Հայաստան

Կաշառակերն Ու Քաղբանտարկյալը Տարբեր Բաներ Են

Երբ Հայաստանի քաղաքացիներին գլխաքանակով են հաշվում, դա արդեն անընդունելի է։ Չի կարելի ժողովրդին ոչխարի տեղ դնել։ Ժողովուրդը բազմիցս ապացուցել է իր արժանապատվությունը և դիմադրել է նման բարքերին։

Հովսեփ Խուրշուդյան

1inTV-ն զրուցել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ ներքաղաքական իրավիճակը, Վարդան Ղուկասյանի ձերբակալությունն ու ընդդիմության կողմից ցանկացած ձերբակալություն «քաղբանտարկյալ» կոչելու մոտեցումը, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքականությանն առնչվող որոշ հարցեր։

Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ սա իրականում ցույց է տալիս, թե ինչ տխուր վիճակում է մեր քաղաքական դաշտը և ովքեր են դատողները, ովքեր են այդպիսի բարձրագոչ որակումներ տվողները։ Նա ասաց, որ այս մարդուն բռնել են գողության պահին, կաշառքի վրա, և «քաղբանտարկյալ» անվան տակ դա ներկայացնելն անհեթեթ է։ Վերլուծաբանի խոսքով՝ «իրենք քաղբանտարկյալներ էին պահում տարիներ շարունակ և այդպես էլ չհասկացան, թե ով է իրական քաղբանտարկյալը»։ Տեղի է ունենում դրական գործընթաց, և կոռուպցիայի դեմ պայքարը պետք է խորացնել՝ անկախ նրանից, թե ովքեր են դրանում ներգրավված։ Նա ընդգծեց, որ կան նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք իշխանությունների հետ են կապվել և հետապնդվում են օրենքով, հետևաբար այն պնդումները, թե իշխանությունները միայն ընդդիմադիրների դեմ են գործում, իրականությանը չեն համապատասխանում։Եթե կան մարդիկ իշխանության ներսում, ովքեր վայելում են հովանավորչություն և չեն հետապնդվում՝ պետք է այդ դեպքերի վրա շեշտադրություն արվի։ «Պետք է ասել՝ նրանց էլ հետապնդեք, նրանց էլ կալանավորեք, նրանց էլ դատեք։ Այդ ժամանակ դա կլինի արդար և հավասարակշռված մոտեցում», — ասաց վերլուծաբանը։Իրենք բազմիցս մատնանշել են կոռուպցիոն ռիսկերը տարբեր ոլորտներում, բարձրաձայնել են, երբեմն դա ազդեցություն է ունեցել, երբեմն՝ ոչ։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է թողնել «տարատեսակ վարդանիկներին», որ շարունակեն թալանը։ Նա համոզված է, որ հեղափոխությունից հետո Հայաստանում նման բարքեր չպետք է լինեն։ Որքան էլ որոշ շրջանակներ փորձեն այդ մարդկանց «սրբադասել», ժողովուրդը վաղուց որոշում է կայացրել՝ կոռուպցիան Հայաստանում անընդունելի է։ Նա ասաց, որ հայ ժողովուրդը վճռել է 2018-ին, որ այլևս քրեական ենթամշակույթը և կիսաքրեական վարքերը Հայաստանում տեղ չունեն։

Խուրշուդյանը նաև հավելեց, որ դրական է գնահատում ընթացող գործընթացները, քանի որ դա մաքրում է քաղաքական դաշտը։ Նրա խոսքով՝ խոսքը միայն Վարդան Ղուկասյանի մասին չէ, այլև նրանց, ովքեր ընտրակաշառքներով են հանրահավաքներ կազմակերպում։ «Երբ Հայաստանի քաղաքացիներին գլխաքանակով են հաշվում, դա արդեն անընդունելի է։ Չի կարելի ժողովրդին ոչխարի տեղ դնել», — ընդգծեց նա։Նա հիշեցրեց, որ ժողովուրդը բազմիցս ապացուցել է իր արժանապատվությունը և դիմադրել է նման բարքերին։ «2018-ին ժողովուրդը իր արժանի առաջնորդներով հաղթեց։ Հիմա այդ առաջնորդները տարբեր ճամբարներում են, բայց կապ չունի՝ ժողովուրդը իր արժանի առաջնորդների հետ պետություն է կառուցում», — եզրակացրեց վերլուծաբանը։

Խուրշուդյանը անդրադարձավ նաև եկեղեցու ներսում տեղի ունեցող զարգացումներին՝ ընդգծելով, որ այնտեղ նույնպես պետք է գործի ազդարարման սկզբունքը։ Նա նշեց, որ եթե հոգևորականները բարձրաձայնում են ապօրինությունների մասին, նրանց չպետք է հետապնդեն։ «Նույնիսկ պետական համակարգում նման դեպքեր կան, երբ մարդիկ ներսից բարձրաձայնել են և աշխատանքից ազատվել։ Դա անընդունելի է», — ասաց նա։ Վերլուծաբանը համոզված է, որ նրանք, ովքեր այսօր բռնազավթել են եկեղեցին և կապ չունեն հոգևոր կյանքի կամ հավատքի հետ, ժամանակավոր են։ «Շատ կարճ ժամանակ է մնացել, նրանք դուրս են շպրտվելու այնտեղից։ Իսկ այդ քահանան՝ Արամը, վստահաբար վերադառնալու է իր ծառայությանը, քանի որ հանրային ընկալումներում նա շատ ավելի հեղինակություն ունի, քան այսօրվա կաթողիկոսը», — նշեց Խուրշուդյանը։

Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Խուրշուդյանը կարևորեց Ադրբեջանի որոշումը՝ հանել տրանզիտային սահմանափակումները Հայաստանի նկատմամբ։ Նա ասաց, որ սա շատ կարևոր իրադարձություն է և վստահ է, որ այդ որոշման մեջ իր դերակատարությունն ունի Արևմուտքը, մասնավորապես՝ Միացյալ Նահանգները։ Եթե կա պայմանավորվածություն ապաշրջափակման շուրջ, ապա տրամաբանական է, որ ճանապարհները բացվեն առանց լրացուցիչ ժամանակ կորցնելու։ «Եթե գնացքները գալիս են Ղազախստանից, անցնում Ադրբեջանով, հետո Վրաստանով և հասնում Հայաստան, դա արդեն ապաշրջափակում է։ Իսկ եթե նույն գնացքը կարող է շարունակել Նախիջևան, ապա տարածաշրջանը աստիճանաբար կդառնա փոխկապակցված», — ասաց նա։ Վերլուծաբանն ընդգծեց, որ սա նաև հնարավորություն է Հայաստանի համար՝ դիվերսիֆիկացնելու իր տնտեսական ուղիները, որպեսզի այլևս չլինի կախված Ռուսաստանից։ «Եթե ուզում եք մնալ ճորտի պես՝ մնացեք, բայց Հայաստանը պետք է գտնի իր ճանապարհները՝ այլընտրանքային աղբյուրներից ցորեն և գազ ստանալու համար», — հավելեց նա։ Խուրշուդյանը նաև նշեց, որ հունվարի 1-ից հնարավոր է բացվեն Հայաստան–Թուրքիա սահմանները երրորդ երկրների քաղաքացիների համար, սակայն ամենակարևորը բեռնափոխադրումների ճանապարհների բացումն է։ Նրա խոսքով՝ դա շատ ավելի նշանակալից քայլ կլինի, քան պարզապես ճանապարհ բացելը զբոսաշրջիկների համար։

«Եթե Գյումրիից մինչև Ղարս ճանապարհը վերանորոգվի, դա Հայաստանին տալիս է ուղիղ կապ Թուրքիայի և Եվրոպայի հետ։ Դա կնվազեցնի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից և կավելացնի իր իրական անկախությունը», — եզրակացրեց Խուրշուդյանը։

Վերջում նա հավելեց, որ եթե թուրքերի հետ պայմանավորվածությունները զարգանան արագ տեմպերով, հնարավոր է մինչև հունվարի մեկին պայմանավորվածություն ձեռք բերվի նաև բեռնափոխադրումների համար հայ-թուրքական սահմանը բացելու ուղղությամբ։ «Դա կբերի նրան, որ Նախիջևանն էլ երկաթգծով կապվի Ղարսի հետ Հայաստանի տարածքով, և Իգդիր–Ղարս շրջանցիկ գիծը պարզապես կկորցնի իմաստը», — եզրակացրեց վերլուծաբանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *