Արայիկ Մկրտումյան
Ես կցանկանայի, որ ամեն մեկը ով զինվորի սնունդը լավացնելը պոպուլիզմ է համարում, տեսներ, թե ինչպես էինք մենք տասը տարի առաջ սրտխառնուքներս զսպելով ուտում մեզ տրված զիբիլը, օձ որսում, կամ խոտ ծամում, կամ ուղղակի սոված քնում։ Բայց կա մի բան, որ կցանկանայի ավելի շատ․ կուզեի, որ էս փիլիսոփաները նույն ագահությամբ ուտեին էն ինչ մենք։
Բանակի սննդի հարցով էնքան պիտի խոսեմ, մինչև որոշ մարդկանց գլուխը մտնի քաղաքական պոպուլիզմի ու կուշտ զինվորի տարբերությունը։
Էս վերջերս էլի ինչ որ մարդիկ բողոքում էին, որ զինվորների սնունդը լավացնելը պոպուլիզմ է, քաղաքական ռեկլամ ու նման բաներ: Մի պահ հիշեցի, թե իմ զինվոր ժամանակ ինչ էին տալիս ուտելու ու հիմա շատ ուրախ եմ, որ մեր զինվորները էն ստորացուցիչ վիճակում չեն, ինչ որ իմ ծառայության ժամանակ էր:
Մի քանի օրինակ բերեմ, որ անտեղյակ, մունաթ ու դժգոհ մարդիկ հասկանան ու զգան տարբերությունը:
Էն ժամանակ
Շատ քիչ է եղել, որ մենք սեղանից վեր կենանք կուշտ: Այո՛, մի՛ զարմացեք, մենք սոված մտնում էինք ճաշարան ու կիսաքաղց դուրս գալիս: Ու դա մեծագույն խայտառակություն էր:
Սննդի որակի մասին խոսել անգամ չարժե, թե ինչքան վատն էր: Ոչ թե վատն էր, այլ շատ դեպքերում զզվելի էր, ոմանք ուտել անգամ չէին կարողանում այդ փչացած կարտոֆիլն ու թթված կաղամբը, սևացած սոխն ու նեխած ձուն: Անհնար էր ուտել լեշի հոտ արձակող միսը (հուսով եմ երբեք առիթ չեք ունենա սատկած, սառեցված ու դաղված յուղով եփած միս ուտելու):
Ձեզնից ոչ ոք դա չէր ուտի։
Էն ինչ մատուցվում էր, որպես փլավ, սովորաբար խաշած մակարոնի համասեռ զանգված էր, այլ կերպ ասած խմորագունդ, որը նախ ուտելն էր տհաճ ու հետո՝ մարսել չէինք կարողանում (Ով զինվոր է եղել, կհասկանա, թե ինչ է նշանակում կայուն փորացավ, փորկապություն ու լուծ ունենալ, երբ դու հրամանի տակ ես):
Բորշչ կոչվածը բաղկացած էր թթու կաղամբով եփած ինչ-որ զզվելի ջրիկ հեղուկից, դա սովորաբար չէինք ուտում, ու որոշ ենթասպաներ դա տանում տալիս էին խոզերին (Սպաների մի մասը խոզ էր պահում, որոնց կերակրում էին մեր հաշվին):
Հացը երբեք չէր հերիքում: Գիտե՞ք ինչ ես զգում, երբ տեսնում ես, որ 18-25 տարեկան տղաները սկսում են իրար ձեռքից մի կտոր հաց փախցնել: Դուք գիտե՞ք, թե ինչ էինք մենք զգում, երբ էլի ինչ որ մեկին անգամ մի կտոր հաց չէր հասնում, իսկ դուք ասում եք պոպուլիզմ: Պոպուլիզմը դա էր, երբ մարդիկ միլիոններ էին դիզում, իսկ զինվորները իրար հետ կռվում էին զուտ մի կտոր հացի համար: Ու որ դու էլ պիտի կռվեիր, որ սոված չմնայիր: Զոռբաներն ու լավ տղերքը երեք կտոր հաց էին ուտում, իսկ խեղճերը՝ ոչինչ: Դա նորմա՞լ էր:
Սահմանապահ զինվորը քնում էր քաղցած դա լա՞վ էր։ Դա՞ էր ձեր ուզածը։ Է բա փոխեիք, բա մի բան անեիք։ Դուք ի՞նչ գիտեք, թե սոված զինվորն ինչ սրտով է պառկում քնելու։ Թե՞ քեֆից քեֆ զինվորի կենաց խմելով ձեր պարտքը զինվորի առաջ կատարված էր համարում։
Մեր միակ քաղցրավենիքը խտացրած կաթն էր, որ 10 հոգուն մի տուփ էլ չէր հասնում, ու մշտապես որդնած շաքարավազը, երբ արդեն կատակով ասում էինք, որ պեսոկը մսով է, որովհետև մեջը ավելի շատ մրջյուն ու միջատ կար, քան շաքարավազ:
Գիտե՞ք ինչ ես զգում, երբ ապուրն ուտելիս հանկարծ մարմնովդ սարսուռ է անցնում, երբ նկատում ես գդալիդ մեջի որդերին: Երբ չգիտես էդ պահին գոռաս ու հենց նույն ափսեով ջարդես ճաշի պատասխանատուի գլուխը, թե լռես, որովհետև կողքիդ զինվորի հույսը միայն դա է ու ուտում է, որովհետև դեռ չի նկատել, կամ էլ չի ուզեցել նկատի: Որովհետև փող չունի, որ երեկոյան թեյարանում մի բան ուտի, որովհետև գիտի, որ մինչև հաջորդ առավոտ ուտելու առիթ չի լինելու:
Գիտե՞ք քանի հոգու տղամարդկային արժանապատվություն է գետնով տրվել, երբ մի անկյունում կուչ են եկել ու հասկացել, որ իրենց էլի ուտելու ոչինչ չի հասնի:
Գիտե՞ք քանի հոգի է կորցրել մարդկային դեմքն ու դիմացինին հայհոյելով մի գդալ շաքարավազ փախցրել, ու որ հետո շատերը իրար դեմքի նայել չէին կարողանում, որովհետև ամաչում էինք, թե էս ինչ ենք դառել:
Բայց չէ որ բոլորս տներից էինք եկել ու մեզ սովորեցրել էին, որ ամենից կարևորը սեփական արժանապատվությունն ու դիմացինի հանդեպ հարգանքն է: Իսկ մեզ էն օրին հասցրին, որ երեք հոգու համար նախատեսված ջրիկ պյուրեն ստիպված տասը հոգով պիտի ուտեինք ու կշտանայինք, այո, հրաման կար, որ կշտացեք ու վերջ:
Գիտե՞ք քանի անգամ իրար գլուխ բացեցին թեյնիկով ու փորձեցին գդալով աչք հանել, որովհետև անընդհատ քաղցած մնալով ինչքան վատ գծեր ունեինք ջրի երես ելավ ու մենք արդեն նման չէինք էն մարդկանց, ովքեր մտել էին զորամաս:
Չէ դուք իրո՞ք պոպուլիզմ եք համարում զինվորի սնունդը լավացնելը: Գիտե՞ք, որ ճաշարանի պետերն ու թիկունքային ծառայողների մի մեծ մաս զբաղված էր մեր խեղճ օրաբաժինները ծախելով:
Գիտե՞ք ինչ է նշանակում, երբ տոննաներով կարտոֆիլ էինք դատարկում ու մի շաբաթ հետո էլի փչացած կաղամբ էին տալիս, որովհետև պահեստը դատարկ է, որովհետև կարտոֆիլ չկա, չգիտենք ուր է, ինչու էսքան արագ վերջացավ:
Գիտե՞ք, որ ճաշարանից էնպիսի զզվելի հոտ էր գալիս, որ մենք մեզ կենդանի էինք զգում, որ նման գարշահոտության մեջ պիտի հաց ուտեինք:
Ասում են պոպուլիզմ, ախր ձեզ ինչ ասեմ։
Նորմա՞լ էր, որ հոսպիտալում պառկած էինք ու հինգ օր միայն թեյ էինք խմել, որովհետև ռեզինը մսի տեղ չկարողացանք ուտել: Ու որ ստիպված մեր ընկերներին կամ տնեցներին ենք խնդրել, որ կամ ուտելիք ուղարկեն կամ փող:
Ես քաղաքական հարցերի չեմ խառնվում, բայց հաստատ գիտեմ, մենք չպիտի էդ օրին հասնեինք, որ սովից օձ բռնենք ուտենք, որովհետև մի տականքի ծնունդ մեր մի ամսվա ուտելիքը տարել իր կրպակում վաճառել էր, ու մեզ միայն թեյ էին տալիս ու քրջիկ կոչվածը, որը վերջում իրենց խոզերին էր հասնում:
Ախր դուք էլ եք մարդ, տեսնում եք է, տեսնում։
Ես շնորհակալ եմ իշխանությանը, որ գոնե էդ հարցը լուծեց, թեկուզ և մասնակի, բայց լուծեց, ու որ ջուր պղտորողներ քիչ լինեն, հուսով եմ ավելի նորմալ կլինի:
Ու հիշեք, ինչպես ասում էր Բոնապարտը՝ «Էն ժողովուրդը որ չի ցանկանում կերակրել իր բանակը, ստիպված կլինի կերակրել ուրիշի բանակը»:
Հ.գ. Իմ համար մեկ է՝ անձամբ ով կնստի վարչապետի աթոռին։ Ինձ պետք է, որ սահմանի զինվորը սոված չմնա ու նա հիմա սոված չէ՛։ Կարող էիք, դուք անեիք։ Եթե զինվորին հաց տալը պոպուլիզմ է, ուրեմն կեցցե՛ն պոպուլիստները։ Թող նոր զենքեր առնեն, թող հայկական բանակը դառնա մոլորակի թիվ մեկը, թող իշխանությունն էլ պոպուլիստ լինի։