Հայաստան

Պետություն-հասարակություն-քաղաքացի

Էդմոն Վարդանեան

Պետության կայացմանն ու հզորացմանն ուղղված գործողություններում չափազանց կարեւոր են ե՛ւ անհատ քաղաքացու, ե՛ւ հասարակության կողմից ներդրված ջանքերը, ինչպես միացյալ, այնպես էլ առանձին-առանձին վերցված: 

Ամեն քաղաքացի ինքնին հանդիսանում է հասարակության միկրոհայելին, իսկ ողջ հասարակությունն իր մեջ կենտրոնացնում է իր անհատների միացյալ ջանքերը, եւ որքան կայացած է անհատ քաղաքացին, այնքան ավելի կայուն ու զարգացած է հասարակությունը, եւ հակառակը՝ որքան ավելի կայուն ու զարգացած է հասարակությունը, այնքան ավելի ուժեղ և ինքնավստահ է քաղաքացին:

Այլ կերպ անհնար է:

Իհարկե կան բացառություններ, երբ ուժեղ հասարակությունն ունի թույլ անհատներ, եւ երբ թույլ հասարակության մեջ նկատվում են ուժեղ քաղաքացիներ: Թե մեկ ու թե մյուս դեպքում հնարավոր է ե՛ւուժեղացնել, ե՛ւ թուլացնել, ինչպես անհատին, այնպես էլ հասարակությանը:

Այստեղ երեւան է գալիս պետության գործոնը:

Պետությունը, որպես կազմակերպիչ ու վերահսկող ուժ, պիտի մշտապես ուշադրության կենտրոնում պահի քաղաքացու ու հասարակության համաչափ զարգացումը, որը հնարավորություն կտա մշտապես թարմ ուժերով լիցքավորելու պետական ու հասարարակական բոլոր մարմինները, որոնց համաչափ ու հավասարակշռված աշխատանքի արդյունքը կայացած եւ ուժեղ պետությունն է:

Եթե խախտվում է այս ուղեգիծը, ապա այն վաղ թե ուշ հանգեցնում է ծանրության կենտրոնի՝ բացասական դաշտի տեղափոխմանը, ինչն էլ իր հերթին դանդաղ կաթվածահար է անում պետությանը, հասարակությանը, քաղաքացուն:

Անդրադառնանք այն հարցին, թե ինչո՛վ է պայմանավորված քաղաքացու կողմից պետության կայացմանն ու հզորացմանն ուղղված գործողությունների մոտիվացիան կամ անգործությունը:

Հարցն ըստ իս հիմա առավել քան կարեւոր է, երբ գլոբալիազացիայի հետեւանքով կատարվող ինֆորմացիոն խառնաշփոթը, հասարակական «ակսելերացիան» կարող է ձեւավորել է հիբրիդային հասարակություն և անկայուն քաղաքացի, ով ըստ էության ոչ միայն չի կարողանում ռեալիզանալ անձնական կյանքում, այլեւ դուրս է մնում հասարակական միավորումից ու չի մասնակցում պետականաշինությանը:

«Նոր ճշմարտության համար չկա առավել վտանգավոր ոչինչ, քան հին մոլորությունը»,- ասում էր գերմանացի բանաստեղծ և փիլիսոփա Գյոթեն:

Պետության հանդեպ քաղաքացու վերաբերմունքն ուղիղ համեմատական է հասարակության հանդեպ պետության վերաբերմունքին:

Քաղաքացին կարող է մեծ հիասթափություն կրել ու կորցնել վստահությունը հասարակության եւ պետության հանդեպ եւ, ընդհակառակը, քաղաքացին կարող է իր ամբողջ ուժն ու եռանդը ներդնել պետության կայացման գործում:

Բայց մեր ժամանակների խնդիրներից մեկն էլ այն է, որ շատ հաճախ անհատ քաղաքացիները, որոնք ի վիճակի են հրաշքներ գործելու, մեկուսացված վիճակում են. նրանք չեն հավատում հասարակությանը, չեն վստահում պետությանը, նրանց մեջ հովանավոր ու պաշտպան չեն տեսնում ու գտնում եւ հայտնվում են նեյտրալ դիտորդի կարգավիճակում (ավելի վատ սցենարում քաղաքացին սկսում է գիտակցաբար կամ ենթագիտակցաբար վնասել հասարակությանն ու պետությանը – ավելի լայն շրջանակներում այդ անհատների գործողություններն ավելի հայտնի են «հանցագործություն» տերմինով):

Իրականում սուբպասիոնարության էությունն ավելի խորը արմատներ ունի: Դեռևս Երկրորդ ՀամաշխարհայինՊատերազմից հետո սկսված գիտական ուսումնասիրություններից ոմանք ունեին մի պարզ նպատակ՝ պարզել ազգային, պետական, հասարակական հոգեբանությունը, դրա վրա ազդող գործոններն ու դրանց տանող ուղիների մշակումը:

Ազգագրական եւ սոցիալ-մշակութային-մարդաբանական տվյալները հնարավորություն են տալիս հասարակությանն ու պետությանը տանել ցանկացած ուղիով՝ դրա համար կիրառելով տարբեր տեսակի մանիպուլյացիաներ:

Քաղաքացի-հասարակություն-պետություն եռանկյունու փոխ-համաձայնության ու փոխ-օգնության բացերն ու առավելությունները պարզելը մնում են մի շարք խոշոր ու կենտրոնացված երկրների ուշադրության կենտրոնում:

Հասարակագիտությունն ունի ոսկե արտահայտություն՝ «Ներքեւում չեն ուզում, վերեւում՝ չեն կարողանում»:

Իսկ ինչպե՞ս անել, որ ներքեւում (հասարակություն ու քաղաքացի) ցանկանան, իսկ «վերեւում» (պետական կառավարում) կարողանան:

Այսինքն՝ ինչպե՞ս անել, որ պետության ու քաղաքացու միջեւ կապը լինի ամուր և հաստատ, որ քաղաքացին անշահախնդիր կերպով ցանկանա մասնակից լինել պետության կայացմանն ու հզորացմանը:

Ցավոք այս հարցը ՀՀում ոչ միայն պատշաճ ուշադրության չի արժանացել ցայսօր, այլեւ մշտապես հետին պլան է մղված եղել:

Հանցագործ ռեժիմների առկայությունն ու նրանց գործողությունների հետեւանքով առաջացած ճահիճը նկատելի է եւ այժմ:

Հիմա շարքային քաղաքացին չի հավատում, թե իրեն հնարավորություն է ընձեռնվելու մասնակցել պետականաշինությանը, քանի որ անկախացումից ի վեր քաղաքացին պետության կառավարիչների համար եղել է շահագործման օբյեկտ ու նրա մասնակցությունը պետականաշինությանը, արտահայտվել է միայն նախագահական, խորհրդարանական կամ այլ ընտրությունների ժամանակ, ընդ որում՝ նրան ստիպել են, վախեցրել ու կաշառել:

Նման պայմաններում ՀՀն տասնամյակներ է ապրել ու այժմ հասկանալի է, թե ինչո՛ւ «ներքեւում չեն ուզում»: 

Այն ուժը, որ կկարողանա առաջադրել Հայոց Պետության հզորացման գործին լծակից դարձնելու կարողությունը, կարողունակությունը և հանձնառությունը բոլոր այն անհատների, շրջանակների և խմբավորումների, որոնք փնտրում են իրենց ներուժը լիարժեք նվիրաբերելու ազգային ծառայության այն անսակարկ ու անկաշառ ասպարեզը, որ վեր է հատվածական ու մասնակի շահախնդրություններից, կդառնա մի երեւույթ, որն իր վրա կվերցնի լրացնելու հասարակության, պետության, քաղաքացու կողմից թույլ տրված բացերն ու վրիպումները:

Անշուշտ այս հարցերը մեկ-կամ երկու տարում լուծվող չեն, քանի որ այս անմխիթար իրավիճակը ձեւավորվել է շատ երկար ժամանակահատվածում եւ, ըստ դրա էլ, լուծումը ակնթարթային լինել չի կարող:

Ամեն ինչից բացի, պետք է մշապես հիշել այս ոսկե կանոնը՝

«Պետության համար ամենավտանգավոր երեւույթը բարձր մոտիվացիա ու ցածր որակավորում ունեցող մարդն է»:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *