20.4 C
Yerevan

Մի ընդդի­մության պատմություն- մաս 2

ԱԼԵՔ ԴՈՒՐՅԱՆ

ՀՀ քաղա­քա­կան դաշտի անկա­յուն ու հեղհե­ղուկ իրա­վի­ճակն իր ավարտը գտավ 2003թ.-ին, երբ համընդհա­նուր քաո­սը իր տեղը զիջեց ՀՀԿ-ին, որն էլ իսպառ վերացրեց «Ընդդի­մություն» կոչվա­ծին: ՀՀԿ‑ն դառնա­լով իշխա­նություն, բարո­յազրկեց գրե­թե բոլոր ուժե­րին, որոնք հանդես էին գալիս կամ նրա կցորդի(խոսքը գնում է կոա­լի­ցիա­նե­րի մասին, երբ ըստ էության ՀՀԿ քաղա­քա­կան գործընկեր կուսակցություններն ընդա­մե­նը լեգի­տի­մացնում էին նրա մենիշխա­նությունը), կամ էլ անուժ ընդդի­մության դերում: Թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում այդ կուսակցություննե­րը ոչ մի որո­շիչ դեր չունեին և չէին էլ կարող ունե­նալ: Օրենսդիր կորպուսը, Գործա­դիր ու Դատա­կան իշխա­նություննե­րը սեփա­կա­նացրած ՀՀԿ‑ն փաստա­ցի հարց դրեց, թե ընդհանրա­պես ընդդի­մություն կա՞, կարո՞ղ է գոյություն ունե­նալ, թե դրանք միայն միջազգա­յին դիտորդնե­րի աչքին թոզ փչե­լու համար են, որ Հայաստա­նում քաղա­քա­կան գործընթացնե­րը գնում են բոլոր նորմե­րին համա­պա­տասխան:

Հանուն արդա­րության նշենք, որ իրենց ընդդի­մա­դիր հռչա­կած կուսակցություննե­րը, որոնց գործե­լաո­ճը, տեղն ու դերը փոխվում էին անընդհատ, այդպես էլ չկա­րո­ղա­ցան իրենց ռեա­լի­զացնել քաղա­քա­կան դաշտում, նրանք չընդունվե­ցին նաև ժողովրդի կողմից, քանի որ գրե­թե բոլոր ուժե­րը հասցրել էին հեղի­նա­կազրկվել՝ մասնակցե­լով տարբեր մութ, կասկա­ծե­լի գործարքնե­րի: Ու եթե ժողովրդի որոշ հատվածներ էլ մասնակցում էին այս կամ այն ուժե­րի կողմից կազմա­կերպվող ցույցե­րի կամ նման քաղա­քա­կան միտինգնե­րի, ապա դրա միակ և հիմնա­կան պատճա­ռը իշխա­նության հանդեպ դժգո­հությունն էր, այլ ոչ թե ընդդի­մա­դիր կուսակցության ծրա­գի­րը կամ գաղա­փա­րա­խո­սությունը: Իսկ իշխա­նության հանդեպ դժգո­հությունն էլ նշա­նա­կում էր դժգո­հություն կոնկրետ մեկ մարդուց՝ այդ կուսակցության «տիրո­ջից», ով կուսակցության միջո­ցով տիրա­ցել էր իշխա­նության լծակնե­րին ու անում էր ինչ ուզում էր, ու այդ ամե­նը ներկա­յացվում էր որպես քաղա­քա­կան գործընթաց: Դա շատ լավ գիտեին նաև ընդդի­մության ներկա­յա­ցուցիչնե­րը:

Մեծ խնդիր հասունա­ցավ նաև ծրագրա­յին առումով: Ո՛չ իշխա­նությունը, ո՛չ ընդդի­մությունը արդեն չէին ներկա­յացնում որևէ քաղա­քատնտե­սա­կան ծրա­գիր, բնա­պահպա­նա­կան գործո­ղություննե­րի նպա­տակ կամ մի նման բան: Մարդիկ չէին դժգո­հում սոցիալ-դեմոկրա­տա­կան կամ ասենք ազգա­յին-պահպա­նո­ղա­կան ուղղություննե­րից, նրանք դժգո­հում էին կոնկրետ անձանցից ու կուսակցություն կոչվող խմբե­րից, որոնք իրենց հետ խոսում էին դժվար տերմի­նա­բա­նությամբ ու մարդկանց փորձում էին դեմոկրա­տիա պարտադրել այն դեպքում, երբ երկրում աղա­ղա­կող ավտո­րի­տա­րիզմ էր ու դա արտա­հայտվում էր հատկա­պես խորհրդա­րա­նում: Եվ մարդկանց արձա­գանքը բնա­կան էր. Ինչպե՞ս ու ինչո՞ւ հավա­տալ մի բանի, որը գոյություն չունի:

Բնա­կան է, որ այս ամե­նը չէր կարող հավերժ շարունակվել ու 2018թ. ի վերջո երե­սունամյա զայրույթը արտա­հայտվեց հեղա­փո­խության կամ իշխա­նա­փո­խության միջոցով(անվանեք ինչպես կուզեք, բայց դա մեծ տարբե­րություն չունի): Մարդիկ էլի դուրս եկան փողոց ոչ թե գաղա­փա­րա­պես Նիկոլ Փաշինյա­նի քաղա­քատնտե­սա­կան ծրագրին կողմ լինե­լով, այլ որովհետև հասցրել էին լիո­վին հիասթափվել ՀՀԿ-ից էլ, նրա գործե­լա­կերպից էլ: Նրանք գնա­ցին ոչ թե հանուն Նիկոլ Փաշինյա­նի, այլ ընդդեմ Սերժ Սարգսյա­նի: Կարող է թվալ, թե ընդա­մե­նը բառա­խաղ է, բայց իրա­կա­նում շատ մեծ տարբե­րություններ կան այդ բառե­րի արանքում ու մի ամբողջ դարաշրջան բնո­րո­շող նրբություններ:

Բայց մեր խնդիրն այժմ ոչ թե 2018թ. վերլուծելն է, այլ փորձել հասկա­նալ, թե այսօր 2020թ. Հայաստա­նում ընդդի­մություն կա՞ թե ոչ: Այն կուսակցություններն ու անհատնե­րը, ովքեր ընդդի­մա­դիր են, իրո՞ք ընդդի­մություն են, թե պարզա­պես դեպքն այդպես է բերել:

Երբ ուսումնա­սի­րում ենք այսօրվա քաղա­քա­կան դաշտը, տեսնում ենք, որ մի մեծ տրանսֆորմա­ցիա է տեղի ունե­ցել: Առաջ ժողո­վուրդը չէր հավա­տում իշխա­նություննե­րին, ընդդի­մությա­նը, նրանց ծրագրե­րին ու ըստ էության դեմ էր բոլո­րին, բայց ինչ որ մեկն ընտրվում էր, որովհետև այդ ինչ որ մեկն ավե­լի ուժեղ ու ճարպիկ էր: Հիմա ժողովուրդը(կամ գոնե նրա մեծ մասը) սպա­սե­լիքներ ունի ներկա­յիս իշխա­նություննե­րից, իսկ ընդդիմությունը՝ոչ: Նրանք ընդդի­մա­դիր են, որովհետև դեպքն այդպես է բերել: Ընդդի­մության կեցվածքը ոչ թե գաղա­փա­րա­կան է, այլ մի տեսակ նեղա­ցած ու վրդո­ված, կես-պախա­րակված, կես-ամո­թա­հար: Այսօրվա ընդդի­մությունը ընդդի­մություն է զուտ այնքա­նով, որ դա պետք է իրենց քաղա­քա­կան ոճին, հավա­տացնում եմ, որ իշխա­նություն դառնա­լուց հետո անգամ ամե­նա­ծայրա­հեղ ձախե­րը վերածվե­լու են կատա­ղի աջե­րի, այնպես որ առօ­րեա­կան խնդիրնե­րը ուռեցնե­լով ու դա համազգա­յին ողբերգություն ներկա­յացնե­լով այսօրվա ընդդի­մա­դիրնե­րը շարունա­կում են մնալ նույնքան անդեմ, նույնքան անուժ, ինչքան որ առաջ էր:

Հանուն արդա­րության նշեմ, որ ինչպես առաջ, հիմա ևս կան անհատներ, շարժումներ, որոնք իրա­վա­ցիո­րեն են քննա­դա­տում և՛ իշխա­նությա­նը, և՛ ընդդի­մությա­նը, բայց նրանք շատ փոքր տոկոս են կազմում և ըստ էության որո­շիչ չեն:

Այն ընդդի­մա­դիր հոսանքնե­րը, որոնք փորձում են ինչ որ կերպ հարվա­ծել իշխա­նության հեղի­նա­կությա­նը, դատա­պարտված են անհա­ջո­ղության հիմնա­կա­նում այն պատճառնե­րով, ինչպես օրի­նակ այն, որ նրանց դերա­կա­տարնե­րը կա՛մ նախկին իշխա­նություննե­րի ներկա­յա­ցուցիչներն են, կամ նրանց գործընկերներն ու գործա­կա­տարնե­րը: Ընդդի­մությունը Հայաստա­նում աչքի չի ընկում ոչ մի կառուցո­ղա­կան նախա­ձեռնությամբ կամ գործե­լաո­ճով, նրանք միայն առարկում են առաջնորդվե­լով «դեմ լինե­լը ճիշտ է» սկզբունքով: Նրանք շարունա­կում են հեղի­նա­կազրկել «ընդի­մություն» եզրույթը:

Այսօր Հայաստա­նում չկա ավե­լի խայտաբղետ մի բան, քան հայկա­կան ընդդի­մությունն է: Հայկա­կան ընդդի­մության գործո­ղություննե­րը իշխա­նություննե­րից «վրեժ» լուծե­լու երա­զանքնե­րից այն կողմ չեն գնում,  իսկ ներսում ընդդի­մությունը պառակտված է փոխա­դարձ մեղադրանքնե­րով, սկանդալնե­րով ու ինտրիգնե­րով: Այս հեղհե­ղուկ իրա­վի­ճա­կը միայն խորացնե­լու է ներքա­ղա­քա­կան ճգնա­ժա­մը, մանա­վանդ որ իշխա­նություննե­րը ևս մեծ փորձով ու նրբանկա­տությամբ աչքի չեն ընկնում և մոռա­նում են կամ չեն ուզում նկա­տել, որ շատ շատե­րը նստած հաճույքով հաշվում են նրանց վրի­պումներն ու բացթո­ղումնե­րը:

Ամփո­փե­լով հայկա­կան բազմա­չարչար քաղա­քա­կան դաշտի վերլուծությունը՝ կարե­լի է հստակ ենթադրել միայն մի բան՝ Հայաստա­նում այսօր իշխա­նությունը փորձ չունի, ընդդի­մությունը ՝ կամք: Այս իրա­վի­ճա­կի երկա­րատև շարունա­կումը նորից հանգեցնե­լու է քաղա­քա­կան արտա­հայտված ճգնա­ժա­մի ու ժողո­վուրդը կրկին հայտնվե­լու է շփոթված հարսնա­ցուի կարգա­վի­ճա­կում, որին միա­ժա­մա­նակ առա­ջարկություն են անում ու դավա­ճա­նում բոլոր փեսա­ցունե­րը:

Առնչվող Հոդվածներ