Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Արայիկ Հարությունյանի մերձավոր շրջապատից, մինչդեռ, տեղեկություն կար, որ նա նախապես դեմ է արտահայտվել, բայց ազգային-հայրենասիրական ուժերն «սպառնացել են, որ եթե «Ազատ հայրենիք» խմբակցությունը ձախողի օրենքի ընդունումը, ապա նախագահը եւ նրա խորհրդարանական հենարանը կհռչակվեն «դավաճան» եւ կհանձնվեն ժողովրդի դատին»:

Վահրամ Աթանեսյան

Մաս 81-րդ

2022 թվականը Ստեփանակերտում նշանավորվեց «ազգային գաղափարախոսության» զարթոնքով: Հունվարին քաղաքական շրջանակներից տեղեկություն տարածվեց, որ քննարկվում է «բռնազավթված տարածքների մասին օրենքի ընդունումը»: 

Փետրվարի սկզբներին հանրային գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը ֆեյսբուքյան երկու գրառում կատարեց եւ իրազեկեց, որ հեռախոսազրույց է ունեցել Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանի հետ եւ հույս ունի, որ Ղարաբաղյան Շարժման հերթական տարելիցին  հիշյալ օրենքն արդեն ընդունված կլինի: Արցախի Ազգային ժողովի պաշտոնական կայքում այդ նախագիծը ներկայացվեց որպես «բոլոր հինգ խմբակցությունների օրենսդրական նախաձեռնություն»: 

Արայիկ Հարությունյանի մերձավոր շրջապատից, մինչդեռ, տեղեկություն կար, որ նա նախապես դեմ է արտահայտվել, բայց ազգային-հայրենասիրական ուժերն «սպառնացել են, որ եթե «Ազատ հայրենիք» խմբակցությունը ձախողի օրենքի ընդունումը, ապա նախագահը եւ նրա խորհրդարանական հենարանը կհռչակվեն «դավաճան» եւ կհանձնվեն ժողովրդի դատին»: Ուշագրավ է, որ այդ նախաձեռնությունը ժամանակային առումով զուգադիպեց ՀՅԴ 34-րդ Ընդհանուր ժողովին, որի որոշումների մի կետով խնդիր էր դրվում «հասնել Արցախի հողային ամբողջականության վերականգնմանը եւ անկախության միջազգային ճանաչմանը»: 

Այս որոշումից եւ «Բռնազավթված տարածքների մասին» օրենքն Արցախի ԱԺ կողմից ընդունելուց ոչ լրիվ մեկ ամիս անց՝  2022թ. մարտի  24-ին ադրբեջանական զորքերը մտան Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ եւ դիրքավորվեցին Քարագլխի բարձունքում: Մեկօրյա դաժան մարտերի գնով ՊԲ-ին հաջողվեց վերահսկողություն պահել Քարագլխի մի հատվածի վրա:

Մինչ այդ ադրբեջանական կողմի վերահսկողության հատվածում պայթեցվել էր Արցախը սնուցող գազատարը: Արայիկ Հարությունյանին ընդդիմադիր քաղաքական եւ հանրային շրջանակներից լուրեր տարածվեցին, որ նա եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը «Փառուխը եւ Քարագլխի մի հատվածը հանձնել են, որպեսզի Ադրբեջանը վերականգնի գազի մատակարարումը»: Փառուխի եւ Քարագլխի մի հատվածի գրավումը տեղի է ունեցել ԼՂ-ում ռուսական զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ:  

Այդ իրադարձություններից շուրջ տասը օր առաջ Արցախի Հանրային հեռուստատեսությունը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի այդ հատվածից բացառիկ տեսանյութ էր պատրաստել եւ հանրայնացրել, որ Փառուխը պաշտպանում են ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումները եւ այդ ուղղությամբ «հակառակորդը ոչինչ ձեռնարկել չի կարող»: 

Փաստացի մարտի 24-ին այդ ուժերը, կատարելով ռուսական զորախմբի հրամանատարության կամքը, հենակետերից հեռացել են եւ դրանք «փոխանցել ռուս զինվորականներին»: Կես ժամ հետո ադրբեջանական զորախումբը մտել է Փառուխ եւ այնտեղ մնացած մոտ մեկ տասնյակ բնակիչների հորդորել, որ «կամովին հեռանան»: 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *