Նորայր Մելքոմ Մելքոմյան
Հեղափոխությունների հիմնական միտումը և, հետևաբար, ամենաբնորոշ հատկանիշը՝ տապալումը – հանկարծակի քանդումը -, վերացումն է այն ամենի, ինչն այլևս անտանելի, անհանդուրժելի է (որի դեմ էլ այն ուղղված է) և, դրա փոխարեն, կերտումը՝ վերականգնումն է այդ ամենի այնպես, ինչպես ցանկալի է ու հնարավոր։
Հեղափոխություն իրականացնող ժողովուրդն ունի համաձայնեցված միայն մեկ նպատակ՝ քանդել, վերացնել այն ամենը, որ այլևս անհանդուրժելի է, և մեկ ցանկություն՝ դրա փոխարեն տեսնել այն ամեն լավը, որ բացակայում է իր կյանքում։
Մնացածը՝ հեղափոխության առաջնորդ(ներ)ի գործն է, ում վստահել է ժողովուրդը և կվստահի, քանի իրականացման ընթացքի մեջ է տեսնում իր ցանկությունների մեծ մասը։
*
* *
Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2018-ի գարնանը, հեղափոխություն էր։
Այն ուղղված էր անկախությունից ի վեր, տակավ առ տակավ երկրում ձևավորված ու արմատավորված ոչ-օրինական (լեգիտիմ) հասարակարգի և դրա օգտառուների դեմ։
Ճիշտ է՝ իրավական առումով (de jure) Հայաստանը ժողովրդապետություն էր, սակայն փաստորեն (de facto) այն վերածվել էր սակավապետության (օլիգարխիա)։
Հասարակարգերի, այսինքն՝ պետության իշխանավորների և նրանց ենթակաների հարաբերությունների իրավական դասակարգումն առաջին անգամ այսօրեական վավերականությամբ կատարել է Արիստոտելը։
Նա հասարակարգերն ըստ ձևի բաժանել է հնարավոր երեքի. երբ իշխում է՝
– մեկը,
– փոքրամասնություն կազմող մի խումբ
կամ՝
– մեծամասնությունը։
Յուրաքանչյուր ձևի մեջ հասարակարգը նա ըստ էության բաժանել է երկուսի՝
– երբ իշխանությունն իրականացվում է բոլորի
կամ՝
– իշխանավոր(ներ)ի շահերից ելնելով։
Այսպես, հասարակարգը, որում իշխանավորը մեկն է ու իշխանությունն իրականացնում է իր շահերից ելնելով, նա անվանել է տիրանիա (tyranny), իսկ բոլորի շահերից ելնելու դեպքում՝ մոնարխիա (monarchy)։
Երբ իշխանավորը հասարակության մեջ փոքրամասնություն կազմող մի խումբ է ու իշխանությունն իրականացնում է իր շահերից ելնելով, նա այն անվանել է օլիգարխիա (oligarchy), իսկ բոլորի շահերից ելնելու դեպքում՝ արիստոկրատիա (aristocracy)։ Վերջապես, երբ իշխանավորը հասարակության մեծամասնությունն է ու իշխանությունն իրականացնում է իր շահերից ելնելով, նա այն անվանել է դեմոկրատիա (democracy), իսկ բոլորի շահերից ելնելու դեպքում՝ պոլիտի (polity)։
Չափազանցություն չի լինի, եթե նկատենք, որ իրականում, մոնարխիաներ, արիստոկրատիաներ և պոլիտիներ չկան։ Դրանք ուտոպիստական (utopist) են։ Իշխանավորները հիմնականում (եթե չասենք միշտ) իշխանությունը իրականացնում են՝ իրենց շահերից ելնելով ու իրենց շահերին հետամուտ լինելով։
Ուրիշ խոսքով՝ իշխանավորները միշտ լինում են վատը։ Դժվար չէ նկատել, որ եղածների մեջ նվազագույն վատը դեմոկրատիան է՝ ժողովրդապետությունը (կամ հանրապետությունը), քանի որ գոնե մեծամասնությունն է իշխանություն իրականացնողը։
*
* *
Այն, որ Հայաստանն իրավականորեն ժողովրդապետություն էր, բոլորս գիտեինք։ Առկա էին դրա խորհրդանշական բոլոր երևույթները՝ իբր ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ընտրված պետական կառավարման մարմիններ, դրանցից անկախ գործող դատական համակարգ և այլն։
Նույնպես գիտեինք (չգիտցողներն էլ հետագայում հետզհետե համոզվեցին), որ այդ ամենը ձևական են։ Պետական բոլոր մարմինները և վարչամեքենայի կարևոր մասնիկները ձևավորվում էին նրանց մեջ կամ նրանցից դուրս գտնվող մի քանի հազար մարդկանց կողմից, որով իշխանությունը իրականացվում էր նրանց շահերից ելնելով։
Ամփոփ ասած՝ Հայաստանն իրավականորեն ժողովրդապետություն էր, իսկ փաստորեն՝ սակավապետություն։
Այն ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2018-ի գարնանը, հեղափոխություն էր, որովհետև միտում էր տապալել փաստական սակավապետությունը (ինչում, կարելի է ասել, հաջողեց) և վերականգնել ժողովրդապետությունը՝ այն դարձնելով նաև փաստական։
Աստծուն հավատացողները կ՚ասեին՝ Աստծու բարիք էր, որ հեղափոխությունը արդյունավորվեց առանց արյունահեղության։
Դրա պատճառները վերլուծական քննարկումների նյութ կարող են լինել նաև ապագայում։
Բայց փաստը, որ արյուն չհեղվեց, հեղափոխությունների ընդհանուր տրամաբանության առումով դույզն իսկ չի փոխում Հայաստանում տեղի ունեցածի տրամաբանությունը։
Այն է՝ ժողովրդի կամքն անկասելի ցասումով վեր բարձրացավ բոլոր իշխանավորներից, նրանց կողմից գրված կամ նրանց կեղծարարությամբ ժողովրդի անունով ուժ ստացած բոլոր օրենքներից և պարտադրեց իրենը։
Դա՜ է հեղափոխությունը։
Ժողովրդի կամքի իրականացմանը խոչընդոտող ամեն օրենք, օրինական ամեն մարմին կորցնում է իր առաջնայնությունը։
Հետևաբար և հիմա, ամեն ինչից առաջ ու ավելի, հեղափոխությունների ընդհանուր տրամաբանության համապատասխան՝ պետք է կարևորել ժողովրդի ցանկությունը, ոչ թե՝ օրենքները։ Հատկապես այն մասով, որ դրանք հակասում կամ խոչընդոտում են ժողովրդի կամքի կատարմանը և այդ ցանկությունների իրականացմանը։
Թույլ չտալ, որ երեկվա իշխանավորները (սակավապետականները), օրենքի այս կամ այն սահմանում(ներ)ն օգտագործելով, դանդաղեցնեն (կամ, Աստված մի՜ արասցե, վիժեցնեն) հեղափոխության պտղաբերումը՝ փաստական ժողովրդապետությունը։
Նրանք պետք է հասկանան ու միշտ հիշեն, որ այս հեղափոխությունն արյունահեղությամբ չիրականանալով՝ նաև իրե՜նց բախտը բերեց։
Չընդդիմանան՝ այն ամենի աստիճանական կատարմանը, որ այլապես իսկույն կարող էր կատարվել։
Իսկ այդ դեպքում՝ ոչ ոք չէր ունենա օրենքի մասին խոսելու ո՜չ հնարավորություն, ո՜չ էլ՝ ժամանակ։
Հավաստիքը՝ հեռու և մոտ վայրերում ու ժամանակներում արյունահեղությամբ տեղի ունեցած հեղափոխություններն են։
Իսկ հեղափոխության առաջնորդ(ներ)ը, որ ժողովրդի կամոք այսօր պետական կառավարման լծակներն իրենց ձեռքն առնելու իրավունք են ստացել, մտահան պետք է չանեն, որ այդ իրավունքը կպահպանեն այնքան ժամանակ, քանի ժողովուրդը մեծ հաշվով բավարարված է իր ցանկությունների իրականացման ընթացքով։
[Իշխանությունները] պետք է հասկանան, որ դժգոհություններ կառաջացնեն նաև այն դեպքերում, երբ օրակարգ կմտցնեն հարցեր, որոնք չեն բխում ժողովրդի ցանկություններից։
10 հուլիս 2020