Տիգրան Դավթյան
Համաշխարհային պատմության վկայությամբ 1918-22 թվականների ընթացքում Հայաստանը պատել է երկու համաճարակ՝ Բծավոր Տիֆը (typhus, 1918-22 թթ, հիմնական կենտրոնը Ռուսաստան) և Իսպանական Գրիպը (Spanish flu, 1918-20 թթ, աշխարհում հնձել է ավելի քան հարյուր միլիոն մարդու կյանք): Նորանկախ Հայաստանի պետությունն իր բազում դժվարությունների կողքին դիմագրավել է այս ահռելի արհավիրքը:
Առաջին հանրապետության վարչապետներից Սիմոն Վրացյանն այս առթիվ իր «Հայաստանի Հանրապետութիւն» գրքում գրում է.«…Հացի, բնակարանների, հագուստի և դեղերի պակասն ու գաղթականութեան խռնւածութիւնը առաջ բերին ու զարգացրին համաճարակ հիվանդութիւններ, սկզբում քոլերան, ապա բծաւոր տիֆը, որի գերանդին առատ հունձ էր անում ամէն կողմ: Տուն չկար, որ հիւանդ չունենար: Հիւանդները թափւած էին ե՛ւ փողոցներում ու հրապարակներում:
Միայն յունիս ամսի 12-18-ին Երևանի զինւորական հիւանդանոցը ընդունւել էին 370 հիւանդներ, որից մեռել էր 142 հոգին, առողջացել՝ 25: Օգոստ. 28-29-ին հիւանդանոցում կային 197 հիւանդներ, մեռան 17 հոգի: Զինւորական հիւանդանոցից դուրս, մասնաւոր բժիշկների տեղեկություններով օգոստ. 12-29-ին, Երևանում, մեռել էր 56 մարդ և հիւանդացել 157:
Այս դեռ սկիզբն էր երկանց: Հապճեպով պատրաստւած հիւանդանոցներն անզօր էին իրական դարման հասցնելու. դեղ չկար, վառելիք չկար, սնունդ չկար, սպիտակեղէն չկար: Եւ մարդիկ մեռնում էին անմռունչ, հարիւրներով, հազարներով: Ժողովուրդը սպառւում էր վառւող մոմի պէս… Օգոստոսի 21-ին ամբողջ Հայաստանը յայտարարւեց քոլերայի կողմից վտանգւած և Հայ. Խորհրդի բժշկա-սանիտարական մասնաժողովը վերածւեց վարակիչ հիւանդութիւնների դէմ մաքառող բոլոր հիմնարկութիւնների վրա հսկող ամենաբարձր մարմնի» («Հայաստանի Հանրապետութիւն», Ս. Վրացեան, էջ 191-193):
Անցնող մեկ դարվա ընթացքում մոլորակը տեսել է տաս համաշխարհային և յոթանասուն տեղական վարակներ, որոնցից անմասն չի մնացել նաև Հայաստանը: Այժմ մեր երկրին պատած COVID- 19 համաճարակի ֆոնին ներկայացնում եմ Հայաստանի Խորհրդի (1918-1919 թթ.) հաստատած օրենքներից, որոնք «Խօլերայի դէմ կռւելու մասին» են:




