Առաջին պայմանավորվածությունը խախտվել է հենց նույն օրը: Իրազեկ աղբյուրների վկայությամբ, Արցախի Անվտանգության խորհրդի աշխատակազմ հրավիրված արցախյան մի քանի աչքի ընկած ՀԿ-երի ղեկավարներ նախապես համաձայնել են «հանդիպում ունենալ ադրբեջանցիների հետ», բայց հետո «մեկ առ մեկ հրաժարվել են» եւ պատճառաբանել, որ «կազմակերպության անդամները դեմ են Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրմանը»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 85-րդ
2022թ. դեկտեմբերի 2-ին, ըստ չճշտված, բայց վստահելի աղյբուրներից ստացված տեղեկությունների, Շուշի-Քարինտակ խաչմերուկը փակած ադրբեջանցի «էկոակտիվիստների» հետ ԼՂ-ում ռուսական զորախմբի հրամանատար գեներալ Վոլկովի «բանակցություններին» ավելի ուշ ներգրավվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Ադրբեջանական կողմը բարձրացրել է Դրմբոնի ոսկու եւ Կաշենի բազմամետաղային հանքավայրերում «բնապահպանական իրավիճակը դիտարկելու» հարցը: Այդ մասին Արցախի նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունը տարածել է կարճ հաղորդարություն, ըստ որի՝ պաշտոնական Ստեփանակերտը պատրաստակամություն է հայտնել ադրբեջանական կողմի հետ «քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը»:
Ոչ պաշտոնապես հայտնի է դարձել, որ կողմերի միջեւ «ձեռք է բերվել երկու համաձայնություն»: Առաջինը վերաբերվել է Ադրբեջանի եւ Արցախի հանրային շրջանակների ներկայացուցիչների միջեւ հանդիպմանը, երկրորդով Ստեփանակերտը համաձայնել է, որ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի բնական պաշարների եւ շրջակա միջավայրի պահպանության նախարարության երկու աշխատակից կարող են այցելել Դրմբոնի ոսկու եւ Կաշենի բազմամետաղային հանքավայր եւ «անցկացնել միանգամյա դիտարկում, այդ թվում՝ կատարել տեսանկարահանումներ»:
Առաջին պայմանավորվածությունը խախտվել է հենց նույն օրը: Իրազեկ աղբյուրների վկայությամբ, Արցախի Անվտանգության խորհրդի աշխատակազմ հրավիրված արցախյան մի քանի աչքի ընկած ՀԿ-երի ղեկավարներ նախապես համաձայնել են «հանդիպում ունենալ ադրբեջանցիների հետ», բայց հետո «մեկ առ մեկ հրաժարվել են» եւ պատճառաբանել, որ «կազմակերպության անդամները դեմ են Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրմանը»:
Օրեր անց ձախողվել է նաեւ երկրորդ պայմանավորվածությունը. երբ ռուսական զորախմբի հրամանատարության ներկայացուցիչների ուղեկցությամբ Ադրբեջանի ներկայացուցիչները մոտեցել են Դրմբոնի ոսկու հանքին, դեպի գործարան մուտքը եւ հարակից տարածքներն արգելափակված էին ինչպես աշխատակիցների, այլեւ մերձակա համայնքների բնակիչների կողմից: Նույն իրավիճակն է ստեղծվել նաեւ Կաշենի բազմամետաղային հանքավայրում: Միջադեպից երկու օր հետո ադրբեջանցի «էկոակտիվիստները» վերստին եւ արդեն վերջնականապես փակել են Շուշի-Քարինտակ խաչմերումը եւ դադարեցրել Գորիս-Ստեփանակերտ եւ հակառակ ուղղությամբ ավտոմոբիլային հաղորդակցությունը: Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրեր ադրբեջանցի «բնապահպանների այցի» ձախողումը տեղի է ունեցել Ստեփանակերտից նախագահ Արայիկ Հարությունյանի բացակայության պայմաններում: Այդ օրերին նաեւ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ գտնվում էր Փարիզում:
Ո՞վ եւ ինչու՞ էր նրան ներշնչել, որ ԼՂ-ում ռուսական զորախմբի առկայության դեպքում Ֆրանսիան կարող է սատարել Արցախի «հողային ամբողջականության վերականգմանը եւ նրա անկախության միջազգային ճանաչմանը»,- այս հարցի պատասխանը, հավանաբար, կտա ապագայի ուսումնասիրողը: Այս կոնկրետ դեպքում պետք է արձանագրել, որ, ինչպես միանգամայն վստահելի աղբյուրներն են հավաստում, 2022թ. նոյեմբերի 23-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Երեւանում գտնվող Վլադիմիր Պուտինը «մոտ տասնհինգ րոպե տեւած առանձնազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ»:
Ի՞նչ է խորհուրդ տվել, բացատրել կամ պահանջել Ռուսաստանի նախագահը, այդ մասին տեղեկություններ չկան: Փաստ է, որ Արայիկ Հարությունյանը Փարիզից Ստեփանակերտ է վերադարձել արդեն շրջանցիկ, անտառային ճանապարհով: Նույն օրերին Ստեփանակերտում բացահայտվեց, որ պետական նախարար Ռուբեն Վարդանյանը «պահանջում է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հեռացնել Վիտալի Բալասանյանին»: Այլ շրջանակներ պնդում էին, որ ադրբեջանցիների հետ Արցախի ՀԿ-երի ներկայացուցիչների հետ հանդիպումը, Դրմբոնի եւ Կաշենի հանքավայրեր ադրբեջանցիների այցի ձախողումն « ընդդեմ Վիտալի Բալասանյանի կազմակերպել է Ռուբեն Վարդանյանը»:
(Շարունակելի)
