Հայաստան

ԱՄՆ-ի տարածաշրջանային շահը պահանջում է, որ զինված բախումներով բարդացում չլինի այս տարածաշրջանում

Tert.am-ը զրուցել է Արևմտյան Ամերիկայի Հայկական Խորհրդի անդամ, քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի հետ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ֆոնին Միացյալ Նահանգների վարած քաղաքականության, ամերիկահայության լոբբիի հնարավորությունների և ԼՂ հիմնախնդրի բանակցություններից նրա սպասումների մասին:

-Պարոն Հովսեփյան, վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանում պարբերաբար լարվածություն է նկատվում: Ամենալարված օրերին երկու կողմերին հանդարտության կոչ արեց նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Պոմպեոյի արձագանքը կարելի՞ է համարել որպես հակամարտության նկատմամբ ԱՄՆ-ի ուշադրության նշան:

-Կարծում եմ՝ Պոմպեոյի կոչը նվազագույնն էր, որ պետք է կատարեր ԱՄՆ պետքարտուղարը, և իր բովանդակությամբ շատ ընթացիկ էր: Նկատի առնելով այն, որ արդբեջանական հարձակումից ժամեր էին անցել և արդեն ամերիկահայ համայնքը և Հայ դատի հանձնախմբերը մեծ աղմուկ էին բարձրացրել կատարվածի ուղղությամբ և նկատի ունենալով, որ երեք-չորս ամսից ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են, դժվար թե Պոմպեոն կատարեր կողմնակալ և զայրացնող հայտարարություն: Հետևաբար պետքարտուղարը տվյալ կոչը շատ ընթացիկ և պայմաններին համահունչ էր:Նույնիսկ Հայաստանի դաշնակից և ռազմավարական գործընկեր պետությունները նմանօրինակ «չեզոքությամբ» հայտարարություններ արեցին՝ առանց հատուկ զորակցության:

-Որքանո՞վ է հիմա ԱՄՆ-ը հետաքրքրված այս հակամարտության լուծմամբ:

-Երկարատև հեռանկարում չպետք է մոռանալ, որ Ադրբեջանը, նաև նրան տեր կանգնող Թուրքիան, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, ԱՄՆ-ի դաշնակիցներն են և կարևոր չափով ամերիկյան ռազմական օգնություն ստացողներ: Ուստի, բնական է, որ ԱՄՆ-ը հայ-ադրբեջանական թնջուկում անաչառ դերակատար լինել չի կարող: Այսուհանդերձ, նկատի ունենալով Հայաստանի հարևանությունը Իրանի հետ, որն այս օրերին զանազան պատճառներով ԱՄՆ-ին գլխավոր անհանգստություն պատճառող երկրներից է, ԱՄՆ-ի տարածաշրջանային շահը պահանջում է, որ զինված բախումներով բարդացում չլինի այս տարածաշրջանում, քանի որ դա անկանխատեսելի դրություն կարող է ստեղծել և խանգարել ԱՄՆ-Իսրայել ծրագրերի կյանքի կոչմանը:Իմ համոզմամբ, Թրամփը նախագահության այս շրջանը չավարտած՝ Իրանի նկատմամբ ինչ-որ ռազմական գործողություն պիտի իրագործի ԱՄՆ-Իսրայել գործընկերության կողմից: Տա Աստված, որ իմ կանխատեսումները սխալ դուրս գան, բայց տվյալները դա են ցույց տալիս: Եվ ուրեմն, ԱՄՆ-ի պետքարտուղարությունը պիտի չուզի զուգահեռ բարդություննր ունենալ այս տարածաշրջանում:

-Այս օրերին արցախա-ադրբեջանական հակամարտությունը Միացյալ Նահանգներում և սփյուռքում տեղափոխվել է քարոզչական և այլ դաշտեր: Փողոցներում ընդհարումներ են լինում, քննարկվում է ԱՄՆ կոնգրեսում, ներառվում են երկու կողմերին էլ վերաբերող բանաձևեր: Այս ոլորտում որքանո՞վ են մեր դիրքերն ամուր, հայ համայնքը որքանո՞վ է կարողանում դիմակայել ադրբեջանական լոբբիին:

-Ինչպես արդեն ասացի՝ սահմանին ընդհարումներ սկսելուց ժամեր անց ամերիկահայ համայնքը և Հայ դատի գրասենյակները քարոզչական գրոհի էին անցել՝ ամերիկյան քաղաքական շրջանակներին առարկայական լուրեր փոխանցելու համար, ինչպես նաև թույլ չտալու, որ թուրք-ադրբեջանական դոլարներն իրենց ավերը գործեն: Համոզված եմ՝ հայկական դիվանագիտությունը լավ գործեց, լավ գործեցին ամերիկահայ լոբբիի ճիգերը:Հուլիսի 13-ին արդեն կոնգրեսականներ և ամերիկացի ազդեցիկ քաղաքական դեմքեր կոչերի տարափ հասցրեցին ամեն կողմ, ինչպես նաև պետքարտուղարության ուղղությամբ, որպեսզի անհապաղ կերպով Ադրբեջանը սանձող քայլեր ձեռք առնի: Ավելի ուշ, ինչպես սփյուռքի այլ կենտրոններում, ԱՄՆ-ի կարևորագույն քաղաքներում ադրբեջանական ներկայացուցչությունների դիմաց ևս բողոքի ցույցեր կազմակերպվեցին: Անվարան կարող եմ հաստատել, որ ամերիկահայ համայնքն իր բոլոր կազմակերպություններով և ժողովրդով գոտեպնդված է և ճիգ չի խնայում Հայաստանի պաշտպանության համար: Այդ մեկը տեսանելի էր, երբ ԱՄՆ-ի իշխանությունները պարտավորվում էին իրենց զույգ դաշնակիցներին զորակցել-չզորակցելու հարցում զսպվածություն դրսևորել:

-ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 186 կողմ ձայնով հաստատեց ԱՄՆ 2021թ. ֆիսկալ տարվա արտասահմանյան օգնության օրինագծում Speier-Cox-Krishnamoorthi երկկուսակցական փոփոխության առաջարկը: Բանաձևով նախատեսվում է 1.4 մլն դոլարի օգնություն տրամադրել Արցախին՝ շարունակելու HALO Trust-ի ականազերծման ջանքերը: Այն դեռ հոկտեմբերին պետք է հաստատվի նաև Սենատի կողմից: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է հնարավոր դրա հաստատումը։ Օգնության չեղարկումից հետո նորից դրա հաստատվելը ի՞նչ նշանակություն կունենա Արցախի համար։

-Առաջին օրվանից այս օգնությունը խորհրդանշական արժեք էր ներկայացնում, և այդ խորհրդանշական արժեքը պահպանելու համար արժեր պայքարել: Ինչպես արդեն ասացիք՝ այն դեռ պետք է հասնի Սենատ և հաստատվի: Ես կասկած չունեմ, որ այն Սենատում էլ կհաստատվի և կդառնա ԱՄՆ արտաքին օժանդակության բյուջեի մաս: Նախ՝ այս օժանդակությունը հանուն խաղաղության է և այնտեղ խնդրահարույց ոչինչ չկա: Երկրորդ՝ այս բանաձևը՝ իր խորհրդանշական արժեքով ամերիկահայության համար կարևոր խնդրի է վերածվել և ինչպես ավելի վաղ ակնարկեցի՝ ընտրական տարի է, և հայության պահանջները ծանր կշիռ ունեն ընտրվողների մոտ: Մնում է, որ շարունակենք մեր ճնշումները՝ վերահաստատելու այս փոքր, բայց խորհրդանշական օժանդակությունը, որը կարող է սկիզբ լինել ավելի լուրջ և հնարամիտ գործակցության:

-Այս օրերին նաև շատ քննարկվում է, թե ինչպիսի՞ն պետք է լինեն կամ արդյոք պե՞տք է լինեն բանակցություններ հուլիսյան դեպքերից հետո: Ձեր կարծիքով՝ մեր բանակի ունեցած հաջողությունը ինչպե՞ս պետք է օգտագործվի բանակցային սեղանին, որո՞նք պետք է լինեն հայկական կողմի պահանջները:

-Բանակցությունների պետք լինել-չլինելը կախված է նրանից, թե վերջակետը որն է: Այսինքն՝ ինչպե՞ս բանակցել պետության հետ, որ պետական ահաբեկչության կոչ է անում՝ սպառնալով ռմբակոծել ատոմակայանը: Վերջապես այդ կոչը անհատի կողմից սոցիալական ցանցերի վրա կատարած ցնորաբանություն չէ, ոչ էլ անհատ վերլուծաբանի զգուշացում: Պետական բարձրաստիճան ղեկավարի կողմից պաշտոնական սպառնալիք էր, ինչի համար բացատրություն պետք է տա Ադրբեջանը և ինչի համար գին պետք է վճարի: Դեռ չենք խոսում այն մասին, թե իր սադրանքներով և անհաջող գործողություններով Ադրբեջանը մինչ օրս մեզնից 5 արժեքավոր կյանք խլեց: Այս բոլորի պատասխանը տալուց հետո իմաստ կստանա Ադրբեջանի հետ խոսելը՝ միշտ ու միշտ Արցախի պաշտոնական և իրավահավասար մասնակցությամբ:

-Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի քայլերն այս օրերին: Արդյոք արդյունավե՞տ էին դրանք, հասկանալի՞ էին:

-Ցանկանում եմ կրկինը արժևորել հայ ազգի քայլերն ու ճիգերը, որտեղ յուրաքանչյուր դերակատար իր լավագույնը ներդրեց մինչ օրս: Բնականաբար դժվարագույն, բայց պանծալի դերակատարությունը հայոց բանակինն է, որ պաշտպանեց հայրենի հողն ու հայրենի բնակչությանը թշնամուց: Ավելին՝ այն իրագործեց դեռ վերջերս պաշտպանության նախարարի կողմից հայտարարված քաղաքականությունը, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է նոր տարածքներ կորցնի ամեն անգամ, երբ հարձակվի հայկական հողերի վրա:

Լավ գործեց հայկական դիվանագիտությունը և վստահաբար այն քայլերի պետք է դիմի՝ միջազգային ատյաններում ՀՀ իրավունքները և բողոքները լսելի դարձնելու համար: Վերջապես փայլուն դերակատարություն ունեցավ հայկական աշխարհը՝ Հայաստանից մինչև Արցախ, մինչև Ջավախք և սփյուռքահայություն, որը որպես մեկը, ծառացավ թշնամական վտանգի առջև: Եթե Ադրբեջանի կողմից սա ճիգ էր՝ չափելու հայության պատրաստվածությունն ու պատրաստակամությունը, ապա մենք փայլուն կերպով պատասխանեցինք մարտահրավերին: Այլ կերպ հնարավոր չէր:

Հռիփսիմե Հովհաննիսյան

ԱՄՆ-ի տարածաշրջանային շահը պահանջում է, որ այստեղ զինված բախումներ չլինեն․Վիգեն Հովսեփյանը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ

Posted by Tert.am on Friday, July 24, 2020
    

One Response to “ԱՄՆ-ի տարածաշրջանային շահը պահանջում է, որ զինված բախումներով բարդացում չլինի այս տարածաշրջանում”

  1. Հայկազ Պետրոսեան Reply

    Չեմ կասկածում, որ Արցախի կառավարութիւնը մեծահոգի է և ժամանակին իր խորին շնորհակալութիւնը կը յայտնի, երբ ստանայ 1,4 միլիոն դոլարը: Բայց թրիլիոններից խօսող ԱՄՆը թող չը զարմացնի հայութեան իր իշխանավայել նուիրատւութեան համար կամ Հայ Դատը չը հպարտանայ իր վարած տքնաջան աշխատանքի համար: Միայն ԱՄՆում տասը մեծահարուստ հայ հաւաքուէին թերևս երկու անգամ աւելին կը գանձուէր: Ինչ վերաբերում է խորհրդանշանական լինելուն, Ի՞նչ խորհրդանիշ է ցուցաբերում ԱՄՆը, զօրակցութիւն է Արցախին թէ ինչ որ ծաղրական ժէստ: Եթէ Հայ Դատի պայքարը այդ մի 1,4 միլիոնի համար էր, աւելի լաւ չէր խնայէր իր ժամերը, կամ էլ ուղղակի դիմէր Ամերիկահայերին, անկասկած աւելին պէտք է տրամադրէին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *