Հայաստան

Հանուն Մեկի կամ Մի Քանիսի

          ՄԻՀՐԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ

            Կարո՞ղ է արդյոք դաշնակցականը հանդուրժել ազատ կամարտահայտման ճնշումը, մասնավոր շահի գերակայությունը ընդհանուրի նկատմամբ, մենիշխանությունը սեփական հայրենիքում և կուսակցությունում, սուտը, կեղծիքը և այլ արատավոր դրսևորումներ։ Չի՛ կարող․ համենայն դեպս այն գաղափարախոսությամբ, որով ընկալվում է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, չի կարող։ Սակայն իրականությունը այլ բան է, պատկերացումները և երազանքները՝ այլ։ Բախվելով այժմեական իրականությանը, մի պահ  ետ չնայելով խորը անցյալին, որը մեծ հավատքով և լավատեսությամբ է լցնում դեպի ՀՅԴ-ն, կտեսնենք մի պատկեր, որտեղ բախվում են ազնվությունն ու կեղծավորությունը, հայրենասիրությունն ու շահամոլությունը, գաղափարն ու նյութը։ Առաջին հայացքից բնական մի երևույթ, մարդկային դրսևորում, կախված ժամանակից և հանգամանքներից, որտեղ թե՛ մեկը կարող է հաղթել, թե՛ մյուսը։ Եվ այսպես պարբերաբար։ Հենց սա է մարդկային իրականությունը և այսպես է եղել  նաև ՀՅԴ-ում իր հիմնադրման օրվանից։

          Բայց ու էլի բայց․ կա մի երևույթ, որի անունն է ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, որի գործադրվելուն պես տեսակետների և գաղափարների պայքարը վերածվում է տեսակի և էությունների պայքարի։ Մեկի հաղթանակի դեպքում մյուսը պարզապես զրկվում է ռևանշից և առհասարակ հետագա պայքարից, կառույցը վերածվում է կլանի /աղանդի/, որտեղ մեկ ուղղությամբ մտածող խմբավորում ձևավորած տեսակը հեռացնում է մյուսին։ Եվ այս կործանարար երևույթներին տրվում են արդարացվող անվանումներ՝ «ինքնամաքրում», «զտում», «գաղափարներից շեղում»։ Ցավալին այն է, որ մնացյալ` գաղափարական և արդարամիտ հատիկները, չգիտակցելով որ վաղ թե ուշ գալու է նաև  իրենց հերթը, չեն կարողանում ճակատ կազմել և պայքարել  ՄԵԿ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ԶԱՎԹՎԱԾ ԲՅՈՒՐՈԿՐԱՏԱԿԱՆ մեքենայի դեմ, որը ծառայեցվում է որոշ անհատների անձնական շահերի սպասարկմանը։

          Ամփոփելով կարող ենք ասել, որ շատ չանցած ՀՅԴ-ն կդասվի շարքային այն քաղաքական կուսակցությունների շարքին, որոնք ՉՈՒՆԵՆ գաղափարական նկրտումներ և պայքարում են ՄԻԱՅՆ ՀԱՆՈՒՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ մեկի կամ մի քանիսի ղեկավարությամբ։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *