Հայաստան

Ալիևը Խաղաղություն Չի Ուզում, Բայց Պատերազմի Ուժ Չունի

Ընդդիմությունը պետք է ոչ թե քննադատի, այլ ներկայացնի հստակ քաղաքական առաջարկներ և նոր օրակարգեր, սակայն նման բան այսօր գոյություն չունի։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը որևէ իրական հիմք չունի։ Իրականում խոսքը գնում է երկաթուղային ճանապարհի մասին, որը միտված է տարածաշրջանային տրանսպորտային կապերի վերականգնմանը։

Դավիթ Ստեփանյան

Civic News-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Դավիթ Ստեփանյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային քաղաքականությունն ու Հայաստանի դերն այդ համատեքստում։

Դավիթ Ստեփանյանն ասաց, որ առաջին անգամ Հայաստանի ղեկավարին հրավիրել են մի լուրջ սամմիթի, որը ուղիղ կապ չունի ոչ Հայաստանի, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ, և սա պետք է գնահատել որպես դրական զարգացում։ Սա ցույց է տալիս՝ Հայաստանը վարում է ինքնուրույն քաղաքականություն և հասել է մի կետի, երբ կարող է ինքնուրույն ներկայանալ համաշխարհային հարթակներում։ Նրա կարծիքով՝ սա կարելի է համարել ձեռքբերում, որքան էլ որոշ շրջանակների համար դա տարօրինակ հնչի։

Վերլուծաբանը համոզված է, որ Վաշինգտոնի գագաթնաժողովը և դրա շարունակությունը Շարմ էլ-Շեյխում դրական գործընթացներ են։ Թեև նա տեղյակ չէ՝ կոնկրետ ինչի շուրջ են տեղի ունեցել բանակցությունները, բայց վստահ է, որ դրանք ընթանում են օգոստոսի 8-ի տրամաբանության ներքո, ինչը ողջունելի է։ Այն մարդիկ, ովքեր այսօր փորձում են նսեմացնել խաղաղության օրակարգը կամ կառավարության դիվանագիտական ձեռքբերումները, հենց իրենք են Հայաստանի նախկինում ինքնիշխանությունից զրկելու պատասխանատուները։ Նրա խոսքով՝ այդ մարդիկ տարիներ շարունակ Հայաստանը հասցրել էին այնպիսի վիճակի, երբ երկրի ճակատագիրը որոշվում էր ոչ թե Երևանում, այլ՝ Անկարայում, Մոսկվայում կամ Սոչիում։

Նա ընդգծեց, որ ընդդիմադիր դաշտում գործող խմբերը չունեն իրական օրակարգ, չեն կարողանում ձևավորել այլընտրանքային գաղափարներ և պարզապես զբաղված են իշխանության գործողությունները նսեմացնելով։ Ստեփանյանի խոսքով՝ սա բնորոշ է ոչ միայն քաղաքական, այլ նաև հոգեբանական մակարդակի խնդիրներին՝ երբ անհատը կամ խումբը չի կարող ինքն իրեն արժեքավոր կերպով ներկայացնել և փորձում է իրանուժությունը կոծկել ուրիշներին նվաստացնելով։

Ստեփանյանը կարծում է, որ ընդդիմությունը պետք է ոչ թե քննադատի, այլ ներկայացնի հստակ քաղաքական առաջարկներ և նոր օրակարգեր, սակայն նման բան այսօր գոյություն չունի։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» հասկացությունը որևէ իրական հիմք չունի։ Իրականում խոսքը գնում է երկաթուղային ճանապարհի մասին, որը միտված է տարածաշրջանային տրանսպորտային կապերի վերականգնմանը։ Ստեփանյանը ընդգծեց, որ աշխարհագրական պայմանները պարզապես չեն թույլ տալիս այդ տարածքով անցկացնել բազմաշերտ ավտոմայրուղի կամ խողովակաշար՝ ինչպես ներկայացնում են ադրբեջանական քարոզչական քարտեզները։

Նա ասաց, որ այդ քարտեզները մանկական մակարդակի պրոպագանդա են և չեն արտացոլում իրականությունը։ Նրա խոսքով՝ դրանք ստեղծվում են ներսի լսարանի մանիպուլյացիայի նպատակով՝ իբր հաղթանակի տպավորություն ստեղծելու համար։

Ստեփանյանը նաև նշեց, որ ԱՄՆ-ն դարձել է տարածաշրջանային գործընթացների մոդերատոր, ինչը շատ կարևոր է, քանի որ նախկինում այդ դերը կատարում էր Ռուսաստանը։ Նրա կարծիքով՝ ռուսական միջնորդությունը բերեց Հայաստանի ինքնիշխանության նվազման և նոյեմբերի 9-ի փաստաթղթին, որը Հայաստանի պետականության համար վտանգավոր էր, բայց ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությունը կանխել է Հայաստանի ինքնիշխանության հետագա կորուստը։ Նա ընդգծեց, որ Ալիևը քաղաքական խաղացող է, որը մշտապես փորձում է ցույց տալ, թե իբր ունի «հաղթաթղթեր», բայց իրականում այժմ չունի ոչ մի լուրջ լծակ։

Ստեփանյանի խոսքով՝ Ալիևի հիմնական նպատակը Հայաստանի որպես պետական միավորի ոչնչացումն է, և եթե պայմանները թույլ տան, նա անպայման կփորձի խախտել պայմանավորվածությունները։ Սակայն այս պահին աշխարհաքաղաքական սահմանափակումները նրան ստիպում են պահպանել ընթացիկ ուղին։Խաղաղության պայմանագրի ստորագրումը պարտադիր նախապայման չէ «TRIPP-ի»՝ ճանապարհային նախագծերի իրագործման համար, բայց այդ գործընթացը երկարաժամկետ է և կարող է տևել առնվազն երեք տարի։

Վերլուծաբանը ընդգծեց, որ սահմանազատման գործընթացը, երկաթգծի վերակառուցումը և տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը բազմաշերտ ծրագիր է, որը բխում է նաև Հայաստանի շահերից։ Նա հիշեցրեց, որ բլոկադան երկկողմանի է՝ ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան ենփակել Հայաստանը, այնպես էլ Հայաստանը փաստացի փակ է նրանց նկատմամբ։

Ստեփանյանը համոզված է, որ Ռուսաստանը, եթե հնարավորություն ունենա, անպայման կփորձի խոչընդոտել այս գործընթացները՝ իր ազդեցությունը վերականգնելու նպատակով։ Նրա գնահատմամբ՝ Դուշանբեի Պուտին-Ալիև հանդիպումը վկայում է, որնրանց հարաբերություններում լուրջ խնդիրներ կան։Ադրբեջանի նախկին նախագահական վարչակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի կալանավորումը կարող է կապված լինել հենց այդ ռուս-ադրբեջանական հակասությունների հետ։ Նրա կարծիքով՝ Պուտինը Դուշանբեում որոշակի ճնշում է գործադրել Ալիևի վրա, և Մեհթիևի գործը դրա պատասխան արձագանքն է։ Ռուսաստանի ձեռքում դեռ կան բազմաթիվ լծակներ Ալիևի նկատմամբ՝ կապված Ադրբեջանի նախկին ղեկավարության հետախուզական անցյալի հետ։ Նրա խոսքով՝ դա ևս մեկ ապացույց է, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները հեռու են ներդաշնակությունից։

Վերլուծաբանը նաև անդրադարձավ ներքաղաքական դաշտին՝ նշելով, որ եթեընդդիմադիր ուժերը փորձեն վերադառնալ նախկին օրակարգերին կամ Արցախը դարձնել փաստաթղթի մաս, ապա դա կնշանակի նորից խաղալ Ռուսաստանի օգտին և խոչընդոտել խաղաղ գործընթացին։ Այն փաստաթուղթը, որն առաջարկվել է ԱՄՆ-ի կողմից, սկզբնական տարբերակով անընդունելի էր, քանի որ նման էր նոյեմբերի 9-ի համաձայնագրին, սակայն հետագա բանակցությունների արդյունքում ձևավորվել է տարբերակ, որը չի սպառնում Հայաստանի ինքնիշխանությանը։ Այն ուժերը, որոնք այսօր խոսում են փաստաթղթի փոփոխման կամ լրացումների մասին, իրականում ձգտում են ձախողել այն և վերադարձնել Հայաստանը կոնֆլիկտային անցյալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *