Սփիւռք

ԻՍԿ ԻՆՉՈ՞Վ ԵՆՔ ԶԲԱՂԱԾ ՄԵՆՔ…

ԷԴՄՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Սփյուռքի հայ գաղթօջախներին վերաբերվող հարցերը միշտ առանձնահատուկ դեր ու տեղ են ունեցել մեր կյանքում: Ավելորդ չի լինի ևս մեկ անգամ վերհիշել, որ հայկական սփյուռքն այսօր հզորագույն ուժ է, որի ճիշտ կիրառումն աննախադեպ հաջողություններ կբերի: Հասկանալով ու ընդունելով սփյուռքի գաղթօջախների գոյության ու պահպանման ողջ անհրաժեշտությունն ու կարևորությունը, պետք է հատուկ շեշտել, որ այդ գաղթօջախները որքան որ ուժեղ են և կենսատու, այնքան էլ կարոտ են Հայաստանի Հանրապետության իրական ու շոշոփելի օգնության ու օժանդակության:

Լավագույն օրինակը, որ այսօր աչքի առաջ ունենք Լիբանանի հայության ծանր դրությունն է: Տնտեսական խորը ճգնաժամում հայտնված Լիբանանն այսօր ի վիճակի չէ իր քաղաքացիների առաջ կատարելու իր պետական պարտավորությունը, և դա էլ ավելի է սրվում տարածաշրջանի անկայունությամբ պայմանավարված: Եվ այստեղ հստակ երևում է հատկապես հայ համայնքի ծանր դրությունը, որ դժբախտաբար գնալով ավելի ու ավելի անելանելի է դառնում:

Լիբանանի հայերն այս դրությունից ազատվելու համար ստիպված են լինում մեկնել արևմուտք՝ ԱՄՆ ու Եվրոպա: Կորոնավիրուսով պայմանավորված՝ այդ խնդիրն ավելի է բարդանում և միակ իրական օգնությունը, որ կարող է ու պետք է ցուցաբերի, դա Հայաստանի Հանրապետությունն է:

Լիբանանի հայերի խնդիրն իր տեսակով առաջինն ու միակը չէ:

Ինչպես 2016թ. իր հոդվածում նշել է Գևորգ Սարյանը. «Ոչ մեկ սփյուռքյան օճախ, կկրկնեմ՝ ՈՉ ՄԵԿ, ապահովված է Հնդկաստանի………….Սուրիոյ գաղութներու ճակատագիրէն: Ճակատագիր, որ մերը չէ, ճակատագիր՝ որուն վրա ազդելու ոչ մեկ լծակ ունինք, քանի որ ամեն տեղ ջնջին փոքրամասնություն ենք, իսկ ճակատագրային որոշումները միայն մեծամասնություններուն համար կառնվին»:

Այս տողերը, որ գրված են սիրիահայերի աղետալի վիճակը նկարագրելու համար, այժմ համապատասխանում են նաև լիբանանահայերին: Եվ իրոք, 2016թ. երբ արդեն վեցերորդ տարին էր, ինչ Սիրիան այրվում էր պատերազմի ու դրա հետևանքերի մեջ, սիրիահայերը հայտնվեցին խիստ ծանր դրության մեջ: Բավական է միայն հիշել Քեսապում կատարվող իրադարձությունները:

Սիրիահայ գաղութն այժմ գրեթե ավերված է, նրանց մի մասն իր ծախքով, մյուս մասն էլ ՀՀ օգնությամբ հաստատվեց Հայաստանում, մի մեծ մաս մեկնեց արևմուտք, և մենք նորից կորցրինք հայրենադարձության մի մեծ ու կարևոր հնարավորություն:

Սիրիահայերի մի մասը եկավ, բայց գալով չազատվեցին շատ խնդիրներից: Այստեղ եկողները մինչև հիմա էլ բախվում են լեզվական, տնտեսական բարդությունների: Շատերը դեռ իրենց միջոցներով են փորձում կեցություն ապահովել և նրանց մեծ մասի բնակության խնդիրը լուծված չէ:

Այս խնդիրն ավելի ցայտուն է դառնում, երբ տեսնում ենք, որ լիբանանահայերն այսօր հայտնվել են ծանրագույն դրության մեջ ու եթե այսպես շարունակվի, նրանք կկիսեն սիրահայերի ճակատագիրը:

Իսկ ինչո՞վ ենք զբաղված մենք: Ինչո՞վ է զբաղված հայ հասարակությունը, երբ իր եղբայրների մի մասն այսօր դառը օրեր է քաշում Լիբանանում:

«Անընդհատ կկրկնենք, որ զորավոր սփյուռք ունենալը առավելություն է: Ես պիտի ըսեմ, որ ապահով, զորավոր ՏՈՒՆ-ՀԱՅՐԵՆԻՔ ունենալը միակ հրամայականն է»,- նշում է Գևորգ Սարյանը: Եվ հիմա լավ առիթ է, որ մենք իրապես հասկանանք այս բառերում ամփոփված ողջ ճշմարտությունը: Մենք պիտի հասկանանք, որ հայերին սպառնացող վտանգը՝ անկախ նրանից, թե դա Սիրիայում է, Լիբանանում, Հնդկաստանում, թե մեկ այլ տեղ, դա հարված է ամբողջ հայ ազգին: Եվ ինչպես, որ մենք ցավում ենք մեր ընտանիքում տեղի ունեցած խնդիրների համար, այնպես էլ պիտի ցավենք ու անհանգստանանք ամեն մի հայի համար, աշխարհի որ ծայրում էլ նա լինի:

Պետք է նշել, որ առաջնահերթություն է լուծել ՀՀ տեղափոխվող հայրենակիցների բնակության ու կեցության հարցերը(բնակարան տրամադրել, դրամական և նյութական օժանդակություն ցուցաբերել), միջոցներ փնտրել վերացնելու համար արևմտահայ և արևելահայ հատվածների միջև գոյություն ունեցող լեզվական բացը, բացել արևմտահայերենով ուսուցանվող դպրոցներ և այլն

Մենք պիտի հասկանանք, որ չկա դրսի ու ներսի հայ, չկա հայաստանցի, արցախցի, կամ լիբանանցի: Կա հայ ժողովուրդ, որն ապրում է աշխարհի տարբեր երկրներում: Եվ մեր նպատակը պիտի լինի, որ հայը աmենուր ապահով ու պաշտպանված լինի: Դա այն դեպքում, երբ հասկանանք, որ ամեն հայ մեր եղբայրն է, ու ամեն հայ մեր մեծ ընտանիքի մի անդամն է, մեր մեծ տան մեկ սյունը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *