26.4 C
Yerevan

Կուսակցությունն իրեն դաժան քննա­դա­տության ենթարկո­ղին ոչ թե գտնում ու պատժում էր, այլ նրա քննա­դա­տությունը հրա­պա­րա­կում էր իր պաշտո­նա­թերթում

ՆՈՐԱՅՐ ՄԵԼՔՈՄ ՄԵԼՔՈՄՅԱՆ

Անդրա­դարձ

Կարդա­լով Հ․Յ․Դ․ Բյուրո­յի հայտա­րա­րությունը‘ Հ․Յ․Դ․ հիմնադրման 130-ամյա­կի առի­թով Հ․Յ․Դ․ շարքե­րից հեռացված կամ հրա­ժարված բոլոր նախկին դաշնակցա­կաննե­րին ներե­լու եւ շարքե­րում նրանց վերընդունե­լու մասին‘ երկար ժամա­նակ չէի կարո­ղա­նում դադա­րել դրա մասին մտո­րե­լուց։

Վերջում համոզվե­ցի, որ ՀՅԴ Բյուրոն էլ ճիշտ չի հասկա­նում, թե հատկա­պես վերջին տասնամյա­կում կուսակցության շարքե­րից դուրս հայտնվածնե­րի ճնշող մեծա­մասնությունը ի՞նչ պատճառնե­րով է հեռա­ցել կամ հեռացվել, եւ թե ինչո՛ւ է անհա­վա­նա­կան, որ ներկա պայմաննե­րում, նրանք ցանկա­նան կուսակցությա­նը վերանդա­մակցել։ Լավ չի պատկե­րացնում, թե կուսակցությունը, հատկա­պես Հայաստա­նի կազմա­կերպությունը, արդեն վաղուց ինչպի­սի՛ վիճա­կում է գտնվում*։ Իսկ եթե այդ բոլո­րը պատկե­րացնում ու հասկա­նում է, և կա վերա­փո­խե­լու ազնիվ ցանկություն, ապա արդյոք դրա համար անհրա­ժեշտ ուժն ու խիզա­խությունն իր մեջ գտնո՞ւմ է‘ դեռ մի կողմ թողած հաջո­ղե­լու հավա­նա­կա­նությունը։

Ծանր, շատ ծանր է կուսակցության վիճակն այսօր։

Հ․Յ․Դ․ գաղա­փա­րա­խո­սությունից տակավ առ տակավ խոտո­րե­լով‘ նրա հավա­տո հանգա­նա­կի հիմե­րը կազմող ժողովրդա­վա­րա­կան եւ ընկերվա­րա­կան սկզբունքնե­րը համարյա իսպառ մոռա­ցության տալով, կազմա­կերպա­կան կանոննե­րը ոգե­զուրկ‘ ի չարս օգտա­գործե­լով եւ տասնամյակնե­րի ընթացքում ձեւա­վորված Դաշնակցա­կան բարո­յա­կա­նությունը խաթա­րե­լով, կուսակցության ՙընտրված՚ մարմիննե­րը, ինչպես արևմտա­հա­յե­րե­նով է ասվում, քիչ մը ամեն տեղ դադա­րել են ղեկա­վարներ լինե­լուց ու վերածվել ինքնարտադրող իշխա­նություննե­րի, իսկ ըստ կարգի իրենցից հաշվա­ռու, իրենց ուղղություն տվող եւ իրենց ընտրող ժողովնե­րին, ժամա­նա­կի ընթացքում հետև­ո­ղա­կան ներգործությամբ, վերա­ծել են առա­վե­լա­պես բովանդա­կա­զուրկ ծեսե­րի։

Կուսակցության համար այսօր կուրծք ծեծողներն ու կոկորդ պատռողնե­րը թող ասեն‘ այդպես չէ՛, որ կուսակցությունը ժողովրդա­վա­րա­կան է, եւ որ պարկեշտության պահպանմամբ՝ ամեն կուսակցա­կան տեղին կարող է ցանկա­ցած հարցի մասին իր մտքերն անկաշկանդ արտա­հայտել, ընդհուպ‘ կուսակցա­կան ժողո­վում հաշվե­տու մարմնին սուր քննա­դա­տել‘ առանց խորթ վերա­բերմունքի արժա­նա­նա­լու, պիտա­կա­վորվե­լու, մեկուսացվե­լու: Որ՝ նրանց չեզո­քացնե­լու գործին չեն լծված կուսակցա­կան իշխա­նություննե­րի ՙհա­վա­տա­րիմնե­րը՚, ովքեր հետեւում են, լսում, զեկուցում, որ ՙհա­կա­դաշնակցա­կաննե­րը՚ հանկարծ իշխա­նա­փո­խություն չիրա­կա­նացնեն։

Սրանք Դաշնակցությա­նը նվիրվա­ծությունը շփո­թում են կուսակցության իշխա­նություննե­րին նվիրվա­ծության հետ։ Ինչպես իմ երջանկա­հի­շա­տակ դաստիա­րակնե­րից մեկն էր ասում‘ ՙմարդու մարդիկ են՚։

Իսկ նման պայմաննե­րում միտք չի դրսեւորվի, ո՜ւր մնաց քննա­դա­տա­կան միտք, ինչն անհրա­ժեշտ պայման է եղա­ծից դասեր քաղե­լու և ճիշտ որո­շումնե­րի հանգե­լու համար։

Մշտա­պես ճիշտ եղողնե­րի համար սեփա­կա­նից բացի այլ մտքե­րի արծարծումը ո՜չ անհրա­ժեշտ է, ո՜չ էլ հաճե­լի, հատկա­պես քննա­դա­տա­կան մտքի դրսև­ո­րումը, ինչն արդեն վտանգա­վոր է‘ անա­թե­մա։

Իրենք արդեն ճիշտ են, ուստի եւ‘ անում են ամե՜ն ինչ իրենց ճշտի շարունա­կա­կա­նությունը ապա­հո­վե­լու համար- Ճիշտ ուղղություն, այդ ուղղությունը պահող ճիշտ մարդիկ ու այդպես շարունակ…

Հեղա­փո­խություննե­րի դարն անցած համա­րողնե­րը, ընկերվա­րությունը հարցա­կա­նի տակ առնողնե­րը, ժողովրդա­վա­րությունը ծանա­կողներն ու ուժեղ ձեռքի ջատա­գովնե­րը, ովքեր ՙիրա­տե­սությունը՚ դրոշ դարձրած մի կողմ են դնում Դաշնակցության գաղա­փա­րա­կան սկզբունքներն ու բարո­յա­կան ըմբռնումնե­րը, այսօր տիրա­կան են կուսակցության մեջ։

Այդպիսի՛ն է նրանց հայե­ցո­ղությունը եւ վերա­բերմունքը թե՛ պետությա­նը, եւ թե՛ կուսակցությա­նը վերա­բե­րող հարցե­րի նկատմամբ։ Իսկ նրանց ՙսխալ եք անում՚ ասողնե­րը բացա­սա­կան վերա­բերմունքի են արժա­նա­նում, պատժվում‘ ընդհուպ հեռացվում կուսակցությունից։

Վերջնարդյունքը‘

- Ինքն իրեն ժողովրդա­վար համա­րող կուսակցություն, որում ընդդի­մա­խոս եւ ընդդի­մա­խո­սություն չկա, դրանք լավ չեն ընդունվում, չեն հանդուրժվում։ Ժողովրդա­վա­րությունը վերածվում է ընկերՙա՚վարության‘ գործը համա­խոհ, վստա­հե­լի ընկերնե­րով (ախպերնե­րով) փոխնի­փոխ վարե­լուն։

Ընդդի­մա­խո­սությա­նը արժեք տալու Դաշնակցության‘ իմ գիտե­ցած բարձրա­կե­տը Հրայր Դժոխքի քննա­դա­տա­կան նամա­կի‘ ՙԴրօ­շա­կի՚ մեջ հրա­պա­րա­կումն է։

Հայ ժողովրդին անմնա­ցորդ նվիրված անմա­հա­նուն այս դյուցազնը ՙՀնչակ՚ին և ՙԴրօշակ՚ին 1895 Մայի­սի 2ին ուղարկած նամա­կով իր տեսա­կետներն է հայտնում հայ հեղա­փո­խության մասին և իր վերա­բերմունքը դրսեւո­րում Հնչակյան եւ Դաշնակցա­կան կուսակցություննե­րի, նրանց գործունեության եւ միմյանց նկատմամբ պահվածքի հանդեպ։

Տեսե՜ք, թե մեկիկ-մեկիկ ծանրա­գույն ինչպի­սի մեղադրանքներ է նա ուղղում այդ կուսակցություննե­րին։ Ի տես եւ ի լուր (անշուշտ իր կարծի­քով) նրանց թույլ տված սխալնե­րի, որքան անխնա՛ դատա­պարտում է ու խարա­զա­նում նրանց։ Որքա՜ն մերկա­ցումներ է անում, ամո­թանքի սյունին գամում ու ի՜նչ լուտանք է թափում նրանց գլխին…

Կշշմե՜ք։

Ապա՝ տեսե՜ք, թե ի՛նչ բարձունք է նվա­ճում ՙԴրօ­շակ՚ը, որ, ի տարբե­րություն ՙՀնչակ՚ի, ամբողջությամբ տեղ է տալիս նամա­կին նույն թվա­կա­նի հուլի­սին լույս տեսած իր համա­րում։

Որքան գիտեմ, սրա­նից հետո է, որ Հրայրը անդա­մագրվում է ՀՅԴ-ին։

Եւ ինչու՞ զարմա­նալ։

Կուսակցությունն այդ ժամա­նակ իրեն դաժան քննա­դա­տության ենթարկո­ղին ոչ թե գտնում ու պատժում էր, այլ նրա քննա­դա­տությունը հրա­պա­րա­կում էր իր պաշտո­նա­թերթում։

Գաղա­փա­րա-բարո­յա­կան հզո­րության ինչպի­սի՜ դրսև­ո­րում։

Հիմա քննա­դա­տողնե­րին վերանդա­մակցության են հրա­վի­րում‘ նրանց ՙնե­րե­լով՚, իսկ Դաշնակցության անմի­տում փառա­կերտման ժամա­նակնե­րում նրանց անդա­մակցության առջև դուռ էին բացում‘ նրանց քննա­դա­տություննե­րը ի լուր հանրության հրա­պա­րա­կե­լով։

Ո՛ւր էինք, ո՜ւր հասանք։

Հ․Յ․Դ․ Բյուրո­յի հայտա­րա­րության հետ կապված‘ բացատրվե­լու կարոտ է մնում նաև այն, որ եթե ՙներվում՚ են կուսակցությունից հեռացվածներն ու հրա­ժարվածներն այն պայմա­նով, որ շարքե­րից դուրս գտնված ժամա­նակ Դաշնակցության դեմ չեն գործել, ապա ի՞նչ վերա­բերմունքի են արժա­նա­նա­լու շարքա­յին այն կուսակցա­կաննե­րը, որոնք մեղանչե­լով Դաշնակցության գաղա­փա­րա­կան սկզբունքնե­րի ու բարո­յա­կան ըմբռնումնե­րի դեմ, Դաշնակցության ծրագրի, ասել է թե նույն ինքը‘ Դաշնակցության դեմ են գործում։

* Այս նախա­դա­սության գրառման ավարտին հիշե­ցի Լիբա­նա­նի երբեմնի վարչա­պետ Ռաֆիք Հարի­րիի հետեւյալ արտա­հայտությունը‘ «Եթէ մէկը ձեզի ըսէ, թէ ինք Լիբա­նա­նի խնդիրնե­րը լաւ հասկցած է, կը նշա­նա­կէ, որ իրեն լաւ չեն բացատրած…»։

Կարդացե՛ք նամա­կը՝ Hrayr.pdf

Առնչվող Հոդվածներ