Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հայրենադարձ գործարար, հասարակական գործիչ Վիգեն Արաբյանի հոդվածը
Վերջերս կարդացի մի հոդված, որ գրված էր մի անձի կողմից, ով Ազգային Ժողովի նախկին պատգամավոր է, իսկ այժմ Հայաստանյան մի խմբի ղեկավար անդամ է, որ արդեն տարիներ է անօրինաբար յուրացնում է դարերից եկած, հայ ժողովուրդի ծոցից ծնված և ժողովրդին հոգեհարազատ <<Հայ Յեղափոխական Դաշնակցություն>> կուսակցության անունը, այն դարձնելով ատելության առարկա Հայաստանի ժողովրդի համար։ Հոդվածում գրված էր, որ Վարչապետ Փաշինյանի կառավարությունը բացարձակ ձախողված է և պահանջում են նրա հրաժարականը։
Վերջին շաբաթների ընթացքում բազմաթիվ կոչեր հնչեցին, կազմելու ազգային միասնության կառավարություն: Այս կոչերով պայմանավորված ստեղծվեցին երկու իրար հակասող կողմեր՝ առաջինը՝ բաղկացած անկեղծ ազգայիններից, որոնք տարիներ շարունակ պայքարել են ազատագրելու ժողովրդին ու երկիրը նախորդ շրջանի բռնատեր իշխանություններից, ազատագրելու ներքին ու արտաքին թշնամիներից, իսկ երկրորդ կողմը նրանք են, որոնք եղել են նախկին իշխանություններից, որոնք շուրջ քառորդ դար երկրի ճակատագրական տարիներին իրենց կեղծած ընտրություններով քանդել են երկիրը, թալանել են իրենց իսկ ժողովրդի նյութական, մշակույթային և ազգային արժանապատվությունը։
Պատմությունը չի կարող մոռանալ, երբ 2016 թ․-ի հուլիսին, Հայաստանում Դաշնակցության անունով խումբը, մեր նորօրյա Գևորգ Չավուշների, Աղբյուր Սերոբների և իրենց զորակցող տասնյակ հազարավոր երիտասարդներին անվանեց ահաբեկիչներ, երբ չէր կարելի անտեսել այն անժխտելի իրականությունը, որ նրանք մաս են կազմել և հետևողականորեն սատարել են «չընտրված» և ապօրինի իշխանություններին, տարիներով գողացել են հայ զինվորներից, դառնալով հազարավոր հայ երիտասարդների անտեղի զոհվելու ուղղակի պատճառ, ինչպես նաև մոռանալ 2016 թ․-ի ապրիլյան պատերազմի օրերի հայրենի պատմական տարածքների կորուստը։ Շշմեցուցիչ է տեսնել, որ այս նույն մարդիկ տարիներով աշխուժ մասնակցել են պետական բյուջեի թալանին, բայց այսօր բողոքում են օրենքով պետական պաշտոնյաներին տրամադրվող հավելյալ վճարների համար, որը ողջունելի է, և ըստ բազմաթիվ մասնագետների, կարևոր միջոց է «կոռուպցիայի» և կաշառակերության դեմ տարված պատերազմի մեջ։ Չենք մոռանում նաև, թե ինչպես 2018 թ․-ի ապրիլին, «թավշյա հեղափոխության» օրերին, այդ նույն «ազգայինները», կոչով դիմեցին ժողովրդին մնալու իրենց տներում և չմասնակցելու ժողովրդային շարժմանը, իսկ վարչակարգի տապալումից հետո, հետևելով օրվա հրամայականին, «բարեփոխվեցին», ողջունեցին ժողովրդի հեղափոխությունը, խոսեցին նոր Հայաստանի մասին, սակայն, երբ կառավարությունից դուրս մնացին, սկսեցին անխնա քարկոծել իշխանությանը, որը շարունակում են մինչ օրս, իսկ այսօր խոսում են «հիասթափության» մասին։
«Ազգայինները» խոսում են նաև պետական «ինստիտուտներ»-ի պահպանման մասին։ Հավատում եմ, որ չկա գեթ մեկ տեղեկացված, գիտակից, ազնիվ հայ մարդ, որի կարծիքով Հայաստանը վերջին 29 տարիներին, անկախության վերակերտումից առ այսօր, ունեցել է կայացած հայկական պետական «ինստիտուտներ»։ 2018 թ․-ի ապրիլին, ժողովրդի պատգամը շատ հստակ էր՝ վերջ տալ պետականությունից զուրկ իշխանությանը և ի վերջո հիմնել իսկական հայկական պետություն։ Նոր իշխանությունը չի կարող կազմաքանդել գոյություն չունեցող պետական «ինստիտուտները», նոր իշխանությունը կարող է միայն ստեղծել նոր՝ իսկական հայկական պետություն։
«Ազգայինները» դժգոհ են, որ իրենց առաջարկները, համագործակցության կոչերը մնացել են անպատասխան, որ իրենց ձայնը չի լսվում։ Չեմ հավակնում լինել քաղաքականության մասնագետ, բայց կա մի անժխտելի ճշմարտություն՝ քաղաքական որրևէ ուժ իր ձայնը վաստկում և ստանում է ժողովուրդից, նույն ժողովրդից, որին ինքը կոչված է ծառայելու։ Վկա Հ.Յ .Դաշնակցության 130 տարվա պատմությունը, վկա «Հանրապետական կուսակցություն» անվան տակ գործող խմբի այսօրվա իրավիճակը։ «Ազգայիններ»-ին ուղղված ժողովրդի պատգամը շատ հստակ է՝ Դուք մերժված եք, Ձայն չունեք, Դուք շահագործել եք Դաշնակցության 130 տարվա վաստակը, անձնվեր հիշատակն ու գործը, այն բազում դաշնակցական ազգայինների, որոնք դարերի ընթացքում ծառայել են ազգին ու հայրենիքին։ Դուք Հայաստանի մեջ ոչնչացրել եք ազգային մեծագույն արժեք ներկայացնող իմ սիրելի կուսակցության վարկանիշը, որի սփյուռքյան կառույցների մեջ, բարեբախտաբար, տակավին շարունակում են ծառայել իսկական նվիրյալ դաշնակցականներ։ Դուք խլել եք Հայրենիքի ներսում իսկական Դաշնակցության կայանալու իրավունքը, բայց վստահ եղեք, որ պիտի գա պայծառ մի օր, երբ այն պիտի վերընձյուղվի և կայանա հայրենիքի հողի վրա և ծառայի Հայ ժողովրդին։
Ինչ վերաբերվում է իսկական ազգային ուժերին, այսինքն բոլոր նրանց, ովքեր անկեղծ մտահոգ են երկրով ու ժողովրդով, ովքեր պայքարում են նախկին հանցագործ վարչակարգի կողմից նյութապես սնվող լրատվամիջոցների տարածած պատերազմի դեմ, ուզում եմ իմ անվերապահ մասնակցությունս հայտնել և միանալ ազգայինների կոչերին՝ միավորել մեր ազգի զավակներին, ներառյալ Սփյուռքի ամբողջական ներուժը, համախմբելու մեր ուժերը, կազմելու «ազգային միասնության կառավարություն», բաղկացած բացառապես հեղափոխության համար պայքարած ազգային ուժերի և մասնագետների, Հայաստանի 28 տարվա պատմության ընթացքում, առաջին անգամ լինել, ժողովրդի ընտրյալ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ գործող կառավարության կողքին, դուրս բերելու երկիրը այս դժվարին իրավիճակից, և համբերությամբ, քար առ քար, կառուցելու մեր երազանքների հայրենիքը։
Դժվարանցանելի է մեր ճանապարհը. Համատեղենք մեր ուժերը. Կասկած չունեմ, որ հաղթելու ենք։
Վիգեն Սերոբի Արաբյան
07 Հունիս 2020
Երևան, Հայաստան (ներառյալ Արցախը)