սոց ցանց

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀՐԱՊՈՒՐԻՉ ԼԻՆԵԼ

 ՀՐԱՉ ՉԻԼԻՆԿԻՐԵԱՆ

Հայրենի «Առաջին լրատուական»ը հարցազրոյց մը ունեցած է Օքսֆորտ համալսարանի արեւելագիտութեան ամբիոնի դասախօս, հասարակաբան եւ սփիւռքագէտ դոկտ. Հրաչ Չիլինկիրեանի հետ: Զայն կը վերահրատարակենք իր շահեկանութեան համար:

– Դեռեւս 2017-ին դուք ասում էիք` Սփիւռքի մեծամասնութիւնը հետաքրքրուած չէ Հայաստանով: Հիմա, երբ Հայաստանում արդէն երկու տարի է յեղափոխութիւն է տեղի ունեցել, որքանո՞վ է Սփիւռքում Հայաստանով հետաքրքրուողների շրջանակը մեծացել: Արդեօք այդ հետաքրքրութեան մեծացումը յանգեցրե՞լ է Սփիւռքից ՀՀ վերադառնալ ցանկացողների թիւի աւելացմանը:

– Հայաստանի անկախացումից յետոյ Սփիւռքը, ընդհանուր առմամբ, ակնկալում էր, որ հայրենիքը ժողովրդավար եւ բարգաւաճ պիտի լինի, որ Հայաստանը կ’ունենայ արդարութեան եւ հաւասարութեան նուազագոյն չափանիշներ, թերեւս իտէալիստական թուացող սպասումներ: Անկախութեան առաջին տարիները անցումային շրջան էին, եւ շատ բացթողումների հանդէպ Սփիւռքը որոշ չափով հասկացողութիւն ցուցաբերեց: Բայց հետագայ տարիների զարգացումները բաւական դիւրախաբ եւ անընդունելի էին: Փտածութիւնը, անարդարութիւնը եւ անհաւասարութիւնը հասարակութեան համար քանդիչ երեւոյթներ դարձան: Այս պատկերի կամ շրջագծի մէջ էր, որ Սփիւռքը հետզհետէ սկսեց չհետաքրքրուել Հայաստանով: Թաւշեայ յեղափոխութիւնը, անցեալի համեմատ, արմատական փոփոխութիւն բերեց, եւ Սփիւռքի համար Հայաստանի հետ նոր յանձնառութիւն ներշնչող շրջան սկսուեց:

Թաւշեայ յեղափոխութիւնը մեծ վերափոխման ենթարկեց Սփիւռքի վերաբերմունքը Հայաստանի հանդէպ: Սփիւռքի հետաքրքրութիւնը Հայաստանի նկատմամբ լրիւ փոխուեց, եւ այդ յեղափոխութեան օրերին Սփիւռքը զանգուածաբար հետեւում էր զարգացող իրադարձութիւններին: Անգամ որդիս, որ այդ ժամանակ 10 տարեկան էր, դպրոցից գալիս ու հարցնում էր` պապ, ի՞նչ եղաւ Հայաստանում: Այսինքն` լրիւ նոր շունչ ու նոր երանգ բերեց յեղափոխութիւնը: Դրանից յետոյ Հայաստանի հանդէպ շատ դրական կեցուածք առաջացաւ եւ նոր հետաքրքրութիւն դէպի Հայաստանը: Անշուշտ, ամէն ինչ կատարեալ չէ Հայաստանում, բայց կարող եմ ասել, որ Սփիւռքի տեսանկիւնից, Հայաստանի բոլոր խնդիրների առումով, ներկայ վիճակը շատ աւելի նախընտրելի է, քան անցեալում էինք տեսնում: Այսինքն` պէտք է արձանագրել, որ Սփիւռքի համար էլ «յեղափոխութիւն» տեղի ունեցաւ, որպէսզի Սփիւռքի տարբեր կազմակերպութիւննէր, անհատներ նոր տեսանկիւնից նայեն Հայաստանին, վերահաստատեն իրենց շփումները Հայաստանի հետ եւ, ինչու ոչ, նոր կ’ամուրջնէր ստեղծեն ՀՀ-ի հետ: Մանաւանդ որ երիտասարդ սերունդը այսօր շատ աւելի հետաքրքրուած է Հայաստանով, որովհետեւ այդ յեղափոխութիւնը, այդ փոփոխութիւնը իրենց սրտին մօտ է:

– Նոր իշխանութիւնը մտածում է հայրենադարձութեան մասին օրէնք մշակելու շուրջ եւ այդ ուղղութեամբ աշխատանքներ է իրականացնում: Մասնաւորապէս, արտօնութիւններ կսահմանի ՀՀ ներգաղթողների համար` հիփոթեքային վարկի, աշխատանքով ապահովելու հետ կապուած: Ձեր կարծիքով` կայ՞ նման օրէնքի անհրաժեշտութիւն, եւ կարո՞ղ է այն գայթակղել մեծ թուով մարդկանց տեղափոխուելու Հայաստան:

– Այստեղ մի քանի հարցեր կան: Նախ` սփիւռքահայը արդէն իրաւունք եւ հնարաւորութիւն ունի ՀՀ-ի քաղաքացիութիւն ստանալու, որը մեծ նուէր է սփիւռքահայերի համար: Սա արդէն հնարաւորութիւն կը տայ սփիւռքահային օգտուելու բոլոր օրէնքներից եւ պաշտպանուելու ինչպէս իւրաքանչիւր ՀՀ-ի քաղաքացի: Այլ հարց է, որ ինչպէս պէտք է օգնել կամ աջակցութիւն ցուցաբերել այն սփիւռքահայերին, որոնք գաղթական են կամ գալիս են այնպիսի երկիրներից, որտեղ ահռելի տնտեսական անկում կայ, կամ մնայուն քաղաքական մաշեցնող խնդիրներ: Այս գործօնը նիւթական օժանդակութեան հարց է, օրինակ, վարկերի տրամադրում եւ այլն: Ի հարկէ, դա լաւ է, որ նման հնարաւորութիւններ լինեն, բայց, ըստ իս, դա խնդիրը լրիւ չի լուծի` եթէ նկատի ունենանք այսօրուայ Միջին Արեւելքի կացութիւնը: Բանն այն է, որ այսօր ընդհանրապէս Միջին Արեւելքից գաղթում է միջին դասակարգը, այսինքն` նոյնիսկ տեղափոխուելու համար որոշ գումար է պէտք` օդանաւի տոմսեր, ճամփորդութեան ծախսեր եւ այլն:

Այսինքն` այնպէս չէ, որ օրէնք ընդունելով` սփիւռքահայը միանգամից կարող է գալ ու հաստատուել Հայաստանում: Օրինակ` այսօր ահռելի աղքատութիւն կայ Լիբանանում, եւ ժողովուրդը անգամ, կարող եմ ասել, սովամահ լինելու վտանգի առջեւ է կանգնած: Հիմա, եթէ Լիբանանում հայկական ընտանիքներ կան, որոնք ուզում են Հայաստան գալ, ինչպե՞ս պէտք է գան: Մարդը երեխաների հաց գնելու փող չունի, որտեղի՞ց փող հայթայթի ընտանիքով Հայաստան տեղափոխուելու համար:

– Դա, ըստ էութեան, Հայաստանի պետութիւնը պէտք է հոգա՞:

– Կամ պետութիւնը, կամ ուրիշ ձեւերով, օրինակ, միջազգային կազմակերպութիւններ, կամ միջպետական նիւթական ներդրումներով: Ասածս այն է, որ ներգաղթի տարբեր տեսակներ կան: Հայրենադարձութիւնը մի բան է, գաղթականութիւնն ուրիշ բան է: Կարող է մէկը Ֆրանսիայում կամ Ամերիկայում շատ լաւ պայմաններ ունենայ եւ որոշի, որ փոխադրւում է Հայաստան: Սա հայրենադարձութիւն է: Կամ, ինչպէս երկրորդ համաշխարհային պատերազմից յետոյ` 1946-1949 թուականներին, հայրենադարձութիւն կազմակերպուեց Սովետական Հայաստանի կառավարութեան նախաձեռնութեամբ: Այդ ժամանակ մարդիկ ստիպուած չէին, փողոցներում չէին մնացել, իրենց կեանքն ունէին, բայց որոշեցին Հայաստան վերադառնալ: Այսինքն` հայրենադարձութիւնը մի թեմա է, իսկ գաղթականներին Հայաստանում տեղաւորելը լրիւ այլ խնդիր է: Օրինակ` եթէ ուզենանք Լիբանանից 5 հազար հայ ընտանիք փոխադրել Հայաստան, ենթադրում եմ, որ եթէ ամէն մի ընտանիքի համար 20 հազար տոլար հաշուես, ապա 100 մլն տոլարի կարիք կը լինի: Սփիւռքն ի վիճակի չէ նման գումարներ տալու, բոլորս դրամահաւաքների ժամանակ տեսնում ենք, որ եթէ 10 մլն տոլար հաւաքւում է, դա մեծ գումար է համարւում: Ես չեմ կարծում, որ այսօր Հայաստանն այդ նիւթական պայմաններն ունի, որ նման բարդ խնդիր լուծի Սփիւռքի համար: Օրինակ` ըստ մեր ուսումնասիրութիւնների` առաջիկայ 5 տարիների ընթացքում Լիբանանի հայութեան գրեթէ 60 տոկոսը մտադիր է Լիբանանից հեռանալ:

Հիմա արդէն Լիբանանի հայ համայնքը շատ է նօսրացել, մօտ 40 հազարն է մնացել, եւ համայնքից, վստահաբար, դեռ արտահոսք լինելու է: Ասեմ, որ շատերը մտածում են հէնց Հայաստան գնալու մասին, որովհետեւ վիզայի խնդիր չունեն, այլ դիւրութիւններ կան: Այսօր եթէ Հայաստանում պետական մակարդակով լրջօրէն մտածեն այս հարցի շուրջ, կարեւոր գործօններից մէկը բնակարանների հարցն է: Կարող են, ասենք, 5 հազար ընտանիքի համար շէնքեր կառուցեն, թէկուզ ոչ Երեւանում, եւ ասեն` դուք այստեղ կարող էք մէկ տարի անվճար կամ քիչ վարձով մնալ: Այսինքն` պէտք է մոդելներ գտնել, որ այս մարդիկ կարողանան իրենց կեանքը վերականգնել Հայաստանում: Այստեղ պէտք է հաշուի առնել նաեւ, որ եթէ դու 5 հազար ընտանիքի համար բնակարաններ ես կառուցում, այդտեղ քանի հազար մարդ կարող է աշխատել, եւ սա էլ ներդրման ձեւ է: Նաեւ տարիների ընթացքում այդ հազար ընտանիքը Հայաստանի բնակչութեան դրական աճին կնպաստի: Եթէ Հայաստանն իր առջեւ նպատակ դնի, որ 100 մլն տոլարի ներդրում է հարկաւոր այս ծրագրի համար, որպէս 3-5 տարիների պետական ծրագիր, բնականաբար, այդ գումարը տնտեսութեան մէջ շրջանառուելու է, աշխատատեղեր են ստեղծուելու: Բացի դրանից` այդ 5 հազար ընտանիքը, որ տեղափոխուելու է Հայաստան, իրենք իրենց հերթին աշխատելու են, ինչը եւս աշխուժացնելու է տնտեսութիւնը: Ասելիքս այն է, որ մենք պէտք է ծրագրուած մօտեցում ունենանք եւ համոզուենք, որ փոքր գումարներով կամ համայնքային նուիրատուութիւններով հնարաւոր չէ նման ծրագիր իրագործել: Բացի դրանից` մենք անընդհատ պէտք է երկխօսութեան մէջ լինենք ու զգանք այն մարդկանց զարկերակը, որոնց օգնում ենք: Այսօր որեւէ մէկը լրջօրէն հարցրե՞լ է իրաքահայերին կամ սիրիահայերին, կամ լիբանանահայերին, թէ ինչ կարիքներ նրանք ունեն: Շատերն ասում են` մեզ աշխատանք տուէք, մնացածը մենք կանենք: Բայց միւս կողմից Հայաստանի հասարակութիւնն էլ աղքատութիւն մէջ է, աշխատանքի խնդիր ունի, եւ դրանով հարցը բարդանում է, քանի որ Հայաստանում էլ մարդիկ կան, որոնք այն վիճակում են, ինչպիսին Լիբանանում ապրողների վիճակն է: Եւս մի հարց կայ. եթէ Հայաստանն օգնի, որ սփիւռքահայերը Հայաստան տեղափոխուեն եւ նրանց աջակցի, Հայաստանի հասարակութիւնն էլ կարող է ասել` բա մեզ ինչո՞ւ չէք օգնում, մենք էլ կարիքներ ունենք: Այնպէս որ, ամէն ինչ մտածուած եւ երկարաժամկէտ հայեացքով պէտք է լինի:

– Հայաստանում մեկնարկել է «ի գործ» ծրագիրը եւ արդէն նշւում է, որ 100 սփիւռքահայ մասնագէտներ աշխատանքի կանցնեն պետական կառավարման համակարգում: Ծրագրի համաձայն` հրաւիրող կողմը կը հոգայ ճանապարհի ու կեցութեան ծախսերը: Դուք ի՞նչ կարծիք ունէք այս ծրագրի վերաբերեալ:

– Ես կարծում եմ, որ սքանչելի ծրագիր է Սփիւռքի հետ կամուրջն ամրապնդելու համար, որ սփիւռքահայերը գան Հայաստան, մօտիկից ամէն ինչ տեսնեն, աշխատեն, ապրեն այստեղ ու իրենց գիտելիքները, փորձը բերեն Հայաստան: Սա լաւ առիթ է, որ Հայաստանի պետական համակարգն օգտուի նման հնարաւորութիւններից: Վստահաբար, այդ 100-ից ոմանք կ’որոշեն մշտական մնալ, հաստատուել Հայաստանում: Կորոնաւիրուսի համաճարակից յետոյ, ես կարծում եմ, որ, քանի որ Հայաստանը փոքր երկիր է եւ որոշ սահմանափակումներ ունի, այս համաճարակից յետոյ կարող է շատ գրաւիչ երկիր լինել շատերի համար: Արեւմտեան երկրներում մտահոգութիւններ կան, որ կեանքը դեռեւս իր նախկին իրավիճակին չի վերադառնալու, գործազրկութիւն կայ, տնտեսական ահռելի անկում կայ, եւ հնարաւոր է տարիներ պէտք լինեն այդ երկրներին ոտքի կանգնելու համար: Հետեւաբար` ես կարծում եմ, որ սփիւռքահայերի համար Հայաստանը կարող է հրապուրիչ լինել: Յատկապէս մարդիկ, որոնք որոշ նիւթական կարողութիւններ ունեն դրսում, կարող են աշխատանքներ ստեղծել եւ շատ լաւ ապրել Հայաստանում: Այսինքն` համաճարակից յետոյ պատկերը կարող է փոխուել:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *