Արայիկ Մկրտումյան
Պատերազմի օրերին բոլորս ականատես եղանք, թե ինչպես է ողջ հայությունը մեկ մարդու կանգնել զինվորի կողքին: Դա արտահայտվեց և՛ Հայաստանում և՛ թե Սփյուռքում: Կազմակերպվեց և ուղարկվեց մեծ քանակությամբ սննդամթերք, դեղորայք, զրահաբաճկոններ, սաղավարտներ, կապի միջոցներ, հեռադիտակներ ու այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ: Դրանից բացի նաև կամավոր դրամահավաքներ կազմակերպվեցին ու ըստ պաշտոնական ցուցումների՝ գումարն ուղարկվում էր առավելապես Հայաստան Համահայկական Հիմնադրամ, կարծեմ մոտ 170 մլն ԱՄՆ դոլար, դրանից բացի որոշ քանակով գումար հանգանակվեց նաև «Զինվորների ապահովման հիմնադրամին»:
Հիմա, երբ պատերազմն ավարտվել է, մենք կանգնել ենք խնդիրների առաջ: Իսկ խնդիրն այն է, որ այսօր բազմաթիվ վիրավոր զինվորիների նկարներ ու նրանց մասին տեղեկություն է հայտնվում սոց.ցանցերում, ուր մարդիկ օգնություն են խնդրում իրենց վիրավոր ու ծանր վիճակում գտնվող հարազատի կամ բարեկամի համար:
Այստեղ մի քանի հարցեր են ծագում, որ պատասխանի կարոտ են, հակառակ դեպքում անորոշությունն ավելի է խճճում առանց այն էլ այս բարդ վիճակը:
- Ի՞նչ նպատակով է կիրառվելու «Հայաստան Համահայկական հիմնադրամ»-ին փոխանցված գումարը:
- Ի՞նչ նպատակով է կիրառվելու «Զինվորների ապահովման հիմնադրամ»-ին փոխանցված գումարը:
- ՀՀ կառավարությունը ինչ հատուկ ծրագրեր ու փաթեթներ է մշակել հետպատերազմյան վերականգնմանն ուղղված, գերիների վերադարձի ու մասնավորապես վիրավոր ու զոհված ու գերի զինվորների ընտանիքների օժանդակության հարցը ինչ վիճակում է գտնվում(այստեղ հավանաբար փոխհամաձայնությամբ աշխատանք պիտի տարվի ՊՆ, Աշխատանքի ու Սոցիալական Հարցերի Նախարարություն, համապատասխան վարչություններ ու գրասենյակներ, հիմնադրամներ):
Իսկ հարցերն իրոք շատ են:
Օրեր առաջ տեղեկություն շրջանառվեց, որ «Համահայկական Հիմնադրամը» կառավարությանը որոշ գումար է փոխանցել: Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց այդ լուրը, բայց չնշեց, թե ինչ թվի մասին է խոսքը: Ըստ «Ազատության» նա հորդորեց մի փոքր էլ սպասել, մինչև Ֆինանսների նախարարությունը հաշվետվություն կներկայացնի։ Նշենք, որ հիմնադրամը գումարը Կառավարությանը փոխանցել է դեռ հոկտեմբերին։
Այս ընթացքում իրենք միջանկյալ աուդիտ են հրավիրել և վստահեցնում են, որ Կառավարության բոլոր ծախսերը հիմնադրամի հետ համաձայնեցված են։ Նպատակն ընդհանուր է՝ օգնել պատերազմից տուժածներին՝ տեղահանվածներին, Արցախ վերադարձողներին, վիրավոր զինվորներին։
«Մենք փորձելու ենք դա անել որքան հնարավոր է արագ, որպեսզի որևէ կասկածի տեղիք ուղղակի չտալ։ Հիմնադրամի՝ պետությանը տված աջակցության շնորհիվ, ինչպես ես հասկանում եմ, պետական բյուջեում հնարավոր է եղել անել տեղաբաշխումներ։ Եվ մեր հայրենակիցները օգնել են պահել սոցիալական և առողջապահական համակարգերը, որոնք այդքան կարևոր գործունեություն էին ծավալում հենց պատերազմի ժամանակ», – նշեց Արշամյանը։
Երեկ ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների մի մասը ծախսված չէ, մի մասն էլ պատերազմի ընթացքում տրամադրվել է Կառավարությանը։
Այս հայտարարությունը շահարկումների առիթ դարձավ և մեղադրանքներ հնչեցին հիմնադրամի հասցեին՝ նվիրատուների վստահությունը չարաշելու վերաբերյալ (մանրամասները՝ azatutyun.am :
Հետո նաև լուրեր շրջանառվեցին, որ փոխանցված գումարը մոտ 104 մլն ԱՄՆ դոլար է կազմում: Հիմնադրամի տնօրենն իր խոսքերում նշել է, որ իրենց աշխատողների քանակը թույլ չի տալիս նման մեծ չափի գումար տնօրինել ուստի և իրենք այդ գումարը փոխանցել են ՀՀ կառավարություն՝ ամեն ինչ առավել արդյունավետ դարձնելու համար ու վստահեցրեց, որ կառավարությունն իրավասու չէ այդ գումարն օգտագործել աշխատավարձ կամ պարգևավճար տալու համար: Նաև նշվեց, որ Հիմնադրամն իրավունք ունի միայն մարդասիրական գործառույթներով զբաղվելու, դրա համար էլ չեն գնվել ո՛չ հարձակողական, ո՛չ էլ պաշտպանական միջոցներ(այդ թվում և սաղավարտներ կամ զրահաբաճկոններ):
Այս լուրերը որոշակի հուզմունք առաջացրին, այնպես, որ շատ քաղաքացիներ հետաքրքրվում էին, թե արդյո՞ք հնարավոր չէ տրամադրած գումարը հետ ստանալ, իսկ ոմանք էլ հայտարարում էին, որ այլևս ոչ մի կոպեկ չեն ուղարկի(նշենք, 2020 թ. ԱՄՆ–ի հեռուստամարաթոնի և Ֆրանսիայի ֆոնեթոնի արդյունքում հավաքագրվել է 26 122 898 ԱՄՆ դոլար գումար, որն ուղղվելու է արցախահայության ամենահրատապ կարիքներին՝տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունը (մանրամասները՝ himnadram.org կայքում):
Ըստ էության, գոնե այս պահին պարզ է, որ այդ գումարն ուղղվելու արցախահայության ամենահրատապ կարիքներին (անձնական աջակցությունից մինչև վերաշինման ծրագրեր) ու կարելի՞ է ենթադրել, որ դա չի նշանակում օգնության տրամադրում վիրավոր, սպանված ու գերի զինվորների ընտանիքներին (առայժմ չենք կարող հստակ տեղեկատվություն տրամադրել ծախսերի հետ կապված, քանի, որ հիմնադրամը դեռևս չի ներկայացրել ծախսված գումարների վերաբերյալ ֆիննախի անցկացվելիք աուդիտի տվյալները): Կարծում եմ, որ ոչ, քանի որ հենց Հիմնադրամի տնօրենն է նշում, որ պատակն ընդհանուր է՝ օգնել պատերազմից տուժածներին՝ տեղահանվածներին, Արցախ վերադարձողներին, վիրավոր զինվորներին։ Ուրեմն ո՞րն է խնդիրը, որ մինչև հիմա շատ վիրավորների հարազատներ օգնություն են խնդրում:
Կարող եք մի փոքր շրջել օրինակ Ֆեյսբուքում ու համոզվել, որ այս ամենն ուղղակի խոսքեր չեն (հոդվածի վերջում կտեղադրեմ մի քանի նման հայտարարություններ):
Ինչ վերաբերվում է մեկ այլ հիմնադրամի՝ «Զինվորների Ապահովագրության հիմնադրամին», ապա այնտեղից հայտնում են, որ աջակցություն է տրվել արդեն 104 ընտանիքի: Հիմնադրամի հաշվեկշռում այս պահին կա 34,253,697,032 ՀՀ դրամ, որից 28,320,415,040-ը պարտադիր վճարումներն են, իսկ 5,933,281,992-ը՝ կատարված նվիրատվությունները (մանրամասները՝ 1000plus.am կայքում):
Այսպիսով կարծես թե պարզ է դառնում, թե որ գումարը ում պետք է գնա և ինչի համար է նախատեսված, բայց դա բոլորովին չի բացատրում, թե ինչու են մինչև հիմա վիրավոր զինվորների հարազատները օգնություն խնդրում: Պարզ է, որ այդ զինվորներին առայժմ ոչ մի փոխհատուցում չի տրվել ու եթե ինչ-որ օգնություն էլ լինում է, ապա դա անում են անհատ քաղաքացիները, կամ սփյուռքահայերը: Մեկ դեպք չի, երկու դեպք չի: Ողջ ֆեյսբուքը ողողված է նման խնդրանքներով ու լրիվ անհասկանալի է, թե ինչի համար են հարյուր միլիոնավոր դրամներ ու դոլարներ փոխանցվում հիմնադրամներին, եթե վիրավոր զինվորի հարազատը ֆեյսբուքով օգնություն է խնդրում:
«Զինվորների ապահովագրության հիմնադրամ»-ից պարզաբանումներ են տվել՝ Ըստ 1lurer.am-ի՝ «Կարող է հարց առաջանալ, թե ինչու են ժամանակային առումով ձգվում այդ հատուցումները, և ինչու շաբաթական մի քանի տասնյակ հատուցում է տրվում,- ասել է Ավետիքյանը՝ հավելելով,- ընտանեկան, ծնողական, ամուսնական կապերը պետք է հաստատվեն, և դրա համար նախապես անհրաժեշտ է հավաքել համապատասխան փաստաթղթային փաթեթ: Այդ գործընթացին ներգրավված են մարզպետարանները և Երևանում՝ վարչական շրջանները»:
Այժմ հիմնադրամը հատուցում է տրամադրում միայն զոհվածների ընտանիքներին, թեպետ որպես շահառու դիտարկվում են նաև հաշմանդամություն ձեռք բերած զինվորները՝ ասել է հիմնադրամի ղեկավարը, ավելացնելով՝ երկրորդ խմբի դեպքում որոշակի ժամանակ է անհրաժեշտ: Վիրավորված զինծառայողը պետք է բուժվի, այդ ընթացքում առողջության որոշակի վերականգնում պետք է տեղի ունենա, այնուհետև համապատասխան փորձաքննությունից հետո տրվի հաշմանդամության խումբ: Այդ խումբը ստանալուց հետո արդեն տվյալ զինծառայողը կդառնա հիմնադրամի շահառու:
«Այս գործընթացը մեկ օրում կամ մեկ շաբաթում չի կատարվում, սակայն, այո, առաջիկայում մենք կունենանք նաև հաշմանդամություն ունեցող շահառուներ»,- նշել է Վարուժան Ավետիքյանը և վստահեցրել, որ ոչմի շահառու դուրս չի մնա աջակցության ցուցակներից (Մանրամասների համար՝ 1lurer.am )։
Առաջանում է ոչ լրիվ հասկանալի իրավիճակ: Ի՞նչ է նշանակում առայժմ հատուցում միայն զոհվածի ընտանիքին, իսկ հետո նոր միայն վիրավորին, այն դեպքում, երբ պիտի հաշմանդամության կարգ տրամադրվի, պետք է բուժում ստանա և հետո նոր համարվի փաթեթի շահառու համարվի: Գուցե փաստաթղթերով ամեն ինչ տրամաբանական է, բայց բազմաթիվ բացեր կան: Եթե զինվորը պետք է բուժվի, այնուհետև կարգ ստանա, հետո դառնա շահառու ու հետո արդեն տրամադրվի հատուցում, ապա ինչպե՞ս ստանա այն բուժումն ու օգնությունը, որ խնդրում են հենց այդ նույն վիրավորների հարազատները: Ստացվում է, որ պետք է բուժվի, որ փոխհատուցում ստանա, բայց չի բուժվում, որովհետև փոխհատուցում(օգնություն չկա):
Ինչպե՞ս է կատարվում վիրավոր զինվորների բուժումը: ՊՆ-ից հայտնում են, որ արվում է ամեն անհրաժեշտ բան: Ես հասկանում եմ, որ նման ֆորս-մաժորային իրավիճակում գուցե և անհնար է խուսափել վրիպումներից, բացթողումներից ու սխալներից, բայց կարծում եմ, որ հնարավոր է նաև այնպես կազմակերպել, որ նման թյուրըմբռնումներ չլինեն ու մարդիկ անկարող վիճակում չհայտնվե, երբ չգիտեն, թե ում և ինչպես դիմեն:
Գուցե և 1000+ի տրամաբանությունը ենթադրում է հստակ փաստաթղթային աշխատանքներ, բայց այս դեպքում պետք է ավելի ճկուն քաղաքականություն վարել՝ զինվորիներին անտերության չմատնելու հետ կապված: Գուցե հնարավոր լինի փաթեթ մշակել և դեռևս կարգ չստացած բայց վիրավոր զինվորին որոշակի գումարով օգնել մինչև նրա վերջնական կարգավիճակի պարզումը, որը հնարավորություն կտա այդ զինվորներին ու նրանց ընտանիքներին ազատվել այս պահին ունեցած ֆինանսական ծանրաբեռնվածությունից, որը պակաս բեռ չէ, մանավանդ հետպատերազմյան իրավիճակում:
Այս իրավիճակում կարող է նաև օգտակար լինել Համահայկական Հիմնադրամն իր գումարով, կամ գոնե այն 104 մլն ԱՄՆ դոլարը, որը փոխանցվել է ՀՀ կառավարությանը: Այո՛, հայտարարված է, որ այդ գումարը ուղղվելու է նախ և առաջ արցախահայության ամենահրատապ հարցերին, բայց նաև այնպես պետք է անել, որ վիրավոր զինվորները անտերության չմատնվեն: Իհարկե հասկանալի է, որ Ստեփանակերտի ու մյուս ավերված բնակավայրերի արագ վերականգնումը հրատապ հարց է ու անպայման պետք է Արցախի մեր հայրենակիցներին օգնել նախ մի կերպ անցկացնելու ձմեռը, իսկ հետո նաև ձևավորելու մի իրականություն, որը թույլ կտա ապահովել նրանց արժանապատիվ գոյությունն ու վերականգնել ավերված ենթակառուցվածքները, բայց նաև համոզված եմ, որ րոպե առաջ պետք է ինչ որ բան ձեռնարկել վիրավոր ու գերի զինվորների ընտանիքերի համար:
Որպես օրինակ ներկայացնում եմ վիրավոր զինվորիներին օգնելու խնդրանքների մասին մի քանի հայտարարության հիպերհղումներ՝
- ԴԵՊԻ ԼՈՒՅՍ
- Ester Karapetyan:
- Ինձ պետք է այսինչ բանը – Indz petq e aysinch bany:
- armnewse.com
- Oostendse Armeense Gemeenschap – Օսթենդի Հայերի Միություն:
Անհրաժեշտ եմ համարում նշել, որ վերը դրված հիպերհղումներն ու նրանցում գրված տեքստերը կարիք ունեն վերաստուգվելու ու հստակեցվելու՝ թյուրիմացություններից ու խաբեություններից խուսափելու համար: