագար լինել։

Իսկ նման քայլին գնալը ստիպեց պարզ և օբյեկտիվ իրականությունը։ Կար իրադրություն, որի հետ պետք էր հաշվի նստել։ Կար իրավիճակ, որը ստիպում էր նայել իրականության աչքերին և որոշում ընդունել։ Իսկ որոշումը մեկն էր․ կամ լեզու գտնել թուրքերի հետ, կամ էլ գլխովին կոտորվել։ Այդ իրավիճակում Առաջին Հանրապետության ղեկավարներն ընտրեցին միակ ճիշտ ճանապարհը։ Ու այդ ճանապարհը Առաջին Հանրապետության ծնունդն էր, այդ ճանապարհը քաոսի ու արյան միջով պետականության ստեղծման ճանապարհն էր։ Ընդ որում 1918թ․ հունիսի 4-ի պայմանագրով ՀՅԴ-ն միայն խաղաղության հարց չէր լուծում, այլ գործում էր դիվանագիտական խորաթափանցությամբ։ ՀՅԴ-ում հասկանում էին, որ Թուրքիան հայերին պետք է ճանաչի ստատուսով, Թուրքիան պետք է հայերին ընդունի, նրանց գոյությունն ընդունի, ու ոչ թե որպես ժողովուրդ միայն, այլ որպես պետություն ու խոսի հավասարը՝ հավասարի հետ։ Մի ժողովուրդ, որին ճնշել ու ձգտել էին թուլացնել անվերադարձ, հասավ այնպիսի մակարդակի, որ նրան ջնջել փորձող դարավոր թշնամին նրան ընդունեց հավասարի նման։ Թուրքիան, որտեղ հային արգելված էր զենք կրելը, ճանաչեց հայերի ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ունենալու իրավունքը։ Դա առաջին անգամ էր 1045թ․ հետո, երբ Հայաստանում անկախ պետություն էր ստեղծվում, հայերը իրենց պատմության մեջ առաջին անգամ դառնում էին սեփական պետության քաղաքացի, այլ ոչ թե թուրքերի ու ռուսների հպատակ, ոչ թե գաղութ։ Բնականաբար այդ ամենը հեշտ չտրվեց։ Հանրապետության ղեկավարները այդ պայմանագիրը կնքելիս ուրախ ու զվարթ չէին, նրանք միամիտ երեխաներ չէին և ոչ էլ հավատում էին, որ հենց այնպես ամեն ինչ լավ կլինի։ Բայց նրանք նաև հասկանում էին, որ նախ և առաջ խաղաղություն է պետք։ Խաղաղություն է պետք մի ժողովրդի, որի մի մասին Ցեղասպանել էին մի քանի տարի առաջ, խաղաղություն է պետք Հայաստանում, որ հնարավոր լինի պայքարել սովի ու համաճարակի դեմ, որ հնարավոր լինի հազարավոր որբերի ու հիվանդների կարիքը հոգա, որպեսզի հնարավոր լինի ապրել։ Ապրել։ 

Բաթումի պայմանագիրը մերժելու մյուս տարբերակը պայքարի շարունակումն էր։ Ռոմանտիկները պնդում էին, որ պետք էր հետապնդել թուրքերին ու ավելի լավ պայմաններ պարտադրել, բայց խոշոր հաշվով բոլորն էլ հասկանում ու ընդունում են, որ դա հանարվոր չէր։ Սարդարապատում կռվում էին հայկական նոսր ջոկատներն ու աշխարհազորայինները։ Նրանք չէին կարող ևս մեկ Սարդարապատ ստեղծել նման արյունալի պայքարից ընդամենը մի քանի օր հետո։ 

Դաշնակցական ղեկավարները հասկանում էին, որ այդ որոշումը քաղաքական առումով վնասելու է իրենց հեղինակությունը, որ մյուս կուսակցությունները քար են նետելու այդ պայմանագրի վրա և իրենց մեղադրելու են դավաճանության, վախկոտության, երկիրը թուրքերին ծախելու քաղաքականության մեջ(այդ մեղադրանքները էապես քարոզվում էին ԽՍՀՄ գոյության ողջ ժամանակահատվածում)։ Բայց ՀՅԴ-ն գնաց այդ քայլին՝ հասկանալով, որ այդ պահին կուսակցության հեղինակությունը կամ հայհոյանքը ոչինչ է, քանի որ դրված է հայ ժողովրդի ապրել-չապրելու հարցը։ Որովհետև, նույնիսկ եթե ևս մեկ ռազմական հաղթանակ տանեին, հետո ի՞նչ էր լինելու։ Մի կողմում թշնամական Ադրբեջանն էր, մյուս կողմում՝ անբարյացկամ Վրաստանը, մյուս կողմում՝ Թուրքիան։ Սարդարապատով Թուրքիան չոչնչացավ, հայերը կանգնեցրին այդ սարսափելի հեղեղը, բայց անվերջ դա շարունակել հնարավոր չէր։ Արնաքամ լինող ժողովրդին խաղաղություն ու կարգավիճակ էր պետք։ ՀՀ ղեկավարները հասկանում էին, որ ռազմական հաղթանակը հարկավոր է արձանագրել դիվանագիտական փաստաթղթերով, հարկավոր է Հայաստանը գավառից դարձնել պետություն, հարկավոր է Հայաստանը վեր բարձրացնել գաղութի մակարդակից, դարձնել բոլորին հավասար պետություն, որպեսզի հայերը կարողանան աշխարհում բոլորի հետ խոսել, որպես հավասարը՝ հավասարի։ Դա քաղաքական բարդագույն որոշում էր, որին ՀՅԴ-ն ընդառաջ գնաց՝ հասկանալով, որ դա միանշանակ չի ընդունվելու ու այդ որոշման հետևանքով շատերն են իրենց հայհոյելու։

Այսօրվա Հայաստանի գոյությունը պայմանավորված է նաև 1918թ․ Բաթումի պայմանագրով։ Բաթումի հեռատես ու մտածված պայմանագրով։ Պայմանագիր, որ անիրական ու ցնորական երազները փոխարինեց նրանով, ինչը չունեինք արդեն մոտ հազար տարի՝ պետությամբ։ Ու այդ պետությունը երաշխավորեց հայերի ապրելու կամքը, ցանկությունը, ապագան։

Այսօր, զարմանալիորեն ականատեսն ենք մի աբսուրդի, երբ նույն ՀՅԴ-ն այսօր դատապարտում է օոգոստոսի 8-ի համաձայնագիրը, թեև այն հազարապատիկ ավելի լավն է, քան Բաթումի պայմանագիրը։ Զարմանալի է, որ դաշնակցականները համարում են, որ դա «ոչ արժանապատիվ պայմանագիր է» ու ներկայիս ղեկավարությունն էլ Հայաստանը ծախում է թուրքերին, որովհետև գնում է զիջումների, որովհետև ամեն առիթով չի հայհոյում Ալիևին և այլն։ Իսկ Բաթումը արդյո՞ք ոչ արժանապատիվ խաղաղություն էր։ Արդյո՞ք ՀՅԴ-ն, որ այսօր դեմ է օգոստոսի 8-ին, դեմ է նաև 1918-ի հուլիսի 4-ին։ Ո՞ւր է դաշնակցականների հեռատեսությունը։ Ո՞ւր է նրանց քաղաքական հոտառությունը, ավելի՜ն՝ պատասխանատվությունն այն ժողովրդի առաջ, որին առաջնորդելու պատիվն են ունեցել 1918թ․ և որին դարձրել են պետություն, չեն խորշել ծանր որոշումներից, չեն փախել իրականությունից, ընդունել են աշխարհը, սրի առաջ սուր են հանել, խոսքի առաջ՝ խոսք։ Իր անցյալով հպարտացող ՀՅԴ-ն մի՞թե որևէ հետևություն չի անում իր իսկ փառահեղ ու պարտավորեցնող անցյալից։ Մի՞թե ՀՅԴ-ն մոռացել է, որ այսօր իշխանությունը փորձում է անել այն, ինչը իրենք արել են դեռ 1918թ․ և որով իրականացրել են ժողովրդի առաջ ունեցած իրենց պարտականությունը։ Եվ մի՞թե այսօր ՀՅԴ-ն առաջարկում է շարունակել մի պայքար, որում դեռ 2020-ին, ցավոք պարտվել ենք։ Ու ինչո՞ւ։ Ի՞նչն է ՀՅԴ-ին ստիպում այսօր հակասել ինքն իրեն։ Ի՞նչն է ՀՅԴ-ին ստիպում մոռանալ ինքն իրեն։ ՀՅԴ-ն, որ դեռ այն ժամանակ հասկացավ, որ պետությունը սոլիդ բան է, ինչպե՞ս է այսօր այսքան անլուրջ վերաբերում իր իսկ պետության գոյության պայմաններին, երբ հիանալի հասկանում է, որ պարտված ժողովուրդը խաղաղություն է ուզում և կյանք, որ կարողանա ապրել, որովհեև կիսաշրջապատված վիճակում, առանց որևէ օգնության, միայն ոգեղեն խոսքով հնարավոր չէ տնտեսություն կառուցել ու բանակ զինել։ ՀՅԴ-ն չի հասկանո՞ւմ, թե չի ուզում։

Ժամանակն է, որ դաշնակցականները կարդան իրենց պատմությունը։ Նրանք այնտեղ բազմաթիվ ճշմարտություններ կգտնեն, ու անցյալը կստիպի ամաչել ներկային։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *