սոց ցանց

«Համաներում» հայտարարողը Դաշնակցությունը չէ, այլ նրա անունը յուրացրած ղեկավարությունը

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի որոշումով ՀՅԴ շարքերից հեռացված մտավորական, ՀՅԴ գաղափարախոս Նազարեթ Բերբերյանի հետ։

Պարոն Բերբերյան, ՀՅԴ Բյուրոն կուսակցության 130 ամյակի կապակցությամբ համաներում է հայտարարել բոլոր այն նախկին դաշնակցականների նկատմամբ, որոնք հեռացվել կամ հրաժարվել են ՀՅԴ շարքերից։ Ձեր շրջապատում կա՞ն նախկին դաշնակցականներ, որոնք հեռացվել կամ հրաժարվել են ՀՅԴ շարքերից։ Ձեր շրջապատում կա՞ն նախկին դաշնակցականներ, որ պատրաստվում են համաներվել։

Դաշնակցականների «նախկին»-ը չի լինում։ Ձեզ թյուրիմացության մատնողը Հ․Յ․Դ․ Բյուրոյի «համաներման» հայտարարությունն է, որ «նախկին կուսակցականներ» բառակապակցության փոխարեն «նախկին դաշնակցականներ» է գործածում։ Ամեն դեպքում, իմ շրջապատում «համաներման դիմում» գրելու պատրաստվող Հ․Յ․Դ․ նախկին կուսակցականներ չկան։

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը վստահ է, որ շատ դիմողներ կլինեն, իսկ կընդունեն միայն նրանց, որոնք «Դաշնակցության որոշումների, հռչակած քայլերի դեմ խափանարար գործունեություն չեն ծավալել»։ Ձեզ տեսնո՞ւմ եք նրանց շարքում։

Արմեն Ռուստամյանը չգիտի՞, թե ինչի մասին է խոսում, մանավանդ երբ Հ․Յ․Դ․ Բյուրոյի նախագահի իր հանգամանքով հավակնում է կուսակցության շարքերը վերընդունելու միայն այն դիմորդներին, որոնք իբր «Դաշնակցության որոշումների, հռչակած քայլերի դեմ խափանող գործունեություն չեն ծավալել․․․»։

Ես ոչ միայն ինձ չեմ տեսնում «նրանց շարքում», այլև դաշնակցականի հասցեին հեգնական ու վիրավորական եմ համարում նման հայտարարությունը, որի հեղինակը իր պաշտոնակիցներով և գերադաս թե ստորադաս գործակիցներով ԻՐԵ՛ՆՔ «ծավալել են Դաշնակցության որոշումների, հռչակած քայլերի դեմ խափանարար գործունեություն»։

Ավելի՛ն, անձնապես ես չեմ ընդունում, դաշնակցականորեն չեմ ընդունում Հ․Յ․Դ․ շարքերից ինձ հեռացնելու այս «Հ․Յ․Դ․ Բյուրոյի» որոշման ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ իրավականությունը. առ այդ՝ նույնիսկ չեմ բողոքում այդ որոշման դեմ, որովհետև չեմ ճանաչում օրինականությունը որևէ «Բյուրոյի», որ դաշնակցականին հեռացնում է նրա հրապարակած ու պաշտպանած գաղափարների համար։

Պարոն Բերբերյան, ի վերջո, ինչո՞ւ Դաշնակցությունը դիմեց այս քայլին։ Շատերն են լքում կուսակցությունը և հիմա ցանկություն կա նրանց հետ բերելո՞ւ։

Չեմ ուզեր ինքս կրկնել. «համաներում» հայտարարողը Դաշնակցությունը չէ՛, այլ նրա անունը յուրացրած կուսակցությունը, ավելի ճիշտ՝ այս վերջինիս ղեկավարությունը։ Թե ի՞նչ նպատակ են հետապնդում նման քայլով, ժամանակը կտա ճիշտ պատասխանը, թեև հիմա էլ բացահայտ է և պարզ ու հստակ, որ շատերը լքել են կուսակցությունը և, բնականաբար ու հասկանալիորեն, հեռացողները որևէ պատճառ չունին ետ գալու․․․

«Համաներում» հայտարարողները իրենք ալ «ցանկություն» չունեն «գլխացավ» հետ բերելու, բայց անկասկած ցանկություն ունեն խաբելու և կուսակցության շարքերի մեջ պահելու այսօրվա այն դաշնակցականներին, որոնք հետևում են և համակրում հեռացած կամ հեռացված դաշնակցականներին։

Պարոն Բերբերյան, ՀՅԴ-ն պահանջում է կառավարության հրաժարականը, նաև նոր խորհրդարանական ընտրություններ։ Դուք ինչպե՞ս եք այս հայտարարություններին վերաբերվում։

Ընդհանրապես լուրջ չեմ ընդունում միայն անունով, բայց ո՛չ գաղափարական բովանդակությամբ Հ․Յ․Դ․-ն սեփականաշնորհած այս կուսակցությունը, իսկ կառավարության հրաժարականին կամ խորհրդարանական նոր ընտրությունների վերաբերյալ կուսակցության հայտարարությունները պարզապես հուսահատական ճիգեր են՝ քաղաքական լուսանցք քշվածի վիճակից դուրս գալու և դարձյալ քաղաքական խաղադաշտ մտնելու նպատակով։

Աղբյուրը՝ Lragir.am

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *