Հայաստան

Մի ընդդիմության պատմություն- մաս 2

ԱԼԵՔ ԴՈՒՐՅԱՆ

ՀՀ քաղաքական դաշտի անկայուն ու հեղհեղուկ իրավիճակն իր ավարտը գտավ 2003թ.-ին, երբ համընդհանուր քաոսը իր տեղը զիջեց ՀՀԿ-ին, որն էլ իսպառ վերացրեց «Ընդդիմություն» կոչվածին: ՀՀԿ-ն դառնալով իշխանություն, բարոյազրկեց գրեթե բոլոր ուժերին, որոնք հանդես էին գալիս կամ նրա կցորդի(խոսքը գնում է կոալիցիաների մասին, երբ ըստ էության ՀՀԿ քաղաքական գործընկեր կուսակցություններն ընդամենը լեգիտիմացնում էին նրա մենիշխանությունը), կամ էլ անուժ ընդդիմության դերում: Թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում այդ կուսակցությունները ոչ մի որոշիչ դեր չունեին և չէին էլ կարող ունենալ: Օրենսդիր կորպուսը, Գործադիր ու Դատական իշխանությունները սեփականացրած ՀՀԿ-ն փաստացի հարց դրեց, թե ընդհանրապես ընդդիմություն կա՞, կարո՞ղ է գոյություն ունենալ, թե դրանք միայն միջազգային դիտորդների աչքին թոզ փչելու համար են, որ Հայաստանում քաղաքական գործընթացները գնում են բոլոր նորմերին համապատասխան:

Հանուն արդարության նշենք, որ իրենց ընդդիմադիր հռչակած կուսակցությունները, որոնց գործելաոճը, տեղն ու դերը փոխվում էին անընդհատ, այդպես էլ չկարողացան իրենց ռեալիզացնել քաղաքական դաշտում, նրանք չընդունվեցին նաև ժողովրդի կողմից, քանի որ գրեթե բոլոր ուժերը հասցրել էին հեղինակազրկվել՝ մասնակցելով տարբեր մութ, կասկածելի գործարքների: Ու եթե ժողովրդի որոշ հատվածներ էլ մասնակցում էին այս կամ այն ուժերի կողմից կազմակերպվող ցույցերի կամ նման քաղաքական միտինգների, ապա դրա միակ և հիմնական պատճառը իշխանության հանդեպ դժգոհությունն էր, այլ ոչ թե ընդդիմադիր կուսակցության ծրագիրը կամ գաղափարախոսությունը: Իսկ իշխանության հանդեպ դժգոհությունն էլ նշանակում էր դժգոհություն կոնկրետ մեկ մարդուց՝ այդ կուսակցության «տիրոջից», ով կուսակցության միջոցով տիրացել էր իշխանության լծակներին ու անում էր ինչ ուզում էր, ու այդ ամենը ներկայացվում էր որպես քաղաքական գործընթաց: Դա շատ լավ գիտեին նաև ընդդիմության ներկայացուցիչները:

Մեծ խնդիր հասունացավ նաև ծրագրային առումով: Ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը արդեն չէին ներկայացնում որևէ քաղաքատնտեսական ծրագիր, բնապահպանական գործողությունների նպատակ կամ մի նման բան: Մարդիկ չէին դժգոհում սոցիալ-դեմոկրատական կամ ասենք ազգային-պահպանողական ուղղություններից, նրանք դժգոհում էին կոնկրետ անձանցից ու կուսակցություն կոչվող խմբերից, որոնք իրենց հետ խոսում էին դժվար տերմինաբանությամբ ու մարդկանց փորձում էին դեմոկրատիա պարտադրել այն դեպքում, երբ երկրում աղաղակող ավտորիտարիզմ էր ու դա արտահայտվում էր հատկապես խորհրդարանում: Եվ մարդկանց արձագանքը բնական էր. Ինչպե՞ս ու ինչո՞ւ հավատալ մի բանի, որը գոյություն չունի:

Բնական է, որ այս ամենը չէր կարող հավերժ շարունակվել ու 2018թ. ի վերջո երեսունամյա զայրույթը արտահայտվեց հեղափոխության կամ իշխանափոխության միջոցով(անվանեք ինչպես կուզեք, բայց դա մեծ տարբերություն չունի): Մարդիկ էլի դուրս եկան փողոց ոչ թե գաղափարապես Նիկոլ Փաշինյանի քաղաքատնտեսական ծրագրին կողմ լինելով, այլ որովհետև հասցրել էին լիովին հիասթափվել ՀՀԿ-ից էլ, նրա գործելակերպից էլ: Նրանք գնացին ոչ թե հանուն Նիկոլ Փաշինյանի, այլ ընդդեմ Սերժ Սարգսյանի: Կարող է թվալ, թե ընդամենը բառախաղ է, բայց իրականում շատ մեծ տարբերություններ կան այդ բառերի արանքում ու մի ամբողջ դարաշրջան բնորոշող նրբություններ:

Բայց մեր խնդիրն այժմ ոչ թե 2018թ. վերլուծելն է, այլ փորձել հասկանալ, թե այսօր 2020թ. Հայաստանում ընդդիմություն կա՞ թե ոչ: Այն կուսակցություններն ու անհատները, ովքեր ընդդիմադիր են, իրո՞ք ընդդիմություն են, թե պարզապես դեպքն այդպես է բերել:

Երբ ուսումնասիրում ենք այսօրվա քաղաքական դաշտը, տեսնում ենք, որ մի մեծ տրանսֆորմացիա է տեղի ունեցել: Առաջ ժողովուրդը չէր հավատում իշխանություններին, ընդդիմությանը, նրանց ծրագրերին ու ըստ էության դեմ էր բոլորին, բայց ինչ որ մեկն ընտրվում էր, որովհետև այդ ինչ որ մեկն ավելի ուժեղ ու ճարպիկ էր: Հիմա ժողովուրդը(կամ գոնե նրա մեծ մասը) սպասելիքներ ունի ներկայիս իշխանություններից, իսկ ընդդիմությունը՝ոչ: Նրանք ընդդիմադիր են, որովհետև դեպքն այդպես է բերել: Ընդդիմության կեցվածքը ոչ թե գաղափարական է, այլ մի տեսակ նեղացած ու վրդոված, կես-պախարակված, կես-ամոթահար: Այսօրվա ընդդիմությունը ընդդիմություն է զուտ այնքանով, որ դա պետք է իրենց քաղաքական ոճին, հավատացնում եմ, որ իշխանություն դառնալուց հետո անգամ ամենածայրահեղ ձախերը վերածվելու են կատաղի աջերի, այնպես որ առօրեական խնդիրները ուռեցնելով ու դա համազգային ողբերգություն ներկայացնելով այսօրվա ընդդիմադիրները շարունակում են մնալ նույնքան անդեմ, նույնքան անուժ, ինչքան որ առաջ էր:

Հանուն արդարության նշեմ, որ ինչպես առաջ, հիմա ևս կան անհատներ, շարժումներ, որոնք իրավացիորեն են քննադատում և՛ իշխանությանը, և՛ ընդդիմությանը, բայց նրանք շատ փոքր տոկոս են կազմում և ըստ էության որոշիչ չեն:

Այն ընդդիմադիր հոսանքները, որոնք փորձում են ինչ որ կերպ հարվածել իշխանության հեղինակությանը, դատապարտված են անհաջողության հիմնականում այն պատճառներով, ինչպես օրինակ այն, որ նրանց դերակատարները կա՛մ նախկին իշխանությունների ներկայացուցիչներն են, կամ նրանց գործընկերներն ու գործակատարները: Ընդդիմությունը Հայաստանում աչքի չի ընկում ոչ մի կառուցողական նախաձեռնությամբ կամ գործելաոճով, նրանք միայն առարկում են առաջնորդվելով «դեմ լինելը ճիշտ է» սկզբունքով: Նրանք շարունակում են հեղինակազրկել «ընդիմություն» եզրույթը:

Այսօր Հայաստանում չկա ավելի խայտաբղետ մի բան, քան հայկական ընդդիմությունն է: Հայկական ընդդիմության գործողությունները իշխանություններից «վրեժ» լուծելու երազանքներից այն կողմ չեն գնում,  իսկ ներսում ընդդիմությունը պառակտված է փոխադարձ մեղադրանքներով, սկանդալներով ու ինտրիգներով: Այս հեղհեղուկ իրավիճակը միայն խորացնելու է ներքաղաքական ճգնաժամը, մանավանդ որ իշխանությունները ևս մեծ փորձով ու նրբանկատությամբ աչքի չեն ընկնում և մոռանում են կամ չեն ուզում նկատել, որ շատ շատերը նստած հաճույքով հաշվում են նրանց վրիպումներն ու բացթողումները:

Ամփոփելով հայկական բազմաչարչար քաղաքական դաշտի վերլուծությունը՝ կարելի է հստակ ենթադրել միայն մի բան՝ Հայաստանում այսօր իշխանությունը փորձ չունի, ընդդիմությունը ՝ կամք: Այս իրավիճակի երկարատև շարունակումը նորից հանգեցնելու է քաղաքական արտահայտված ճգնաժամի ու ժողովուրդը կրկին հայտնվելու է շփոթված հարսնացուի կարգավիճակում, որին միաժամանակ առաջարկություն են անում ու դավաճանում բոլոր փեսացուները:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *